ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՌԵՐԵՍՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու Մոսկվայում այսօր կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այդ միջոցառմանը մասնակցելու է նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը՝ նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ այս միջոցառման շրջանակներում նախատեսված են նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի առանձնազրույցները երկու երկրների նախարարների հետ: Իսկ խոսակցության հիմնական թեման վերաբերելու է Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ստեղծված վիճակին, այդ համատեքստում նաեւ քննարկման առարկա կարող են դառնալ սահմանային վերջին միջադեպերը: Ի դեպ, պատահական չէ նաեւ նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ-ն իր հերթին, ԵԱՀԿ ՄԽ-ն իր հերթին հրադադարի ռեժիմը խախտելու համար հասցեական քննադատել էին Ադրբեջանին:

 

 
Երեւանում քրեական երկու հեղինակությունների նկատմամբ ծրագրված մահափորձի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դաձել: Ինչպես հայտնի է՝ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի, եւ Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի նկատմամբ: Սակայն այս մահափորձը կանխել են իրավապահները. ոստիկանությունը բացահայտել ու ձերբակալել է հանցավոր խմբավորմանը: Ձերբակալվածները խոստովանել են, թե ովքեր են եղել իրենց թիրախում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ նրանց պատկանող հեռախոսների մեջ են եղել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի, եւ Արամ Վարդանյանի լուսանկարները, ինչը ըստ էության առավել հիմնավոր է դարձրել այն տեղեկությունները, որ վերոնշյալ անձանց նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել: Նաեւ պարզեցինք, որ ձերբակալված անձինք Վանաձոր քաղաքի բնակիչներ են, թե ովքեր են նրանք, իրավապահներն առայժմ գաղտնի են պահում: Մեզ լուրեր հասան նաեւ, որ իրավապահ համակարգը երեկվա դրությամբ խիստ հսկողություն է իրականացնում նաեւ ձերբակալված անձանց մտերիմների անվտանգությունը ապահովելու համար, որ հետագայում բանը չհասնի վրեժխնդրության:

 

 
Հիշում եք՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, չնայած հորդառատ անձրեւին, քաղաքապետարանի հանձնարարությամբ ինչպես էին ջանասիրաբար ասֆալտապատվում մայրաքաղաքի փողոցները: Բայց ընտրությունների ավարտից հետո, երբ անձրեւները պակասեցին, ավարտվեց նաեւ մայրաքաղաքի ասֆալտապատման գործընթացը: Ընդ որում, այդ աշխատանքներն ավարտվել են շատ տեղերում կիսատ. փորված փոսերն այդպես էլ չեն լցվել ասֆալտով: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նման փաստերի ականատես է եղել Կոմիտասի պողոտայում, Լենինգրադյան փողոցում եւ այլն: Այս իրավիճակն ամենեւին էլ պատահականություն չէ. ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսների արդյունքում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին հաջողվեց ստանալ ընտրությունների մասնակիցների 70 տոկոսի քվեն, ու բնական է, որ այսքանից հետո այնքան է մեծամտացել, որ թքած ունենալով մայրաքաղաքի խնդիրների վրա՝ անցել է իշխանության բարիքները վայելելուն: Մեկնաբանությունների համար երեկ դիմեցինք քաղաքապետարանի լրատվության վարչություն, բայց մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

 

 

 
Հողային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որ հավանության էր արժանացել կառավարության՝ մայիսի 18-ի նիստում, սպառնում է լուրջ դիմադրության արժանանալ: Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում քաղաքացիությունը դադարեցնելուց 1 տարվա ընթացքում մարդը պարտավոր է օտարել գյուղատնտեսական նշանակության սեփականություն համարվող հողը: Հակառակ դեպքում պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով կատարվում է հարկադիր վաճառք, ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական սեփականության: Մինչ այդ, նկատենք, որ պաշտոնական տվյալներով՝ միայն այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու որոշում է կայացրել 1190 մարդ, որոնք համապատասխան դիմում են ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն: Այսինքն՝ սա վերջին քայլն է՝ ՀՀ քաղաքացիներին վերջնականապես երկրից վռնդելու մասով:

 

 
ԱՆԿՈՏՐՈՒՄ
Երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո երեկ համաներմամբ կալանավայրից ազատ արձակվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Նա, հիշեցնենք, վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ խարդախության եւ խարդախության փորձի մեղադրանքով: Վոլոդյա Ավետիսյանը այն եզակի ազատամարտիկներից էր, ով 2012 թվականից սկսած՝ հետամուտ եղավ ազատամարտիկների սոցիալական խնդիրների բարձրաձայնմանը: Նա տարբեր բողոքի ակցիաներ կազմակերպեց, որոնք հետզհետե ավելի մարդաշատ եւ ընդգրկուն դառնալու միտում ունեին: Սակայն ազատամարտիկի նկատմամբ հարուցվեց արդեն հայտնի մեղադրանքը, եւ նա մեկուսացվեց պայքարի թատերաբեմից:
Նկատենք, սակայն, որ Վոլոդյա Ավետիսյանի սկսած պայքարն անհետեւանք չանցավ. նրանից հետո ազատամարտիկների խնդիրների մասին բարձրաձայնումները շատացան, եւ կառավարությունը ստիպված եղավ որոշակի բարեփոխումներ կատարել: Դրան զուգահեռ, սակայն, կանխազգալով ազատամարտիկների սոցիալական խնդիրների հետ կապված բողոքի ուղղորդման վտանգավորությունը՝ իշխանությունների հրահանգով, որոշ դեպքերում էլ՝ կոնկրետ քաղաքական ուժերի հովանավորությամբ, բացվեցին տարբեր միություններ եւ կազմակերպություններ, որոնք հայտարարեցին, թե հետամուտ են լինելու ազատամարտիկների խնդիրների լուծմանը: Թե ինչով ավարտվեց այդ միությունների «պայքարը», հայտնի է բոլորին: Մի քաղաքական ուժից մեկ այլ քաղաքական ուժի տանիքի տակ տեղափոխվող ազատամարտիկները, որոնք ժամանակին ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, այսօր գրեթե բոլորը տարբեր պատճառներով, սակայն միանգամայն համերաշխ լռում են. անգամ երբ խոսքը վերաբերում է ազատագրված տարածքների հանձնմանը:
Եվ այս առումով Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակումը կարող է իշխանության համար վերածվել նոր գլխացավանքի: Երեկ ազատամարտիկի արած հայտարարությունները, որոնցում նա հայտնում էր իր անփոփոխ տեսակետը գործող իշխանության եւ անձամբ Սերժ Սարգսյանի մասին, ցույց տվեցին, որ երեք ու կես տարվա բանտարկությունը որեւէ կերպ չի ազդել ազատամարտիկի սկզբունքների վրա: Եվ բավականին տխուր էր այն, որ Վոլոդյա Ավետիսյանը կալանավայրից դեռ նոր դուրս եկած՝ խոսեց կորսված 800 հա տարածքների եւ Արցախին հարակից շրջանները հանձնելու անթույլատրելիության մասին, իսկ ահա բազմաթիվ «պագոնավոր արյուն թափածները» այս մասին վաղուց արդեն մոռացել են:
Վոլոդյա Ավետիսյանի ազատ արձակումը նաեւ մեկ այլ նրբերանգ ունի՝ կապված ընդդիմադիր դաշտ տեղափոխված, սակայն վերջերս անգամ այնտեղից անհետացած ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի հետ, ում թեթեւ ձեռքով էլ, ըստ էության, երեք ու կես տարով լռեցվեց Վոլոդյա Ավետիսյանի ձայնը: Ազատամարտիկը երեկ արդեն հիշեցրեց մոռացողներին, թե ով էր Սեյրան Օհանյանը մինչ պաշտոնից զրկվելը:




Լրահոս