«Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ԳՅՈՒՂԱՑՈՒ ԱՊՐԱՆՔԸ ՎԱՃԱՌԵ՞ՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները մշտապես բարձրաձայնում են գյուղացիների հոգսերի մասին, կոչ անում, որպեսզի գյուղերի բնակիչները չանտեսեն իրենց հողերը եւ զարկ տան հողագործությանը: Հատկապես վերջին կոչին անհաղորդ չեն մնում նաեւ բարձր պաշտոններ զբաղեցնող չինովնիկները եւ հանրապետության տարբեր մարզերում հիմնում են ջերմոցներ՝ այդ կերպ խլելով շատ գյուղացիների ապրուստի միակ միջոցը: Անկախ բարձրագոչ հայտարարություններից՝ կյանքը ցույց է տալիս, որ գյուղացու հոգսը չի թեթեւանում: Գյուղացիները չեն դադարում բարձրաձայնել, որ մթերքներ իրացնելու ժամանակ բախվում են խնդիրների, եւ հաճախ մթերումն ուղղակի անհնար է լինում:

Ինչո՞վ է այս պարագայում զբաղվում գյուղատնտեսության նախարարությունը եւ ինչպե՞ս է օգնում գյուղացիներին.
«Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն է:
-Պարո՛ն Առաքելյան, ամեն տարի գյուղացիները բողոքում են, որ չեն կարողանում իրացնել իրենց բերքը: Նման դեպքերում հայտարարվում է, որ ծրագրեր են մշակվում, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, բայց որեւէ առաջընթաց չի նկատվում: Մինչեւ ե՞րբ է այսպես շարունակվելու:
-Կան շատ խնդիրներ, որոնք լուծված չեն համակարգային, մենք պետք է համակարգային լուծում տանք: Ուղղակի լուծում տալ սիտուատիվ, դա սխալ է: Դրա համար հիմա ծրագրեր ենք մշակում եւ գործիքներ, որոնցով ժամանակաշրջանի ընթացքում խնդիրները կամաց-կամաց կնվազեն: Կլինեն այլ խնդիրներ, բայց ավելի քիչ սոցիալական, ավելի շատ բիզնես խնդիրներ, ըստ այդմ էլ կտրվեն լուծումներ:
-Ի վերջո, ե՞րբ է գալու այդ ժամանակաշրջանը, որ խնդիրները նվազեն:
-Հիմա մենք մեր ծրագրերը կազմում ենք, որը շատ բարենպաստ միջավայր կստեղծի գյուղատնտեսության մեջ, դրանից հետո կտեսնենք, թե ինչպես է գյուղատնտեսության ոլորտն իրեն զգում, եւ ինչ խնդիրներ են մնում բաց, եւ ըստ այդմ էլ ծրագրերը կմշակենք: Բայց միշտ էլ կլինեն խնդիրներ, ուղղակի միշտ պետք է մոնիտորինգ անել եւ խնդիրների լուծումներին համապատասխան ծրագրեր մշակել:
-Երբ գյուղացիները սկսում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել գյուղմթերքի իրացման պատճառով, կառավարությունը խոստանում է հանձնարարել «Սպայկա» ընկերությանը՝ լուծել խնդիրը: «Սպայկա» ընկերությունը դարձել է բողոքներից ապահովագրվելու միջո՞ց:
-Ո՛չ, մենք «Սպայկա»-ին չենք պարտադրում, ուղղակի կա խոշոր ընկերություն, որը ինքը դիտարկում է շուկան եւ նայում, որ եթե կա որակով ապրանք եւ համապատասխան գին, ինքը ապրանք է գնում, տանում: Շատ ժամանակ լինում է, որ «Սպայկա»-ին հետաքրքիր չէ, բայց կա ապրանք, եւ մենք ուղղակի փորձում ենք կապել այդ երկու օղակն իրար հետ, այսինքն՝ այնպես չէ, որ ասում ենք «Սպայկա»-ն միակն է, որ կարող է դա անել: Ցանկացած ընկերություն կարող է արտահանել, հարցը հետեւյալն է՝ ապրանքը լավն է, գինը լավն է, հետաքրքի՞ր է որեւիցե մեկին, որ տանեն, թե ոչ:
-Շատ մեծահարուստ պաշտոնյաներ սկսել են զբաղվել նաեւ գյուղմթերքի արտադրությամբ: Նրանք իրացնելու ժամանակ զանգում են սուպերմարկետներ ունեցող իրենց ընկերներին ու խնդրում վերցնել իրենց ապրանքը, իսկ գյուղացու բերքը մնում է եւ փչանում: Սա խնդի՞ր չէ:
-Առաջինը գյուղնախարարությունը չի որոշում շուկայում առեւտրային հարաբերությունները երկու տնտեսության միջեւ: Երկրորդը՝ եթե չի բավարարում շուկան գյուղամթերքի ապրանքն իրացնելու համար, ուրեմն պետք է ստեղծել համապատասխան հարթակներ, որտեղ գյուղացին կգա, իր ապրանքը կիրացնի: Իմ կարծիքով՝ այսօր կան այդ հարթակները, ուրիշ բան այդ հարթակներն արդյունավե՞տ են աշխատում, թե՞ ոչ: Կան կենտրոններ, որոնք դատարկ են այսօր, դրանք չեն օգտագործվում: Հիմա թե այստեղ ով ում հետ ոնց է պայմանավորվում, դա գյուղնախարարության մեղքը չէ իմ կարծիքով, դա արդեն հարց է, թե երկու սուբյեկտները միմյանց հետո ոնց կպայմանավորվեն:
-Բայց գյուղնախարարությունը գյուղացու կողքին պետք է կանգնի, չէ՞, այս դեպքում:
-Ի՞նչ անենք, գյուղացու ապրանքը վաճառե՞նք:
-Ինչու ոչ, պետք է օգնեք նման դեպքերում: Միշտ հայտարարվում է, որ պետք է զարգացնենք գյուղատնտեսությունը, մարդկանց կոչ է արվում զբաղվել գյուղատնտեսությամբ: Ի՞նչ պետք է անեք դուք:
-Գյուղնախարարությունը մշակում է ռազմավարություն, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա: Իսկ գյուղացու արտադրանքը պետք է վաճառի գյուղացին, ոչ թե գյուղնախարարությունը: Կան բոլոր իրացման տեղերը, իրենք կարող են դիմել իրենց տարածքային կառավարման մարմիններին եւ հասկանալ, թե որտեղ կարող են իրացնել: Մենք օգնող նախարարություն չենք, մենք ռազմավարություն մշակող նախարարություն ենք:
-Ի՞նչ ռազմավարություն եք մշակել, որ գյուղացիները նման խնդիրներ չունենան:
-Դուք կտեսնեք, երբ որ մենք ծրագրերը ներկայացնենք:
-Վարչապետը նշել է, որ փոփոխությունները պետք է հասնեն մի կրիտիկական կետի, որ նոր հասարակությունը զգա փոփոխությունների արդյունքը: Ձեր ոլորտում ե՞րբ կրիտիկական պահը կհասունանա:
-Մենք գյուղտեխնիկայի ծրագիրն արել ենք, երեք ամսվա ընթացքում իմ կարծիքով հասարակությունը զգում է, որ նոր ծրագիր կա երկրում: Հիմա ըստ այդմ էլ ինչքան ծրագիր կհաստատենք այս տարի, ծրագիրը մեկնարկելիս երեք ամսվա ընթացքում հասարակությունը կզգա, որ կա նոր ծրագիր, ու տենց շարունակ:
-Կառավարությունը առաջիկայում ԱԺ-ին կներկայացնի իր նոր ծրագիրը: Դրանում ի՞նչ նորամուծություններ կլինեն:
-Հիմնական ուղղությունը լինելու են արդիական տեխնոլոգիաներ, կաթիլային, հակակարկտային ցանցեր եւ սուբսիդավորվող վարկեր:

 

 

 
ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞ ԱՅԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ազգային ժողովի նախագահի, տեղակալների եւ հանձնաժողովների նախագահների ընտրություններից, ինչպես նաեւ աշխատասենյակների եւ ծառայողական մեքենաների համար կռիվ տալուց հետո մի պատիժ էլ դարձել է հանձնաժողովներում տեղավորվելու հարցը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նեղացել է, որ իրեն չեն առաջադրել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու եւ որոշել է տեղափոխվել գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով: Հիշեցնենք, որ Ֆարմանյանը 5-րդ գումարման ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ էր: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ս. Ֆարմանյանի հետ:
Ինչպես եւ սպասվում էր` պատգամավորը նախ հերքեց այն տեղեկությունները, որ ինքը նեղացած է կուսակցությունից.. «Ինքս ինձ համարում եմ չափազանց գնահատված, զգում եմ շատ երջանիկ եւ չեմ տառապում ավելորդ ամբիցիաներով»,-վստահեցրեց նա: Ֆարմանյանի պատասխանից հետո փորձեցինք հստակեցնել՝ այսինքն` կրկին կլինի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովո՞ւմ, թե՞ այնուամենայնիվ կտեղափոխի այլ հանձնաժողով: Չնայած պատգամավորը վստահեցրեց, որ դեռ այդ հարցի առնչությամբ որոշում չի կայացրել, բայց եւ նշեց. «Մեր մշտական հանձնաժողովներից ինձ մասնագիտորեն հոգեհարազատ են երեքը, եւ ես դիտարկում եմ այդ երեքից մեկում ներգրավվելու հարցը»: Վերջինիս ներկայացմամբ՝ իրեն հոգեհարազատ հանձնաժողովները արտաքին հարաբերությունների, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի, ինչպես նաեւ եվրաինտեգրացման հարցերի մշտական հանձնաժողովներն են: Ասել է, թե Ֆարմանյանն ըստ էության չհերքեց այն տեղեկությունները, որ ինքը արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից տեղափոխվելու ցանկություն ունի:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 

ՊԱՐԱՊ ԿԱՌՈՒՅՑ
ՀՀ վերահսկիչ պալատի գործունեությունը կարծես թե կանգ է առել: Բանն այն է, որ այս գերատեսչության պաշտոնական կայքէջում վերջին լուրը տեղադրվել է մարտի 1-ին, երբ Լեւոն Յոլյանը նշանակվեց ՎՊ նախագահ: Դրանից հետո որեւէ տեղեկություն չկա այն մասին, թե ինչո՞վ է զբաղված եղել Յոլյանը, եւ, ընդհանրապես, նրա ղեկավարած կառույցը, արդյո՞ք ՎՊ խորհրդի նիստեր անցկացվում են, թե՞ ոչ: 2017թ. շուտով կես կլինի, բայց ՎՊ պաշտոնական կայքէջում նույնիսկ տարվա ընթացքում իրականացված ստուգումների մասին ընթացիկ հաշվետվություններ տեղադրված չեն: Կարճ ասած՝ այս գերատեսչությունը մատնված է լիակատար պարապուրդի: Նույնիսկ երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՎՊ-ից, բայց այդպես էլ որեւէ մեկը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

 

 

ՋՐԻՑ ՉՈՐ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
Երեկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ԺՊ Արտեմ Ասատրյանը կառավարության նիստին գնման գործընթացը իրականացնելու վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացրեց: Ինչն էլ կառավարության կողմից ընդունվեց: Նշենք, որ որոշման նախագիծը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաներով, սայլակներով եւ լսողական սարքերով ապահովելուն: Տեղեկացնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ հաշմանդամություն ունեցող անձինք արդեն 5 ամիս է, ինչ չեն ստանում իրենց հասանելիք պրոթեզներն ու օրթեզները: Պատճառը դատական քաշքշուկներն են, որոնց մեջ ներգրավված են պրոթեզները մատակարարող ընկերությունները: Ինչի արդյունքում հաշմանդամները չեն սպասարկվում: Սակայն Ասատրյանը նոր է բարեհաճում կառավարության անդամներին ներկայացնել խնդիրը եւ որոշման նախագիծ ներկայացնել: Նա պարտավոր էր այս խնդրի մասին ավելի վաղ, ամիսներ առաջ տեղեկացնել գործադիրին: Իսկ երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչու ենք հասել այս վիճակին, նա հարցին չեզոք պատասխան տալով՝ փորձեց «ջրից չոր» դուրս գալ, նրան անհարմար վիճակից հանեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` պատասխանելով վարչապետի հարցին: Ի դեպ, Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ նախարարներ նշանակվեցին եւ վերանշանակվեցին, սակայն Արտեմ Ասատրյանի մասով դեռ որոշում չկա:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԵ՞Ն ՆԻՍՏԻՆ
«Երկիր ծիրան»-ի կուսակցությունը դեռ չի շտապում իր ընտրողներին տեղեկացնել՝ արդյո՞ք պատրաստվում են վերցնել Երեւանի ավագանու իրենց մանդատները եւ մասնակցել հունիսի 9-ին տեղի ունեցող ավագանու նիստերին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը նշեց, որ այս պահին որեւէ բան չի կարող ասել, բոլոր մանրամասներին կանդրադառնան պաշտոնական հաղորդագրությամբ: Նշենք, որ կուսակցությունը դեռեւս շարունակում է դատարանում բողոքարկել ավագանու ընտրությունների արդյունքները:




Լրահոս