ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԻՄԻՏԱՑԻԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու պատրաստակամության մասին, սակայն իրական գործողությունների փոխարեն ընդամենը զբաղված են իմիտացիայով: Այս առումով հերթական քայլը երեկ էր, երբ ՀՀ կառավարությունն իր նիստում հավանության արժանացրեց կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին ստեղծելու մասին օրինագծերի փաթեթը:

Փաստորեն, չբավարարվելով վարչապետի գլխավորությամբ հակակոռուպցիոն խորհուրդների ստեղծմամբ՝ իշխանությունները հիմա էլ պատրաստվում են ձեւավորել եւս մեկ նոր մարմին, որն ունենալու է առանձին իրավական կարգավիճակ, գործելու է պետական մյուս մարմիններից առանձին, բայց, մեղմ ասած, անհասկանալի գործառույթներով: Համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագծին ծանոթանալուց հետո, եւ այդժամ կարելի է պնդել, որ ստեղծվելիք մարմինը զբաղված է լինելու միայն շոուներով, ժամավաճառությամբ ու թուղթ մրոտելով: Դատեք ինքներդ:
Օրինագծի 23-րդ հոդվածը վերաբերում է հանձնաժողովի գործառույթներին, դրանք են՝ «Մասնակցությունը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրավական ակտերի նախագծերի, իր իրավասությանն առնչվող ռազմավարությունների եւ ոլորտային ծրագրերի մշակմանը: Հանրային ծառայողների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանմանը, ակտիվների, եկամուտների եւ շահերի հայտարարագրման համակարգերի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Իր իրավասության շրջանակում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը»: Բացի այդ՝ հանձնաժողովի գործառույթների մեջ է մտնելու նաեւ ԱԺ կողմից ընտրված պաշտոնատար անձի կամ ԱԺ պատգամավորների կողմից Սահմանադրության պայմաններից որեւէ մեկը խախտելու վերաբերյալ եզրակացություններ տրամադրելը, պաշտոնատար անձանց հայտարարագրերի վերլուծության գործընթացի կանոնակարգումը, հայտարարագրերի վերլուծությունը:
Կարճ ասած, 5 հոգուց կազմված այս հանձնաժողովն իրականում լինելու է ընդամենը խորհրդակցական մարմին, որը տարաբնույթ եզրակացություններ է տալու եւ ոլորտի վերաբերյալ ծրագրեր եւ իրավական ակտեր մշակելու: Միայն թե, նկատենք՝ այս նույն գործառույթները կարող էր իրականացնել նաեւ կառավարությունում ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը 2015թ. համալրվել էր նաեւ փորձագիտական հանձնախմբով: Որոշակի գործառույթներ կարող էր իրականացնել նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը: Այնպես որ, այս նպատակով եւս մեկ պետական մարմնի ստեղծումը, մեղմ ասած, անհասկանալի է: Առավել եւս, երբ այս հանձնաժողովին վերապահված չեն պարտադիր իրավական ուժ ունեցող իրավական ակտեր կայացնելու կամ պատժիչ գործողություններ իրականացնելու լիազորություններ:
Եւ հետո, չկա որեւէ երաշխիք, որ նոր ստեղծվելիք մարմինն արդյունավետ կաշխատի. ի վերջո, 2004թ. ի վեր կառավարությունում եղել են հակակոռուպցիոն խորհուրդներ, որոնք գլխավորել են վարչապետները: Բայց այդ մարմիններն այդպես էլ չեն գործել. լավագույն դեպքում նրանք սկզբում նիստ են գումարել, կոռուպցիայի դեմ պայքարի հրամայականի մասին խոսել, ինչ-որ հայեցակարգեր մշակել ու վերջ: Դրանից հետո այդ խորհուրդները պարզապես մատնվել են անգործության: Պատահական չէ, որ այսօր կառավարության կայքում 2015թ. ձեւավորված կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմն անգամ չի թարմացվել, եւ այնտեղ որպես խորհրդի ղեկավար շարունակվում է մնալ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խորհրդի անդամներ՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, այսինքն՝ մարդիկ, որոնք վաղուց ի վեր թողել են իրենց պաշտոնը:
Նույն կերպ այսօր բացարձակ անգործության է մատնված նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որը չնայած իշխանության ներկայացուցիչների տարբեր ապօրինություններին, այդպես էլ ծպտուն չի հանել, իսկ եթե, այնուամենայնիվ, իրենց հասցեագրված դիմումի շրջանակներում ստիպված են եղել խոսել, ապա միայն արդարացրել են կատարվածը: Այնպես որ, նույն ճակատագիրն է սպասվում նաեւ նոր ստեղծվելիք մարմնին: Ձեւավորման սկզբում ականատես կլինենք շոուների, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղելու վերաբերյալ ամպագոռգոռ խոստումների, մեկ-երկու ձեւական նիստերի եւ վերջ:
Իսկ իրականում կոռուպցիայի դեմ պայքարի համար հարկավոր է քաղաքական կամք, եւ ոչինչ ավելի: Նոր խորհուրդներ ձեւավորելու, նոր օրենքներ ընդունելու փոխարեն պարզապես կարելի է արատավոր երեւույթի դեմ պայքարել գործող օրենսդրության համաձայն. ի վերջո, այսօր էլ օրենքն արգելում է կաշառք վերցնելը, նաեւ կաշառք տալը, կաշառքի համար միջնորդելը (չնայած, հիշեցնենք, այս իշխանությունը ձեւավորվեց գերազանցապես ընտրակաշառքի արդյունքում): Այսօր էլ օրենքն արգելում է պատգամավորին կամ կառավարության անդամին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը: Եւ վերջապես, նախորդ տարի Հայաստանում փոփոխություններ կատարվեցին քրեական օրենսգրքում, եւ քրեականացվեց ապօրինի հարստացումը, հետեւաբար՝ իրավապահ համակարգը՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՀՔԾ-ն ու ՔԿ-ն ունեն բոլոր հնարավորությունները նաեւ սրա դեմ պայքարելու համար: Ու եթե իրավասու մարմինները չեն իրացնում իրենց լիազորությունները, եթե իշխանությունը ծայրից ծայր կոռումպացված է՝ կոռումպացված դարձնելով նաեւ ժողովրդին, եթե Հայաստանում չեն գործում օրենքները, ապա դրանց պատճառն այլ տեղ պետք է փնտրել. պատճառը քաղաքական կամքի բացակայությունն է, ուրիշ ոչինչ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ՀՅԴ ԱՆԴԱՄԸ ԾԵԾԵԼ Է
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների օրն արձանագրված միջադեպերի վերաբերյալ հերթական քրեական գործն է ուղարկվել դատարան: Այս անգամ ամբաստանյալի աթոռին հայտնվել են ՀՅԴ ներկայացուցիչները՝ հայր ու որդի Շահնազարյանները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Սյունիքի մարզի բնակիչ Նորայր Շահնազարյանն ընտրությունների օրը եղել է Կապան քաղաքում տեղակայված թիվ 35 ընտրատարածքի հանձնաժողովի անդամ: Եւ ահա ընտրատարածքում իր որդու՝ Հայկ Շահնազարյանի հետ ծեծի են ենթարկել Կապան քաղաքի բնակիչ Մասիս Փարսադանյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մասիս Փարսադանյանը իրավապահներին հայտնել է, թե ընտրատարածքում հարցրել է, թե քվեարկության ժամանակ որտեղ պետք է դնի նշանը, դրա համար էլ հայր ու որդի ծեծել են իրեն: Նշենք, որ հիմա Շահնազարյանները ստորագրությամբ ազատ են արձակվել: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:

 

 

ՈՐ ԴԵՊՔՈՒՄ Է ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ՀՔԾ-Ն
Ընդամենը 14 օր տեւած նախաքննությունից հետո հատուկ քննչական ծառայությունը ավարտեց Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանի կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Սա առաջին դեպքը չէ, որ ՀՔԾ այսօրինակ արագությամբ ավարտում է դատավորների կաշառքի մասով հարուցված քրեական գործերը: Նկատենք, որ 2014թ. մինչ օրս կաշառքի գործով 3 դատավոր են կալանավորվել, սակայն նրանցից ոչ մեկ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը եւ, առհասարակ, հրաժարվել է ցուցմունք տալուց: Այս քրեական գործը հաշվի առնելով՝ ինչու ՀՔԾ-ն նմանօրինակ արագությամբ չի ավարտում մյուս աղմկահարույց գործերը, մասնավորապես 2015թ. «էլեկտրիկ Երեւանի» բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների ծեծը, որով նախաքննությունը շուրջ երկու տարի է՝ շարունակվում է: Ավելին՝ շուտով կլրանա 2016թ. հուլիսյան դեպքերի արդյունքում լրագրողների ծեծի գործով քննության մեկ տարին, սակայն գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: Այս դեպքերում քաղաքական հրահանգ կա՞, եւ ՀՔԾ-ն կաշկանդվա՞ծ է որոշ մարդկանց նկատմամբ խիստ որոշումներ կայացնելուց:

 

 

ԱՂԵՐՍ ՉՈՒՆԻ
Երբ ԱԺ-ում փակվում է Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը, ապա իշխանությունների բերած փաստարկներից մեկն էլ այն է, որ գումարներ կխնայվեն: Սակայն հակառակ այդ սկզբունքին՝ այս տարվա բյուջեով ավելացվել են Մարդու իրավունքների պաշտպանին հատկացվելիք գումարները, ու դրանով Արման Թաթոյանը ոչ միայն շուրջ երկու տասնյակ նոր աշխատակիցներ է ավելացնելու աշխատակազմում, այլեւ ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ պատրաստվում է նոր հարկաբաժին ավելացնել Պուշկին 56ա հասցեում գտնվող իր գրասենյակին: Ա. Թաթոյանին լավ նայելու առիթ գործող իշխանություններն իսկապես ունեն, քանզի «ՀՀԿ-ի պաշտպան» տիտղոսի արժանացած մարդը անցած տարվա ընթացքում կազմել է խախտման մեկ տասնյակից էլ պակաս որոշումներ՝ ի տարբերություն նախորդի:

 

 
ԿԱԶԱՆՅԱՆ ՏԱՐԲԵՐԱ՞ԿՆ Է ԳՈՎՈՒՄ
«Նախագահի խոսքը պաշտոնական տեսակետ է: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը շարունակում է աշխատանքային համարել Կազանի փաստաթուղթը: Թեեւ մամուլում վերջին օրերին հնչում են հակառակը «հիմնավորող» տեսակետներ: Ի տարբերություն դրանց հեղինակների` գտնում եմ, որ եթե Կազանի փաստաթուղթը չի հանձնված ԵԱՀԿ-ին ի պահ, ուրեմն խնդրի խաղաղ-բանակցային կարգավորման հնարավորություն կա, եւ հարկ է կենտրոնանալ այդ հնարավորությունն ի շահ Արցախի եւ Հայաստանի օգտագործելու դիվանագիտական ջանքերի վրա»,- Aravot.am-ին ասել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎ
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ներկայացվել է թիվ 354 բանաձեւի նախագիծը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը եւ կոչ է անում «օրինազանցներին պատասխանատվության ենթարկել»: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ):

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Մայիսի 25-ին ՀԱԿ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը հանդիպել են Եվրոպական Պառլամենտի Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք (ALDE) խմբակցության ներկայացուցիչ Իվո Վայգլի եւ խմբակցության արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ Ռուն Գլասբերգի հետ: Քննարկվել են Եվրոպական պառլամենտում խմբակցության եւ ՀԱԿ համագործակցության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրան ուղղված վստահության կառուցման միջոցառումների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների եւ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հարցեր:

 

 

 

ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵՑԻՆ
Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել են ՀՀ փոխվարչապետ եւ մի շարք նախարարներ։ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի եւ փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի Վաչե Գաբրիելյանը։ Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվել է Դավիթ Հարությունյանը։ Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար, Իգնատի Առաքելյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար, Աշոտ Մանուկյանը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար, Սուրեն Կարայանը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ ՀՀ սփյուռքի նախարար, Վահան Մարտիրոսյանը՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Վարդան Արամյանը՝ ՀՀ ֆինանսների նախարար։

 

 

ՆՈՐ ՌԵՖԵՐԵՆՏ
Սերժ Սարգսյանի կարգադրութամբ Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի ռեֆերենտ:




Լրահոս