Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ երկու հեղինակությունների նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել, ինչը կանխվել է: Թիրախում եղել են Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, եւ Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Երեկ հայտնի դարձավ, որ մահափորձի գործով երեք անձ է ձերբակալվել, որոնց գործողություններից «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Բայց մինչ այդ ներկայացնենք պաշտոնական տեղեկությունը, որը երեկ հայտնեց ՀՀ ոստիկանությունը: Ըստ այդմ, նրանք տեղեկացել են, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, եւ այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում: Վերջիններս ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր եւ զինամթերք ու ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին: Եւ ահա, մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանել են սպասվող ծանր հանցագործությունը` անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց: Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր եւ ռազմամթերք: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ սույն գործը կքնվի ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի` հանցափորձ, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` սպանություն, որը կազմակերպվել է մի խումբ անձանց կողմից, եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի` ապօրինի զենք, հատկանիշներով: Նկատեցի՞ք, ոչ մի խոսք չկա այն մասին, թե ովքեր են 3 անձինք, ի՞նչ ծագում ունեն, ինչո՞վ են զբաղվում:
Մահափորձի խորը արմատները
Երեկ հրապարակել էինք, որ տեղի ունեցած մահափորձն իրականում խորն արմատներ ունի, այն գալիս է դեռ 2007 թվականից: Ըստ այդ ժամանակ շրջանառվող տեղեկությունների՝ Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել է, որ պայթուցիկ է նետվում, եւ փորձել են ատրճանակով պաշտպանվել:
Եվս մեկ մահափորձ էլ ծրագրված է եղել Արամ Վարդանյանի հոր քառասունքի արարողության օրը: «Արգիշտի» ռեստորանի հարեւանությամբ դարանակալվել են «քիլլերների» ջոկատները: Սակայն նրանք չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել վարձու մարդասպանների 7-8 հոգանոց խումբը: Եվ ահա երրորդ դեպքն էլ տեղի ունեցավ մայիսի 24-ին, որը ըստ էության արդեն հիմնավորում է այն կասկածները, որ թիրախում հիմնականում եղել է Արամ Վարդանյանը: Թեեւ լուրեր կան, որ Դոն Պիպոն էլ է եղել ուշադրության կենտրոնում:
ArmLur.am-ը նաեւ տեղեկացավ, որ իրավապահները դուրս են եկել մահափորձն իրականացողների հետքի վրա: Ըստ տեղեկությունների՝ այդ մարդիկ գտնվում են Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի վերահսկողության տակ: Այժմ լուրեր են պտտվում նաեւ այն մասին, որ Արտյոմ Կանեւսկոյի մերձավորները ապրիլյան ընտրությունների շրջանում բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել, սատարել իշխող ուժին ու որպես փոխհատուցում կարծել են՝ կարող են «մարսել» 1-2 սպանությունը: Թե որքանով են այս լուրերը հավաստի, ցույց կտա ժամանակը:
Ձերբակալվածները խոստովանել են
«Ժողովուրդ»-ին ծրագրված մահափորձից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ձերբակալվածները խոստովանել են, թե ովքեր են եղել իրենց թիրախում: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ երբ իրավապահները խուզարկություն են իրականացրել 3 հոգու կողմից վարձակալած բնակարանում, նրանց պատկանող հեռախոսների մեջ են եղել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի լուսանկարները, ինչը ըստ էության առավել հիմնավոր է դարձրել այն տեղեկությունները, որ վերոնշյալ անձանց նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել:
Պարզեցինք, որ ձերբակալված անձինք Վանաձոր քաղաքի բնակիչներ են, քաղաքում ունեն սեփական բնակարաններ, սակայն գործի բնույթից եւ իրենց տված առաջադրանքից ելնելով՝ բնակարան են վարձել էջմիածին քաղաքում, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմաց հսկայական առանձնատուն ունի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Սպանություն ծրագրած անձինք լավ հաշվարկել են, թե որտեղ կարող են բնակարան վարձակալել, նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որպեսզի դարանակալեն եւ սպանեն Դոն Պիպոյին ու Արամ Վարդանյանին: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ:
Ի դեպ, մեզ լուրեր հասան նաեւ այն մասին, որ իրավապահ համակարգը երեկվա դրությամբ խիստ հսկողություն է իրականացնում նաեւ ձերբակալված անձանց ընտանիքների նկատմամբ՝ նրանց մերձավորների եւ մտերիմների անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի հետագայում վենդետա չլինի: Սրանով է պայմանավորված այն գաղտնապահությունը, որը ցուցաբերում են հայրենի իրավապահները՝ չհայտնելով քիլլերների անունները:
Չի բացառվում, որ այս ձերբակալություններով գործընթացը չավարտվի, թերեւս առաջիկայում նոր ձերբակալություններն անխուսափելի կլինեն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀԻՄԱ ԷԼ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՆ ԵՆ ԿԵՂԾՈՒՄ
Կեղծ թղթադրամների շուրջ աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Դեռեւս 2016 թվականին ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել էր, որ 10 հազարանոց կեղծ թղթադրամներ են հայտնվել շրջանառության մեջ, ինչի վերաբերյալ հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան: Ավելին՝ գրել էինք, որ Սյունիքի մարզում էլ անչափահասներն էին 20 հազարանոց կեղծ թղթադրամներ պատրաստել եւ մի շարք խանութներից գնումներ կատարել:
Իսկ հիմա բանը հասել է այնտեղ, որ Հայաստանում օտարերկրյա թղթադրամներն են կեղծում: Պարզեցինք, որ Արմեն Ասատրյանը եւ Սուրեն Տեր-Վարդանյանը պատրաստել են օտարերկրյա կեղծ թղթադրամներ եւ սկսել այն իրացնելու գործընթացը: Վերջիններս 2017 թվականի ապրիլի սկզբներին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Ռուստամ Հասանյանից գնել են 2 գլուխ ոչխար՝ դրա դիմաց վճարելով մեկ հատ 5000 ռուբլի, մեկ հատ 1000 ռուբլի, մեկ հատ 500 ռուբլի եւ մեկ հատ 50 ԱՄՆ դոլլար անվանական արժեքներով ակնհայտ կեղծ թղթադրամներ:
Արմեն Ասատրյանի եւ Սուրեն Տեր-Վարդանյանի գործողությունները այսքանով չեն ավարտվել: Պարզեցինք, որ Այնթապ գյուղի բնակիչ Վոլոդյա Խուդոյանից էլ 3 գլուխ ոչխար են գնել դրա դիմաց վճարելով երեք հատ 1000 ռուբլի, մեկ հատ 500 ռուբլի եւ հինգ հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով ակնհայտ կեղծ թղթադրամներ: Այս ճանապարհով վերջիններս մի շարք այլ անձանցից եւս կեղծ թղթադրամներով գնումներ են կատարել:
Նկատենք, որ Արմեն Ասատրյանը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել, իսկ ահա Սուրեն Տեր-Վարդանյանը՝ 8 անգամ: Ինչեւէ, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով` խարդախություն: Սակայն այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ նախկինում մի քանի անգամ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Հետաքրքիր է նախաքննությունը իրականացնող մարմինը ինչ երաշխիք ունի, որ վերջիններս չեն շարունակում իրենց հանցավոր արարքը:
Հավելենք, որ օրերս տաքսու վարորդները եւս ահազանգել էին՝ նշելով, որ մի շարք քաղաքացիներ օգտվում են տաքսի ծառայությունից եւ վճարում են ռուբլիով, որը հետագայում պարզվում է՝ կեղծ է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՊԱՆԵԼ Է ԱՄՈՒՍՆՈՒՆ
«Մայիսի 25-ին՝ ժամը 00:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի 33-ամյա բնակչի դիակը: Պարզվել է, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ: Ըստ նախնական տվյալների՝ մայիսի 25-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ամուսնու հետ առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել ամուսնու ուղղությամբ ու սպանել նրան», – ասված է քննչական կոմիտեի հաղորդագրությունում: 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Նա ձերբակալվել է:
ՀԱՆՎԵԼ Է ՕՐԱԿԱՐԳԻՑ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության եւ լեզվի պետական տեսչությունները լուծարելու մասին որոշման նախագիծը հանվել է կառավարության երեկվա նիստի օրակարգից: Պատճառը լրացուցիչ քննարկումների անհրաժեշտությունն է: Թե հատկապես ինչի շուրջ են լինելու այդ քննարկումները, որքան ժամանակ կտեւեն, ու դրանից հետո նախագիծը երբ կվերադառնա օրակարգ, հայտնի չէ:
ՌԱԶՄԱԿԱՆԻ ՆՈՐ ՊԵՏ
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ՝ երեք տարի ժամկետով:
ԱՄՈԹԸ ՉԶՍՊՈՂ
Այսօր չկան միջոցները, ստեղծված չեն պայմանները՝ երկրի բնակչության թիվը մեծացնելու համար: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Արձագանքելով Սերժ Սարգսյանի խոստմանը, որ Հայաստանը 2040 թվականին 4 միլիոն բնակչություն է ունենալու, ազգագրագետը շեշտել է. «Ես չգիտեմ, եթե իրենք մի ծրագիր ունեն, ինքը մի թաքուն ծրագիր ունի, որը ինչ-որ առասպելական ձեւով ինքը հնարավոր է համարում իրականացնել մի երկրում, որտեղ անարդարությունն ու անարդարադատությունը խրախուսվում են ամենաբարձր մարմինների կողմից, որտեղ ընտրությունների ժամանակ մարդիկ են սպանվում, եւ դրանք ոչ մեկը չեն անցնում նորմալ քննություն, բիզնես ծրագրերը բանկերում միայն կենցաղային կարիքների համար են՝ թղթերի վրա մենք ահռելի բիզնես կյանքով ապրող ժողովուրդ ենք, եթե էս բոլորի դիմաց ունեն մի ինչ-որ թաքուն ծրագիր, լավ կլիներ տեսնել, որ կարողանանք դատողություններ անել: Հակառակ դեպքում մնում է ասել, որ սա նույնիսկ ամոթը չզսպող հայտարարություններ են, բառեր են»:
ԽԱԽՏԵԼ ԵՆ
ԵԱՀԿ առաքելությունը երեկ Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արեւմուտք։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: «Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր եւ խախտելով դիտարկման անցկացման ընթացակարգի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ օգտագործել է հսկողության աերոստատ», – ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:
ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որի անդամ է նաեւ Հայաստանը, բանակցում է ՄԱԿ-ի հետ՝ կառույցի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար: Այդ մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է կառույցի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նա վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ն ունի համապատասխան ներուժ՝ ավելի քան 3500-անոց զորակազմ, որը կարող է խաղաղապահ առաքելություն իրականացնել ոչ միայն անդամ պետությունների տարածքում, այլեւ երրորդ երկրներում՝ ՄԱԿ-ի մանդատով: