ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ` ՈՐՊԵՍ ԹՐԱՄՓԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 20-ին մեկնարկեց իր նախագահության առաջին արտասահմանյան այցը: 8-օրյա այցի շրջանակներում ԱՄՆ նախագահը եղավ Մերձավոր Արեւելքում, իսկ այնուհետ հասավ Եվրոպա: Հարկ է նկատել, որ Թրամփը ԱՄՆ այն սակավաթիվ նախագահներից է, որ առաջին օտարերկրյա այցելությունը չեն կատարել ԱՄՆ-ի հարեւան երկիր: Վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ դա հստակ մեսիջ է` թելադրված Թրամփի արտաքին քաղաքական առաջնահերթություններով:

Թրամփը նախագահ է դարձել քաղաքական ավանդույթները խախտելու, հաստատված կարգերը ոտնահարելու ճանապարհով, ուստի եւ զարմանալի չէ, որ նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պիտի շեղվեր դասական ընկալումներից: Նախ նկատելի է, որ Թրամփն իր առաջին ճամփորդությունը կատարեց նախագահի պաշտոնում անցկացնելով 119 օր, ինչը վերջին 50 տարվա մեջ ամենից երկարն է համարվում: Այդքան երկար ժամանակ ԱՄՆ-ի տարածքից դուրս չգալու պատճառով Թրամփին ամերիկյան մամուլը կնքել էր «տնակյաց նախագահ» ծաղրանունով: Նա դարձավ առաջին նախագահը, որը նախընտրեց այցելել Մերձավոր Արեւելք՝ մասնավորապես վայրէջք կատարելով Սաուդյան Արաբիայում: Թեոդոր Ռուզվելտից սկսած` շուրջ 19 նախագահներից 14-ը առաջին այցը կատարել են ԱՄՆ-ի հարեւան երկրներ: Ավանդույթը վերջինը խախտել էր Ջիմմի Քարթերը, որը 1977թ. Միացյալ Թագավորությունը նախընտրել էր Կանադայից կամ Մեքսիկայից: Ավանդույթին հավատարիմ էին մնացել Ռոնալդ Ռեյգանից սկսած բոլոր նախագահները:
Կարծրացած սովորույթների նկատմամբ իր արհամարհանքով հանդերձ` ԱՄՆ 45-րդ նախագահը միաժամանակ ցույց է տալիս, որ իր վարչակազմը Մերձավոր Արեւելքն ընկալում է իբրեւ աշխարհաքաղաքական իրողությունների առաջնային թատերաբեմ: Կարծիք կա, որ Թրամփը այսպիսով հուշում է, թե որ տարածաշրջանի վերակառուցմանն է ուղղված լինելու իր գործունեությունը առնվազն 4-ամյա կտրվածքով: Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ` ենթադրելի է, որ Թրամփն այսպիսով ազդարարում է Իրանի հանդեպ ամերիկյան քաղաքականության կոշտացման հանգամանքը: Եթե Իսրայելը Իրանի նկատմամբ իր դժկամությունը պայմանավորում է անվտանգության հիմնահարցով, ապա Սաուդյան Արաբիան մահմեդական աշխարհում ձգտում է դառնալ առաջնորդող տերություն, որին այստեղ մարտահրավեր նետելու կարողություն ունի միմիայն Իրանը: Նախընտրական շրջանում Թրամփը բազմիցս քննադատել էր Օբամայի քաղաքականությունը Իրանի նկատմամբ եւ այսօր էլ խոստանում է, որ երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ: Եթե Թրամփը Իրանի դեմ գործնական քայլերի գնա, ապա նրա համար կենսական դաշնակիցներ են հենց Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը: Նմանօրինակ քայլերով Թրամփը պատրաստվում է Իրանի հետ շատ ավելի լուրջ եւ կոշտ խոսակցություն ունենալ: Իհարկե, Հասան Ռոհանիի վերընտրությունը բավականին կբարդացնի ամերիկյան վարչակազմի գործը` իր ռադիկալիզմը հիմնավորելով իրանյան քաղաքականության անպատասխանատվությամբ ու վտանգավորությամբ: Այդուամենայնիվ, օտարերկրյա առաջին ուղեւորությամբ Թրամփը ապահովագրում է թիկունքը:
Հարկ է նաեւ արձանագրել, որ Թրամփի փեսան` Ջարեդ Քուշները, Սպիտակ տանն աշխատում է որպես նախագահի ավագ խորհրդական, եւ նրա իրավասության ներքո է գտնվում հենց Մերձավոր Արեւելքը: Գաղտնիք չէ, որ Թրամփը մեծապես ականջալուր է իր դստեր եւ փեսայի խորհուրդներին, եւ արտերկրյա առաջին այցի որոշումն էլ է հարկավոր դիտարկել այս տեսանկյունից: Ի վերջո, Թրամփը Քուշներին տալով նման պատասխանատու պաշտոն` հայտարարել էր, որ նա կկարողանա կարգի բերել Մերձավոր Արեւելքի քաոսը: Քուշներն էլ, ի դեպ, կարծես թե արդարացնում է նախագահի հույսերը: Նրան հաջողվեց բանակցությունների արդյունքում պատրաստել 110 միլիարդ դոլարի պայմանագիր, որով Սաուդյան Արաբիան պաշտպանական զենք է գնում ԱՄՆ-ից: Ըստ հայտարարությունների` գործարքը միտված է ահաբեկչության դեմ պայքարին` նոր տեխնոլոգիաներով զինելով ԱՄՆ-ի դաշնակիցներին: Նկատելի է, որ Քուշներին հաջողվել է կարճ ժամանակում, ըստ լուրերի՝ 2 շաբաթում, վերջնական պայմանավորվածությունների հանգել եւ պայմանագիրը պատրաստել նախագահի ստորագրության համար: Կասկած չկա, որ նման հաջողությամբ նրա դերը Սպիտակ տանը էլ ավելի կբարձրանա` հակելով Թրամփին իր փեսայի խորհուրդներին:
Ի դեպ, թեման բավականին ակտուալ է նաեւ Թուրքիայում եւ Հայաստանում, որտեղ «նախագահական» փեսաները մեծ ազդեցություն են վայելում: Բելաթ Ալբայրաքը Թուրքիայի էներգետիկայի նախարարն է, Էրդողանի անմիջական խորհրդատուն եւ գուցե թե ամենահավատարիմ զինակիցը: Թուրքիայում կարծիք կա, որ նա աստիճանաբար մեծացնում է իր ազդեցությունը պետական կառավարման ասպարեզում` ձգտելով վարչապետի պաշտոնին: Հայաստանում էլ Սերժ Սարգսյանի փեսան, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանն է նման նկրտումներով հանդես գալիս: Մամուլը բազմիցս գրել է քաղաքական հարցերում նրա ներգրավվածության մասին, իսկ քաղաքական գործիչներն էլ չեն զլանում միմյանց պիտակավորել «Միշիկի մարդ» կոչումով: Երբ Սերժ Սարգսյանը Մինասյանին ուղարկեց Վատիկան, շատերը այդ քայլը գնահատեցին որպես պատիժ` ներքին քաղաքական հարցերում թույլ տված բացթողումների համար: Մինչդեռ աստիճանաբար իրական է թվում, որ Մինասյանը ներգրավվելու է հայաստանյան գործընթացներում` նախ որպես Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ անձանցից մեկը, ապա որպես սարգսյանական նոմենկլատուրայի կրթված ներկայացուցիչ: Անշուշտ, Մինասյանը դեռ ստիպված կլինի սպասել, մինչեւ Սարգսյանը 2018թ. ապրիլին վարչապետի պաշտոնում հանգրվանելու իր ծրագրի վերջին մեխը խփի:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ 23 ԴՊՐՈՑՈՒՄ
ՀՀ կրթության պետական տեսչությունը ապրիլի 10-28-ը Տավուշի մարզի տարբեր տարածաշրջանների 18 միջնակարգ եւ 9 հիմնական դպրոցներում կրթական գործընթացի ուսումնասիրություններ է կատարել: Այդ 27 դպրոցներում ըստ բնութագրիչների ստուգվել են դպրոցների տնօրենների եւ նրանց տեղակալների պաշտոնական պարտականությունների կատարումը, դպրոցի կառավարման, մանկավարժական խորհուրդների, առարկայական մասնախմբերի, ծնողական, աշակերտական խորհուրդների գործունեությունը, ուսումնական միջավայրը, մանկավարժական աշխատողների, սովորողների վերաբերյալ բազմաբնույթ տվյալներ: Ստուգումներին ներգրավված մասնագետների կողմից կատարվել են դասալսումներ: Այդ ուսումնասիրությունները բացահայտել են բազմաթիվ խախտումներ եւ թերություններ: Ստուգման ենթարկված հանրակրթական 27 դպրոցից 23-ում հայտնաբերվել են կրթության բնագավառի օրենսդրության պահանջների խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել է ընդհանուր թվով 23 արձանագրություն:
Դպրոցներում հայտնաբերված խախտումները եւ դրանց հետեւանքները վերացնելու նպատակով ՀՀ կրթության գլխավոր պետական տեսուչի կողմից դպրոցների տնօրեններին եւ կառավարման խորհուրդների նախագահներին տրվել են կատարման համար պարտադիր հանձնարարականներ: Մայիսի 23-ին մարզպետարանում տեղի է ունեցել դպրոցներում կատարված ուսումնասիրությունների արդյունքների քննարկում, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը, նրա տեղակալ Ռաիսա Գալստյանը, տեսչության այլ պաշտոնատարներ, մարզի դպրոցների տնօրեններ: Մարզպետը նշել է, որ նման ուսումնասիրությունները եւ քննարկումները կարեւոր են թերությունները վերացնելու եւ հետագայում դրանք բացառելու համար:

 

 

ՄԻ ԵՐԹՈՒՂՈՒ ՀԱՐՑ ՉԼՈՒԾԵՑԻՆ
Շուրջ երկուսուկես տարի է, ինչ Նոյեմբերյանից Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին չի գործում: Այդ գծում գործում են միայն տաքսիներ, որոնք ուղեւորներին Նոյեմբերյանից Երեւան, Երեւանից Նոյեմբերյան են տեղափոխում 3000 դրամով: 4 ուղեւոր մի անձնակազմ են կազմում, եւ տաքսին շարժվում է: Տաքսի ավտոմեքենաներով երթեւեկելը բազում անհարմարություններ է պատճառում ուղեւորներին, մեկնելու եւ ժամանելու ստույգ ժամերը հայտնի չեն լինում, հետեւի նստատեղի մեջտեղում նստած ուղեւորը ավելի քան 3 ժամ ուղեւորության ընթացքում անհարմար դիրքում տանջվում է: Ուղեւորներից յուրաքանչյուրին տաքսին վերցնում, իջեցնում է նրա նախընտրած վայրում, ինչը ժամանակի մեծ կորուստ է: Վարչապետ Կարեն Կարապետյանը այս տարվա ապրիլի 20-ին կայացած կառավարության նիստում խիստ հրատապ է համարել հանրապետության երթուղային ցանցում եղած խնդիրներին լուծումներ տալը: Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքը ե՞րբ ավտոբուսային կամ միկրոավտոբուսային ուղերթներով կկապվի Երեւանին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 
ԱՂԲԻ ՏԵՍՈՒՉՆԵՐ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ համայնքների չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում տուգանքի կիրառումը ապահովող հատուկ ստորաբաժանման ձեւավորման վերաբերյալ։ Վարչապետը առաջարկում է, որ համայնքներում ներդրվի աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտը։ «Մինչեւ 2017 թվականի վերջ նախատեսում ենք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ»,- կառավարության երեկվա նիստին հայտարարել է վարչապետը։ Ի դեպ, այդ սանիտարական տեսուչների ինստիտուտի բյուջեի աղբյուրները տուգանքներից են գոյանալու, որի մի մասը ուղղվելու է տեսուչների վարձատրմանը, մյուս մասը՝ աղբահանության եւ սանիտարական մաքրման գործառույթների իրականացմանը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման ու ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին հանձնարարվել է նաեւ 15-օրյա ժամկետում քննարկել եւ կառավարությանը ներկայացնել առաջարկություններ՝ փակման ենթակա եւ կոնսերվացման դժվարություններ պարունակող աղբավայրերի աշխատանքները պատշաճ կազմակարպելու եւ աղբահանության ծառայությունները ապահովելու վերաբերյալ։

 

 

ՆՈՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
Առաջիկայում նախատեսվում են պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ: Ի դեպ, վարչապետը հանձնարարել է սրա վերաբերյալ առաջարկություն ներկայացնել կառավարության աշխատակազմ: Ըստ այդմ, նախատեսվում է ստեղծել պետական գույքի վաճառքի գծով պատասխանատու ստորաբաժանում: Կառավարության աշխատակազմ կներկայացվի նաեւ պետական գույքի օտարման գործընթացում անշարժ գույքի վաճառքի ոլորտում մասնագիտացած բրոքերային կազմակերպություններին ներգրավվելու վերաբերյալ առաջարկություն:
Նշենք, որ երեկ ՀՀ կառավարության նիստին վարչապետը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել է 1-ամսյա ժամկետում ներկայացնել պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների ֆինանսա-տնտեսական վիճակի վերաբերյալ տեղեկությունների վերլուծության եւ դրանց հիման վրա կազմակերպությունների գործունեության արդյունավետության որոշման, կառավարիչների աշխատանքի գնահատման, խրախուսման եւ պատասխանատվության ենթարկման հարցերը կարգավորող նոր իրավական ակտի նախագիծ:




Լրահոս