ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ ՕՐԻՆԱԳԻԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության կողմից մայիսի 18-ի նիստում հավանության է արժանացել ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծ, որը լուրջ մտահոգություն է առաջացրել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների մոտ: Նշենք, որ օրինագիծը կառավարությանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ փոփոխությամբ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը, որը քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացնելու, պարտավորվելու է ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում 1 տարվա ընթացքում օտարել իր սեփականությունը համարվող հողը: Հակառակ դեպքում, երբ սեփականատերը նշված ժամկետում հողը չի օտարում, պետական մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով կատարվում է հարկադիր վաճառք, ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է հողի արժեքը:
Ըստ փաստաբան Նորայր Նորիկյանի` այս օրինագիծը բավականին վիճահարույց է եւ հակասում է ՀՀ Սահմանադրության 60 հոդվածի առաջին կետին, ինչպես նաեւ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածին: Նշված հոդվածներով ՀՀ քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու եւ տնօրինելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, այդ թվում հողամասը: «Իսկ այդ փոփոխություններով նախատեսվում է, որ այն մարդիկ, որոնք կդադարեցնեն կամ կհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, պարտավոր են լինելու մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողամասերը օտարել»,- նկատեց փաստաբանը: Հակառակ դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կտրվի հայցադիմում ներկայացնել դատարան եւ դատական կարգով այդ անձանց զրկել հողամասի սեփականությունից եւ այն օտարել: Իսկ օտարված հողամասի արժեքը նախատեսվում է տրամադրել նախկին սեփականտիրոջը: «Այսինքն՝ փորձելու են փողը վերադարձնել եւ ասելու են` դու ՀՀ քաղաքացի չես, փողդ տալիս ենք, գնա՛: Բայց դրանով խնդիր են առաջացնելու. նախ՝ անձին կամայականորեն զրկում են սեփականությունից, համաձայն որի` ինքը իր հայեցողությամբ չի տիրապետում եւ տնօրինում սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը: Չէ՞ որ հայտնի է, որ հազարավոր մարդիկ այսօր գտնվում են ՀՀ-ից դուրս, մարդիկ կան, որոնք իրենց անունները, ազգանունները տարբեր պատճառներով փոխել են, կան նաեւ մարդիկ, որոնք օբյեկտիվ պատճառներով հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից եւ դարձել են այլ պետության քաղաքացի: Բայց այժմ ստացվում է, որ մենք այդ մարդկանց զրկելով նաեւ հողամասից՝ կոպիտ ասած` պորտալարը կտրում ենք իրենց հայրենիքից»,- մեծ ափսոսանքով նկատեց փաստաբան Նորիկյանը:
Չնայած սրան` փաստաբանը կարծում է, որ այս օրինագիծը ՀՀ ազգային ժողովում բուռն կքննարկվի: Նա հույս ունի, որ Ազգային ժողովը կցուցաբերի ողջամտություն եւ առավել նպաստավոր օրենքի կվերածի այս օրինագիծը:
«Հասկանում եք` մենք այսպես նրանց վերադարձի պատուհանը փակում ենք. ինչ-որ առումով ասում ենք` եթե դու գնացել ես այս երկրից եւ չես ուզում ապրել այստեղ, հետեւաբար դու այս երկրում հողամաս ունենալու իրավունք էլ չունես: Ես կարծում եմ, որ բավականին պայթյունավտանգ օրինագծի հետ մենք գործ ունենք: Եւ ամենավտանգավորն այն է, որ հնարավորություն ենք տալիս օլիգարխիային եւ փող ունեցողներին գնելու այդ հողամասերը, իսկ 10-20 տարի հետո նրանք տիրապետելու են մեր հողային ֆոնդի մեծամասնությանը»,- նշեց Նորիկյանը:
Հ. Գ. Ի դեպ, պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում` հունվարից մինչեւ մարտի 31-ը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու որոշում է կայացրել 1190 քաղաքացի: Նրանք ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն են դիմել քաղաքացիությունից հրաժարվելու համար: Նշենք, որ այս դիմումները դեռեւս ենթակա են հաստատման, քանի որ ՀՀ քաղաքացիության շնորհումն ու քաղաքացիությունից զրկումը իրականացվում է Սերժ Սարգսյանի հրամանագրով: Իսկ քաղաքացիություն ստանալու եւ զրկելու դիմումների քննարկման համար օրենքով սահմանված է 6-ամսյա ժամկետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՔԱՐՈՒՔԱՆԴ ՈՒ ԱՂՏՈՏ
Լոռի այցելող զբոսաշրջիկները դժգոհում են՝ մի կողմում աղբ, մյուս կողմում՝ անբարեկարգ ու աներթեւեկելի ճանապարհներ: Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում գտնվող Ստեփանավանի Դենդրոպարկ այցելող զբոսաշրջիկները անբարեկարգ ճանապարհների պատճառով շատ հաճախ հետ են դառնում, կամ էլ մեկ անգամ այցելելուց հետո այլեւս չեն վերադառնում:
Այգու՝ շուրջ 2500 բուսատեսակները ծառայում են որպես թթվածնի հզոր աղբյուր: Ամեն տարի հենց այս ամիսներին այգու այցելուներն են դառնում սիրտ-անոթային, զարկերակային, ճնշման, ալերգիկ եւ այլ խնդիրներով մարդիկ: Այգու թթվածնային գերմաքուր օդն ու հատուկ բուսատեսակները վերականգնող ու բժշկող ազդեցություն են թողնում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այգու այցելուները նշել են, որ Դենդրոպարկ են եկել փոշոտումը շնչելու, ինչպես նաեւ հանգստանալու համար: Այցելուների խոսքով՝ ամեն ինչ կատարյալ է, բացի այգի բերող ճանապարհներից, որոնք պարզապես քարուքանդ վիճակում են. «Հազիվ ենք մեր մեքենաներով գալիս: Նախորդ տարի բարեկամներս իրենց արտասահմանյան մեքենայով եկել էին, իսկ այս տարի չեկան. մեքենան վնասվում է»,-ասացին նրանք:
Գյուղի վարորդները եւս դժգոհում են. տարեկան մի քանի հազար հյուր ընդունող այգու ճանապարհը միանգամից հիասթափեցնում է հատկապես Երեւանից ու արտասահմանից եկած զբոսաշրջիկներին, ովքեր շատ հաճախ ոչ թե այգին են նկարում, այլ ճանապարհները. «Երեւանցին ու ամերիկացին գալիս են դենդրոպարկ ու առաջինը ցեխոտ ու ջարդուփշուր եղած ճամփեքը նկարում, իրենց համար սա տարօրինակ է, միանգամից սկսում են հարցեր տալ, թե ինչու չենք քայլեր ձեռնարկում ճանապարհը բարեկարգելու ուղղությամբ, բայց ո՛չ այգու բյուջեով է հնարավոր, ո՛չ էլ Գյուլագարակի գյուղապետարանի: Մազպետարանն ու պետությունը պետք է քայլեր ձեռնարկեն, չէ որ տուրիզմի հզոր կենտրոն է սա»,-մեզ հետ զրույցում նշեց գյուլագարակցի Աշոտը:
Դենդրոպարկի տարածքում առեւտրով զբաղվող տեղաբնակները ներկայացնում են բոլոր այն բարիքները, որոնք էկոլոգիապես մաքուր են ու առողջարար՝ սկսած կոնի մեղրից ու մուրաբայից, վերջացրած եղեւնու ծաղկափոշուց:
Սոճուտ Դենդրոայգին թեեւ պահպանվում, խնամվում եւ մշակվում է, սակայն այցելությունները խթանելու համար օրախնդիր է ճանապարհների բարեկարգումը:
Հ.Գ. Ի դեպ, Դենդրոպարկ բերող Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններում գտնվող հուշաղբյուրը, որից օգտվում են օրական հազարավոր վարորդներ ու քաղաքացիներ ոչ միայն Հայաստանից, այլ նաեւ արտերկրից, գտնվում է, բառիս բուն իմաստով, աղբի մեջ: Հուշաղբյուրի հետնամասում տարիներով կուտակված աղբ է, իսկ հուշաղբյուրի շրջակայքի սալերը ջարդված ու պոկված են: Նշված ճանապարհով են ամեն օր երթեւեկում ՀՀ-ից Վրաստան ուղեւորվող քաղաքացիները:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 
ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Մայիսի 26-ին, 28-ին, 30-ին հիմնականում հյուսիսային շրջաններում, մայիսի 27-ին, մայիսի 29-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երեւանում մայիսի 26-ին, 28-ին, 30-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւ հավանականություն, մայիսի 27-ի, 29-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:




Լրահոս