«ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԵՐԵԽԱՆ ՕՐՈՐՈՑԻՑ ԼՍԻ ԿՈՄԻՏԱՍ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային, ժողովրդական երգերի կատարող, «Ժողովրդական երգիչ-2» նախագծի հաղթող Հայկուհի Բաբախանյանն այն համոզման է, որ իր ներկայացրած ժանրն այսօր ավելի մեծ տարածում ունի, քան, օրինակ, մի քանի տարի առաջ։ Նա «Ժողովուրդ»-ին պատմել է առաջիկայի ծրագրերի մասին, խոստովանել, որ առանց երաժիշտ ամուսնու բեմ չի բարձրանում։

-Հայկուհի՛, մի քանի տարի առաջ հասաք Ձեր կարիերայի պիկին, բայց հիմա, կարծես, պասիվացրել եք Ձեր գործունեությունը։ Ինչո՞ւ։
-Չէի ասի, թե գործնական կյանքում պասիվ շրջան է. պարբերաբար մասնակցում եմ համերգների, վերջերս էլ հանդես եկա Միացյալ Նահանգներում։ Պարզապես այս տարի ավարտում եմ Կոնսերվատորիան, ուսանողական թուհուբոհի մեջ եմ, բացի այդ՝ վերջին շրջանում նվիրվել եմ ընտանիքիս։ Ամեն դեպքում, գործունեությունս, վստահաբար, շարունակելու եմ։ Առհասարակ, երբ հասնում ես մի պիկի, պետք է այդ հաջողությունը պահես. մրցույթներում հաղթելով ոչինչ չի որոշվում։
-Դուք եւ Ձեր սերնդի երգիչները հասե՞լ եք նրան, որ դրսում եւս հանրահռչակեք ազգային, ժողովրդական երգերը։
-Եթե համեմատեք տարիներ առաջ ունեցած եւ ներկայիս իրավիճակները, դրական տեղաշարժը միանշանակ տեսանելի է։ Տարիներ առաջ երբ համերգներով հանդես էինք գալիս, օրինակ, ԱՄՆ-ում, դահլիճում ներկա էին լինում միայն տարեց մարդիկ, իսկ այսօր դահլիճները լի են երիտասարդներով, որոնք մեզ հետ հավասար կատարում են աշուղական, ազգագրական երգերը։ Իհարկե, աշխատելու շատ տեղ ունենք։
-Ձեզ առաջիկայում էլի՞ երաժշտական մրցույթներում կտեսնենք։
-Ես երբեք չեմ խուսափել մրցույթներից, պատրաստ եմ անգամ մեր երկիրը ներկայացնել միջազգային հարթակներում։
-Գիտեմ, որ ոճային փոփոխության դիմելու առաջարկներ շատ են եղել, բայց ոչ մեկը չեք ընդունել, ինչո՞ւ։
-Այո՛, օրինակ՝ տարիներ առաջ Գարիկ Պապոյանը նմանատիպ առաջարկ արեց, բայց հրաժարվեցի։ Ինձ համար կարեւորը ազգայինը պահելն է, իմ նպատակը մաքսիմալ ճանաչվելը կամ ամեն գնով գումար աշխատելը չէ։ Այդ պատճառով էլ միշտ հավատարիմ եմ մնացել այն ժանրին, որ ներկայացնում եմ։
-Բայց այդ պարագայում ֆինանսական առումով չե՞ք տուժում։
-Անկեղծ ասած՝ ամուսինս բավականաչափ վաստակում է, եւ ես չեմ կենտրոնանում այդ խնդրի վրա։ Ամեն դեպքում, ես էլ շատ հետ չեմ մնում այդ առումով։ Ճիշտ է, մեր ժանրի երգիչները այլ ժանրերի ներկայացուցիչների հետ համեմատած՝ շատ գումար չեն աշխատում, բայց կարելի է նաեւ այդքանով բավարարվել եւ փոխարենը լավ գործ անել։
-Երիտասարդ երգիչներն այսօր կարծես թե ձգտում են դեպի աշուղական, ժողովրդական երգերը, այդպե՞ս է։
-Այո՛, էստրադային, ջազային երգիչների մոտ էլ է այդ միտումը զգացվում, ինչը շատ ուրախալի է եւ գովելի։
-Տարիներ առաջ Երեւանի պետական կոնսերվատորիայում բացվեց սանթուրի բաժին, եթե չեմ սխալվում, ընդամենը մեկ ուսանող էր այդ բաժնում սովորում։ Ըստ Ձեզ՝ կարիք կա՞ որ ուրիշ նոր գործիքների բաժիններ էլ բացվեն։
-Իրականում ժողովրդական գործիքներն այսօր պահանջարկ ունեն։ Կարծում եմ՝ ամեն գործիք պետք է ունենա իր բաժինը, որպեսզի երաժշտական դպրոցներում ուսանելուց հետո սաներն իրենց կրթությունը շարունակելու հնարավորություն ունենան։
-Ձեր ամուսինը՝ Ալբերտ Օրդինյանը եւս երաժշտական աշխարհից է՝ դհոլահար է։ Միասին հանդես գալու առիթներ լինո՞ւմ են։
-Առաջիկայում եթե տեսահոլովակ նկարահանեմ, մտադիր եմ նրա հետ ներկայանալ։ Իսկ առհասարակ, ասեմ, որ բոլորն էլ գիտեն՝ իմ համերգների ժամանակ ամուսինս միշտ նվագակցում է ինձ, առանց նրա ես բեմ դուրս չեմ գալիս։
-Ձեր բալիկի համար ի՞նչ օրորոցայիններ եք երգում։ Որքանո՞վ է կարեւոր, որ հայ մայրերը մեր հին օրորոցայինները կատարելով՝ պահպանեն, ինչու ոչ՝ փրկեն այդ գործերը։
-Շատ կարեւոր է, որ երեխան օրորոցից լսի Կոմիտաս, ժողովրդական, աշուղական երգեր։ Իմ երեխան դրանց ներքո հաճույքով քնում է։ Երեխան եթե նույնիսկ այդ պահին չարձագանքի, նրա մոտ, միեւնույն է, լսածը նստվածք է թողնում, եւ երբ մեծանում է, դա օգնում է նրան ճաշակ ձեւավորել։ Այնպես որ, բոլոր մայրիկներին խորհուրդ եմ տալիս կյանքի կոչել այդ առաքելությունը, քանի դեռ զավակները փոքր են։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
«ԴՊՐՈՑԻ ԱՄԵՆԱՉԱՐԱՃՃԻ ՏՂԱՆԵՐԻՑ ԷԻ»

Ինչպես հայտնի է՝ այս տարի դպրոցներում Վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին։ Մինչ շատերը պատրաստվում են հրաժեշտ տալ իրենց կյանքի վճռորոշ փուլերից մեկին, մենք փորձեցինք մի քանի տարի ետ գնալ եւ պարզել՝ ինչպիսի աշակերտ է եղել դերասան Սոս Ջանիբեկյանը, որ առարկաներն է սիրել, որոնք ոչ, արդյո՞ք ունեցել է դպրոցական սերեր։

«Շատ ակտիվ, արկածախնդիր աշակերտ եմ եղել, 3-4 ընկերներով համարվում էինք դպրոցի ամենաչարաճճի աշակերտները. միշտ կողքի դպրոցի, բակի տղաների հետ կռիվներ էինք անում, որտեղ վտանգ էինք տեսնում, քիթներս մտցնում էինք մեջը»,-«Ժողովուրդ»-ին պատմեց դերասանը։
Նա նշեց, որ դպրոցում առանձնապես լավ չի սովորել, սակայն կարողացել է այնպես անել, որ այդ հատկանիշով աչքի չընկնի. «Քննություններից մի քանի օր առաջ օրուգիշեր պարապում էի, լրացնում բաց թողածը։ Դրան նպաստում էր նաեւ իմ դերասանական ջիղը. կարողանում է ուսուցիչների վրա տպավորություն գործել։ Ասեմ նաեւ, որ շատ լավ արտագրում էի, այնքան արագ, որ գրողից հետ չէի մնում։ Ամեն դեպքում ունեի սիրելի առարկաներ՝ հայոց լեզու, գրականություն, ֆիզկուլտուրա, նաեւ մի առարկա, որի շրջանակում ուսումնասիրում էինք աշխարհի լեգենդները։ Դպրոցական տասը տարիների ընթացքում ինձնից չեն պահանջել ծնող կանչել։ Այդ ժամանակահատվածն ինձ համար իսկապես շատ հաճելի է եղել, թեեւ վերջին երկու տարվա ընթացքում հաճախ էի դասերից փախչում»։
Հարցին, թե արդյոք դպրոցական տարիներից Սոսը բացահայտել էր դերասանական իր ջիղը, վերջինս պատասխանեց. «Երբ որեւէ միջոցառում էր լինում, գլխավոր դերը տալիս էին ինձ։ Երբ ութերորդ դասարանում խաղացի ժայռին գամված Պրոմեթեւս, հայրս տեսավ, ասաց. «Իմ տղան դերասան է»»։Ինչ վերաբերում է դպրոցական տարիներին ունեցած սերերին, Սոսն անկեղծացավ. «Ես այդ տասը տարիների ընթացքում միշտ սիրահարված եմ եղել. մինչեւ չորրորդ դասարանը մի աղջկա, չորրորդից վեցերորդը՝ ուրիշ, վեցերորդից ութերորդը՝ այլ աղջկա։ Արդեն ութերորդ դասարանից սկսեցի ընկերություն անել մի աղջկա հետ, եւ մեր հարաբերությունները համեմատաբար երկար տեւեցին. մինչեւ առաջին կուրս միասին էինք։ Հիմա նրանցից ոչ ոքի հետ կապ չունեմ, պարբերաբար հանդիպում եմ միայն նշածս 3-4 ընկերների հետ»,-եզրափակեց դերասանը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՓԵԼԵՇՅԱՆԸ՝ ԿԱՆՆՈՒՄ
2017 թվականի Կաննի կինոշուկայում կինոարվեստի ներկայացուցիչների ուշադրությունը գրավել է հայտնի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Տարերքը» ֆիլմի սցենարը: «Այս տարի մեր տաղավարը մեծ ոգեւորություն է առաջացրել Կաննում: Մենք շեշտը դրել ենք Փելեշյանի «Տարերքը» ֆիլմի սցենարի վրա. ֆիլմը նկարահանելու համար գումար է անհրաժեշտ: Պետությունը խոստացել է աջակցել ֆիլմի ստեղծմանը, իսկ Կաննում այդ կապակցությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լուսինե Քարամյանը:
Մեր երկիրը ներկայանում է Village International/Pantiero հատվածում` N226 տաղավարում` օտարներին ծանոթացնելով մեր կինոարտադրությանը: Ներկայացվում է նաեւ նոր օրենքը, որի համաձայն` Հայաստանում ֆիլմեր նկարահանող օտարերկրյա ներդրողներին կվերադարձվի 20 տոկոս հետվճար:

 

 

ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ
Օրերս համացանցում լուսանկար եւ մեկնաբանություն է հրապարակվել, ըստ որի՝ ԻՊ-ի ներկայացուցիչը խոստացել է պայթեցնել Լաս Վեգասի ակումբները: Թեեւ քաղաքում անվտանգության համակարգն ուժեղացվել է, հանրության շրջանում առկա է վախի մթնոլորտ։ Բայց դա չի խանգարել մի շարք աստղերի համերգային ծրագրեր կազմել։ TMZ-ի փոխանցմամբ՝ Ջենիֆեր Լոպեսը, Սելին Դիոնը, Մըրայա Քերին, Backstreet Boys-ը եւ այլ աստղեր ամենեւին էլ մտադիր չեն չեղարկել համերգները: Այնուամենայնիվ, շատերը վերադարձնում են տոմսերը՝ վախենալով ահաբեկչության զոհ դառնալ։

 

 

ԱՄԵՆԱՍԵՔՍՈՒԱԼ ԿԻՆԸ
Ամերիկյան հայտնի Maxim ամսագիրը ներկայացրել է աշխարհի 100 ամենասեքսուալ կանանց ամենամյա ցանկը, որն այս տարի գլխավորում է 20-ամյա մոդել Հեյլի Բոլդուինը: Վերջինս Instagram-ում ունի ավելի քան 10 մլն հետեւորդ։ Մոդելը, սակայն, կարծես թե թերագնահատում է իրեն։ Նա նշել է, որ իրականում «այդքան էլ գեղեցիկ ու գրավիչ չէ»: Ի դեպ, Հեյլին դերասան Սթիվեն Բոլդուինի դուստրն է:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Maxim-ը տարվա ամենասեքսուալ կին էր ճանաչել Victoria՚s Secret-ի «հրեշտակ» Ստելա Մաքսվելին:




Լրահոս