ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսական վիճակը գնալով էլ ավելի է ծանրանում, եւ կարճ ժամանակ անց հայտնվելու ենք սնանկացման եզրին, երբ բյուջեում պարզապես գումար չի լինելու անգամ թոշակներն ու աշխատավարձերը վճարելու համար: Ու քանի որ իշխանություններն արդեն սպառում են բյուջեի պակասուրդը լրացնելու նպատակով նոր վարկեր վերցնելու լիմիտը, ստիպված վաճառքի են հանում դեռեւս պետական մի քանի հիմնարկները: Եւ այսպես՝ ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է մասնավորեցնել 47 ընկերություններ, այդ թվում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, կառավարության ընդունելությունների տունը, մի շարք բուժհիմնարկներ: Մասնավորեցման ծրագրի արդյունքում ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ, որն էլ ուղղվելու է պետբյուջե: Ճիշտ է՝ իշխանությունները հիմա կփորձեն այս քայլն արդարացնել՝ ասելով, որ այն արվում է անշարժ գույքն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով: Բայց սա ընդամենը պարզունակ արդարացում է՝ քողարկելու իրական նպատակը: Իսկ իրական նպատակը բյուջե լրացուցիչ եկամուտներ բերելն է, քանի որ ստեղծված իրավիճակում հարկահավաքչության շնորհիվ պետական գանձարանը լցնելը գնալով դառնում է դժվար. պարզապես տնտեսության ֆիզիկական ծավալները թույլ չեն տալիս: Մինչ այդ նկատենք, որ նման տեմպերով շարունակվելու դեպքում չի բացառվում՝ մի օր էլ կառավարությունը մասնավորեցման հանի իր գլխավոր մասնաշենքը, նաեւ ԳԱԱ նախագահության շենքը եւ այսպես շարունակ:

 

 

ՊՆ-ում առաջիկայում լուրջ պաշտոնանկություններ են սպասվում. ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ առաջիկայում պաշտոնից կազատվեն նախարարության մի քանի վարչությունների պետեր, նաեւ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատու պաշտոնյաներ, զորամասերի հրամանատարներ: Նկատենք՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի՝ նախարարություն անակնկալ այցից հետո: ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման հաջորդ օրը եղավ Ս. Սարգսյանի հրամանագիրը՝ ռազմական ոստիկանության պետի փոփոխության մասին. Սամվել Ղուկասյանի փոխարեն նշանակվեց նախագահականի թիկնազորի պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը: Ու հիմա, փաստորեն, մի շարք փոփոխություններ դեռ առջեւում են:

 

 

Միայն մայիս ամսվա մեջ կաշառք վերցնելու համար ձերբակալվել է ՊԵԿ երեք բարձրաստիճան պաշտոնյա: Հերթական ձերբակալութունը եղել է երեկ. այս անգամ ձերբակալվել են ՊԵԿ Բավրայի անցակետի պետ Երեմ Մարգարյանն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը: Հետաքրքիրն այն է, որ Մարգարյանը ՊԵԿ հնաբնակներից է, բարձր պաշտոններ է զբաղեցրել մաքսային ծառայությունում, իսկ Բավրայի անցակետի ղեկավար դարձել էր ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ երեկ պաշտոնանկ է արվել նաեւ ՊԵԿ Բագրատաշենի անցակետի պետ Սողոմ Մելիքսեթյանը, որի անունը շրջանառվում էր Հայաստան ապօրինի ճանապարհով ադրբեջանական խնձորներ բերելու պատմության համատեքստում:

 

 
ԱԺ նոր նախագահ Արա Բաբլոյանն իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով: Երեկ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Բաբլոյանը տեղեկացրել է, որ օպտիմալացրել է ԱԺ նախագահի աշխատակազմն ու աշխատանքից ազատել 22 խորհրդականներից եւ օգնականներից 16-ին: «Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, եւ նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներից»,- երեկ ասել է նա՝ նաեւ նշելով ԱԺ աշխատակազմի, հանձնաժողովների փորձագետների օպտիմալացման անհրաժեշտության մասին: Նկատենք, որ ԱԺ-ում այս տարիներին ձեւավորվել է ԱԺ նախագահի խորհրդականների եւ օգնականների հսկա բանակ, երբ խորհրդարանի ամեն հաջորդ ղեկավար չի ազատել նախորդի կադրերին, բայց եւ աշխատանքի է տեղավորել իր մերձավոր շրջապատին: Եւ այսպես` ԱԺ նախագահի խորհրդականներն են դարձել նաեւ մեծ հարստության տեր անձինք՝ Վահագն Գրիգորյանը, որ նաեւ զբաղված է նավթային բիզնեսով, «Միսս Հայաստան» մրցույթի անցկացմամբ, ԱԺ իրավաբանական վարչության նախկին աշխատակից, նախկին դատախազ Սեյրան Յուզբաշյանը եւ էլի շատերը: Ընդ որում, նրանց մի մասն այս ընթացքում ամիսներով չի ներկայացել աշխատանքի, բայց եւ ստացել է 400-500 հազար դրամ աշխատավարձ:

 

 
ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում յոթ հոգով ավելացնելու միջազգային դիտորդների թիվը: Այս մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել յոթ հոգով ավելացնելու միջազգային դիտորդների թիվը: Դրան երկու կողմերը համաձայն են: Սակայն պահպանվում են տարաձայնությունները որոշ դետալների վերաբերյալ, ներառյալ դիտորդների տեղակայման վայրերի, նրանց ֆինանսավորելու կարգի եւ այլ տեխնիկական հարցերի շուրջ: Այդ հարցերի համաձայնեցման ուղղությամբ ներկայումս զբաղված է ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը կազմակերպության քարտուղարության համապատասխան կառույցների հետ միասին, ինչպես նաեւ՝ կողմերի ներկայացուցիչները»,¬ ասել է Պոպովը:
Այսպիսով՝ Ադրբեջանը, փաստորեն, մի ամբողջ տարի ձգձգելուց հետո, ի վերջո, համաձայնել է գնալ Վիեննայի համաձայնություններից ամենա ոչ նշանակալիի կյանքի կոչմանը, այն էլ՝ մասնակիորեն: Սակայն Կասպրչիկի գրասենյակն ընդամենը 7 հոգով համալրելու հետ կապված էլ,դատելով Պոպովի հայտարարությունից, Ադրբեջանն իր պայմաններն է առաջադրում: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. եթե այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռեւս ապրիլի 28-ին, ինչու է այդ մասին միայն հիմա խոսվում եւ ինչու այդ մասին լռեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: Եթե ապրիլի 28-ին այդ մասին բարձրաձայնելը նպատակահարմար չէր, քանի որ պայմանավորվածությունը հստակ չէր, այդ դեպքում ինչ է փոխվել հիմա, որ Պոպովը հանդես է գալիս հայտարարությամբ:
Չի բացառվում, որ այդպիսով ռուս համանախագահը փորձում է Ադրբեջանի իշխանություններին հասկացնել, որ չի կարելի՝ մի կողմից բանակցել եւ համաձայնության գալ, մյուս կողմից՝ վերադառնալով կազմակերպել նոր ռազմական սադրանք: Գաղտնազերծելով Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը՝ ըստ ամենայնի, ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում է նաեւ ադրբեջանական հանրությանը իրազեկել, որ ինչքան էլ ալիեւյան վարչակազմը հոխորտում է եւ երկրի ներսում քարոզում, թե բանակցությունների ընթացքում իրենք միայն մեկ հարց են բարձրացնում. պահանջում են Ղարաբաղի անհապաղ վերադարձ, իրականում բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի իշխանությունները լավ էլ լսում են միջնորդների առաջարկություններն ու խոստումներ տալիս: Սա կարելի է դիտարկել որպես երկրորդ քայլը Մինսկի խմբի վերջին՝ Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունից հետո: Արդյո՞ք այս գործընթացը կունենա շարունակություն, պարզ կդառնա առաջիկայում:




Լրահոս