Դեռեւս 2016 թվականի հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած գործադիրի նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հանձնարարել էր յոթնօրյա ժամկետում քաղաքապետարանի եւ մարզպետարանների համագործակցությամբ ներկայացնել ծրագիր՝ կրթության ոլորտում ազգակցական կապերի միջոցով հովանավորչությունները եւ շահերի բախումները բացառելու ուղղությամբ: Նկատենք, սակայն, որ վերջին շրջանում ազգակցական կապերի միջոցով տնօրեններ դառնալու դեպքերի մասին բարձրաձայնվեցին:
Հետեւաբար ի՞նչ աշխատանքներ են իրականացրել համապատասխան գերատեսչությունները նման դեպքերը բացառելու ուղղությամբ.
«Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն է:
-Պարո՛ն Մկրտչյան, դեռեւս հոկտեմբերին վարչապետը հանձնարարեց ներկայացնել ծրագիր՝ կրթության ոլորտում ազգակցական կապերի միջոցով հովանավորչությունները եւ շահերի բախումները բացառելու ուղղությամբ: Ի՞նչ փուլում է գտնվում այդ ծրագրերի իրականացումը:
-Նույն պրոբլեմի մեջ մենք Մասիվում ենք: Մասիվի հենաշարժողական դպրոցում մենք դեմ ենք, որ տնօրենից հետո այդ պաշտոնն իր աղջիկը զբաղեցնի: Հիմա կոլեկտիվը բողոքների մեջ է նոր տնօրենի ընտրության համար: Մենք խնդիր ունենք այստեղ եւ պետք է ամբողջապես վերանայենք մանկխորհուրդների դերը, մանկխորհուրդներն ըստ էության չպետք է դառնան ադմինիստրացիայի կամակատարները: Խորհուրդները պետք է կարողանան իրենց դերակատարությունը ստանձնել: Եթե ծնողական կոմիտեն չի պաշտպանում ծնողների շահերը, այլ դառնում է դրամահավաքը կազմակերպող հիմնական միջոցը, ուրեմն մենք պետք է մտածենք, թե ծնողներն ինչ են անում այդ խորհուրդներում, դրա համար մենք այդ խորհուրդների գաղափարը պետք է հասկանանք: Իմ կարծիքով լուծումներից մյուսը դպրոցի տնօրենի կերպարի հրապարակայնացումն է: Դպրոցի տնօրենը պետք է կարողանա մշտապես շփվել հասարակության հետ, բացի դպրոցի ներսից` նաեւ նա պետք է ընդունելություններ ունենա: Քանի որ ձայնագրությունների խնդիրներն էլ կան, այդ ամեն ինչն էլ հաշվի առնելով` ուզում ենք բերել մի նոր մոդել, որի ժամանակ կփորձենք եւ՛ դպրոցի տնօրենների դերակատարությունը բարձրացնել, եւ՛ նաեւ դպրոցի տնօրենների հասարակական պատասխանատվությունը դնել:
-Բայց արդյո՞ք այդքանից հետո բացառվելու են մոր ու աղջկա՝ միեւնույն դպրոցում աշխատելու, մեկը մյուսին պաշտոնում փոխարինելու դեպքերը:
-Գիտեք, մենք գաղափար ունենք որպես կանոն ֆիքսել, որ դպրոցի տնօրենը երկու անգամից ավել չի կարող լինել տնօրեն: Եթե ասենք հատուկ վիճակ է, կառավարությունը կարող է դա հաստատել, օրինակ՝ եթե ֆիզմաթ դպրոցում պետք է, որ տնօրենը երրորդ կամ չորրորդ անգամ ընտրվի, որովհետեւ կարող ուժ է, ապա կարելի է կառավարությունով հաստատել: Բայց որպես կանոն դպրոցի տնօրենները երկու անգամից ավել պետք է չկարողանան պաշտոնավարել, սա մի մոտեցում, այսինքն՝ դրանով մենք կվերացնենք ֆեոդալական մոտեցումը: Երկրորդը՝ մենք պետք է կարողանանք դպրոցի տնօրենների ընտրության եւ նրանց գործունեության նկատմամբ ունենալ հասարակական հսկողություն՝ մամուլից սկսած մինչեւ հրապարակային, որովհետեւ դրամահավաք որպես այդպիսին շատ դպրոցներում ունենք, օրինակ՝ Բլեյանի դպրոցում, որտեղ տարեսկզբին մոտավորապես մեկ տարվա համար 130 հազար դրամ պայմանագրով օրինական հավաքվում է: Որեւէ դժգոհություն ես չեմ լսել որեւէ տեղից: Բոլոր ծնողները, երեխաները եւ ուսուցիչները գոհ են, որովհետեւ երեւի հաշվետվողականություն կա, եւ ծնողները տեսնում են, թե իրենց դրամը ինչպես է ծախսվում, ուրեմն մենք ոչ թե պետք է կտրենք ծնողին դպրոցից, այլ ծնողը, եթե ուզում է, պետք է կատարի իր պարտականությունները դպրոցի հանդեպ, բայց ինքը պետք է վստահ լինի, որ դա տեղ է հասնում եւ ի օգուտ իր երեխայի է: Այսինքն՝ երեւի իմ մտածողությամբ, եթե այդ ճանապարհով գնանք, ավելի հստակ կլինի:
-Վերջին շրջանում կրկին բարձրաձայնվեցին դեպքերի մասին, երբ պաշտոնյաների ազգականներ են դառնում տնօրեններ:
-Այո՛, եթե պաշտոնյայի կին է եւ մասնագետ է, ինչո՞ւ չաշխատի, իսկ որտե՞ղ պետք է աշխատի, եթե պաշտոնյայի կին է: Այսինքն՝ ինքը պետք է անցնի բոլոր գործընթացները:
-Բայց հարց է՝ ի՞նչ ճանապարհով է հասնում այդ պաշտոնին:
-Այո՛, սա է կարեւորը: Իր մասնագիտական կարողությունները, արժանիքները: Եթե կարողանանք դա հրապարակային դարձնել, չի կարող գյուղապետը իր քրոջը կամ իր կնոջը, որը կիսագրագետ է, նշանակի դպրոցի ուսմասվար կամ դպրոցի տնօրեն: Օրինակ՝ Գերմանիայում հասարակական հատուկ հանձնախումբ ունեն, մրցույթ է հայտարարվում դպրոցի տնօրենի, այդ հանձնախումբն ընտրում է ժողովրդի կողմից վստահելի երեք հոգի, ուղարկում են դպրոց, եւ խորհուրդը այդ երեք հոգուց ընտրում է մեկին, որպեսզի որակն ապահովվի:
-Պարո՛ն Մկրտչյան, անդրադառնանք նաեւ նախընտրական շրջանում դպրոցի տնօրենների հետ կապված սկանդալային բացահայտմանը, որի վերաբերյալ ուսումնասիրություններ էիք սկսել: Հայտարարել եք, որ ավարտել եք: Եւ ուրեմն՝ ի՞նչ եզրահանգման եք եկել:
-Մենք կամփոփենք եւ առաջարկներով կդիմենք, որովհետեւ մնացածը դատական կարգով կարգավորվել է: Բայց որ խնդիրը հասարակական հնչեղություն ստացավ, ինչո՞վ էր անհանգստացնում, մեր դպրոցների ապաքաղաքականացման խնդիր ունենք: Ինչպես դրան հասնենք, մեր հանձնաժողովն այդ ուղղությամբ է աշխատում:
-Այսինքն՝ դեռ վերջնական չեք ավարտե՞լ:
-Հիմա ավարտել ենք եւ ամփոփում ենք: Գուցե լինի օրենքների մեջ փոփոխության առաջարկություն, կարգերի փոփոխության առաջարկություն, տնօրենի դերի բարձրացում, խորհուրդների դերի վերանայում:
-Կա՞ն կոնկրետ դեպքեր, որ արձանագրել եք կոպիտ խախտումներ:
-Մենք ինքներս մեր ավագ դպրոցների մասով ենք նայել, կան բաներ, որոնց մասին խոսել ենք, եւ կարող է կազմակերպչական ինչ-որ բաներ էլ անենք, այսինքն՝ դիտողություն: Կնայենք, կասենք:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՁԵՌՆՏՈՒ Է ՄԻԱՎՈՐՎԵԼԸ
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտատարեց, որ կուսակցությունը գնալու է խոշորացման: Այդ իսկ պատճառով մեկ կուսակցություն դառնալու առաջարկ են անելու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի գործընկերներին, արտախորհրդարանական եւ խորհրդարանական որոշ ուժերի:
«Ժողովուրդ» օրաթերթը նախ փորձեց պարզել՝ արդյո՞ք այդ դաշինքի մաս կազմող մյուս կուսակցությունը՝ «Համախմբում»-ը, համաձայն է դառնալ մեկ կուսակցություն եւ պատրաստվո՞ւմ է ընդունել դաշնակցի հրավերը: Կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը տեղեկացրեց, որ այդ մասին քննարկումներ չեն անցկացրել: Այնուամենայնիվ, «Ժառանգություն»-ը պատրաստվում է մյուս ամիս համագումար անցկացնել եւ բոլոր հարցերին վերջնական պատասխան տալ: Ըստ տեղեկությունների՝ կուսակցության խոշորացման դրդապատճառն այն է, որ «Ժառանգություն»-ը կորցրել է առաջվա ազդեցությունը եւ որպես քաղաքական ուժ սպառել իրեն: Այդ մասին փաստեցին նաեւ խորհրդարանական ընտրությունները, երբ անգամ դաշինքի կազմում չհաջողվեց բավարար քանակությամբ ձայներ ապահովել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` համագումարը տեղի կունենա հունիսի 20-ից հետո, մինչ այդ դաշինքի առաջնորդները՝ Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, մասնավոր հանդիպումներ են ունենում եւ այդ հարցի մասին դեռեւս խոսում հպանցիկ: Համենայն դեպս, թե՛ «Համախմբում» եւ թե՛ «Ժառանգություն» կուսակցություններին միավորվելը ձեռնտու է, որովհետեւ երկուսն էլ սպառվել են եւ առանձին-առանձին լուրջ հաջողություններ գրանցել չեն կարող: Ըստ ամենայնի՝ դա գիտակցում են նաեւ քաղաքական ուժերի առաջնորդները:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ԴԻՄՈՒՄ ԵՆ ԳՐՈՒՄ
Դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլեւս դատական գործեր չտրամադրվեն: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դիմել է դատավորների խորհուրդ` հայտնելով, որի իր անուն-ազգանունը հանեն դատական գործերը բաշխելու ցանկից: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանն էլ բավարարել է դատավորի դիմումը: Նշենք, որ դատավորները նմանօրինակ քայլի գնում են, քանի որ դատական գործերը այնքան շատ են, որ չեն հասցնում քննել, ուստի դիմում են գրում՝ հրաժարվելով դատական գործեր ընդունելուց, ընդ որում՝ նման վիճակ է տարիներ շարունակ: Դատական համակարգում լուրջ խնդիր է դարձել նաեւ դատական նիստերի առատության պատճառով դահլիճների բացակայությունը. «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ պարբերաբար դատական նիստեր չեն կայանում ազատ դահլիճ չլինելու պատճառով:
ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ
Արթուր Այվազյանի՝ Մանախի կալանքը եւս երկու ամսով երկարաձգվեց: Ինչպես հայտնի է՝ ԱԺ ընտրություններից առաջ՝ մարտի 31-ի ուշ երեկոյան, «Ելք» դաշինքի անդամների ու Մանախի միջեւ միջադեպ էր սկսվել, ինչի արդյունքում ապօրինի զենք էր գործադրվել, որից հետո կալանավորվել էր Արթուր Այվազյանը: Մեզ հետ զրույցում վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ որոշումը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարանում: Ավելին՝ երեկ մեզ նաեւ հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը ՀՀ քննչական կոմիտեի քննիչը հայտնել է կողմերին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արթուր Այվազյանի եւ «Ելք» դաշինքի անդամ Հայկ Սարգսյանի միջեւ տեղի է ունենալու առերեսում:
ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
Նոր կառավարությունը գրեթե ձեւավորվել է, իհարկե, եթե կարելի է նոր համարել: Լիարժեք ձեւավորվելուց հետո գործադիրը ԱԺ հավանության պիտի ներկայացնի իր նոր ծրագիրը: Նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց, որ գործադիրը Ազգային ժողովի նախագահին առաջարկելու է հունիսի 8-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ: Այս պահի դրությամբ հայտարարվել է, որ օրակարգում ընդգրկվելու է չորս հարց՝ չորս օրինագծեր: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարությունը մինչ այդ լիարժեք ձեւավորված կլինի եւ հենց այդ օրն էլ խորհրդարանին կներկայացնի նաեւ իր ծրագիրը: Այդ մասին դեռեւս պաշտոնապես հրապարակված չէ, բայց վերջին օրերին այդ հարցը եւս կընդգրկեն օրակարգում: