ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ցույց են տալիս զարգացումները՝ Սերժ Սարգսյանի այցը ՀՀ պաշտապանության նախարարություն պատահական չի եղել: Այցից հետո աշխատանքից ազատվեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ Սամվել Ղուկասյանը, եւ մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ պաշտպանության նախարարությունում սպասվում են բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումներ:

Ինչպես հայտնի է՝ մայիսի 24-ին նախագահական նստավայրը տարածել էր հաղորդագրություն, թե ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ: Իսկ թե կոնկրետ ինչ հանդիպման մասին էր խոսքը, եւ, առհասարակ, ինչ քննարկում է իրականացրել Սերժ Սարգսյանը ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ, հաղորդագրության մեջ բառ անգամ չկար: Գրել էինք, որ չի բացառվում՝ հանդիպումը կապված է եղել Ղարաբաղյան խնդրի զարգացումների հետ: Ի վերջո, հիշում եք՝ միջազգային հանրությունն ակտիվացրել է այս հարցում լուծման հասնելու ջանքերը, բացի այդ՝ վերջերս հաճախակի են դարձել հրադադարի ռեժիմի խախտումները, եւ բանը հասավ նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այդ ամենի համար հասցեական քննադատեցին Ադրբեջանին: Սակայն չմոռանանք ամենացավալի երեւույթի մասին, որը, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը չի շրջանցել, խոսքը բանակում զինվորների միջեւ տեղի ունեցած տարաձայնությունների մասին է, որի արդյունքում զոհեր են լինում: Ճիշտ է՝ այդ դեպքերով կալանավորվում են ծառայակից ընկերները, բայց երեւույթը հնարավոր չի լինում արմատախիլ անել բանակից:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեւական ժամանակ էր, ինչ խոսակցություններ էին պտտվում, որ ՀՀ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանը չի շարունակի պաշտոնավարել: Ասել է, թե ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի եւ ՌՈ արդեն նախկին պետի ջրերը երկար ժամանակ է՝ մեկ առվով չէին հոսում, սակայն, ըստ էության, ՊՆ-ում սպասել են Սերժ Սարգսյանի այցին, որպեսզի վերջնական լուծում տան Սամվել Ղուկասյանի պաշտոնավարման հարցին, ինչն էլ եւ տեղի ունեցավ:
Բայց ինչպես ցույց է տալիս իրավիճակը՝ ՊՆ-ում առաջիկայում նոր պաշտոնանկություններ են սպասվում: Նախարարությունում խոսակցություններ են պտտվում, որ առաջիկայում պաշտոնից կազատվեն մի քանի վարչության պետեր, անգամ գլխավոր շտաբի պետի տեղեկալներից մի քանիսը, իսկ թե կոնկրետ ովքեր, առայժմ «Ժողովուրդ»-ին պարզել չհաջողվեց:
Հավելենք նաեւ, որ բանակում տեղի ունեցած միջադեպերի հետքերով մինչ իրավապահ մարմինները քննություն են տանում, ՊՆ էլ իր հերթին է ծառայողական քննություն նշանակել տեղի ունեցած դեպքերի պատասխանատուներին պատժելու նպատակով: Եվ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ծառայողական քննությունների արդյունքում արձանագրված դեպքերով ՊՆ, ինչպես նաեւ ՊԲ զորամասի որոշ հրամանատարներ, տեղակալներ, ինչպես նաեւ գումարտակի հրամանատար եւ տեղակալներ ենթարկվել են խիստ նկատողության: Բայց գործընթացը դեռ չի ավարտվել, քանի որ ծառայողական քննությունը շարուկանվում է, եւ ինչպես տեղեկացրել էինք՝ որոշ հրամանատարներ կազատվեն պաշտոնից:
Իհարկե, համակարգի ինքնամաքրումը խրախուսելի է: Բայց առավել կարեւոր է, թե ինչի հետեւանք են այդ քրեորեն պատժելի դրսեւորումները, որոնք, ցավոք, հաճախ հանգեցնում են երիտասարդ զինծառայողների մահվան: Արդյոք ժամանակին իրավիճակին չտիրապետելու, անտեղյակության, անպատասխանատվության հետեւանք չեն տեղի ունեցող դեպքերը: Եւ արդյո՞ք այդ անպատասխանատվությունն ու իրավիճակից անտեղյակությունը կառավարող բուրգով վերեւ չի բարձրանում՝ հասնելով բարձունքին: Ու եթե այդպես է, ինչու են պատժվում «մանրերը»: Սրանք հարցեր են, որոնք պատասխանի խիստ կարիք ունեն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻՑ ՀԱՍԱՆ ԲԱՎՐԱ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձինք մեկը մյուսի հետեւից հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում եւ կալանավորվում: Իսկ պատճառը չարաբաստիկ կաշառքն է:
Դեռեւս այս տարվա մայիսի 11-ին Ադրբեջանական խնձորի գործով կալանավորվեցին ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի մաքսային տեսուչը եւ նույն բաժանմունքի հերթափոխի պետը: Այս ամենի պատճառն այն է, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյաները մի շարք անհատ ձեռնարկատերերից կաշառք էին վերցրել՝ ներկրված տարբեր տեսակի միրգ-բանջարեղենը, այդ թվում` ադրբեջանական խնձորը, պատշաճ զննության չենթարկելու համար: ՈՒ մինչ ՀՔԾ-ում այս գործով նախաքննությունը շարունակվում է, ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն իր հերթին է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Բագրատաշենի բաժանմունքի 4 անձի հեռացրել աշխատանքից, Բագրատաշենի բաժանմունքի պետին էլ նկատողություն տվել:
Տպավորությունն այնպիսին էր, որ կատարվածը դաս կլիներ ՊԵԿ մյուս պաշտոնատար անձանց համար, սակայն պատկերը միանգամայն այլ է: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք վերցնելու համար ձերբակալվել է Բավրա մաքսակետի պետ Երեմ Մարգարյանը եւ մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն: Նկատենք, որ Երեմ Մարգարյանի ձերբակալությունը բավականին խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել ՊԵԿ-ում, քանի որ նա պատահական մարդ չէ եւ դեռ ավելին՝ համարվել է ՊԵԿ-ի ամենահնաբնակ պաշտոնյաներից մեկը: Վերջինս այդ պաշտոնին նշանակվել էր 2016 թվականի դեկտեմբերի 2-ին եւ մինչ մաքսակետի պետ նշանակվելը բարձր պաշտոններ էր զբաղեցրել մաքսային ծառայությունում:
Ըստ մամուլի հրապարակումների՝ իր կարիերայի համար Երեմ Մարգարյանը պարտական է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արտաշես Բեյբությանին: Հենց վերջինս է եղել նրա հովանավորը տարիներ շարունակ:
Ուր կհասնի ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառքի գործով կալանավորումների ընթացքը, դժվար է ասել, սակայն փաստ է, որ մեկ ամսվա ընթացքում արդեն 3-րդ ՊԵկ պաշտոնյան է կալանավորվում:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՀ
Մայիսի 25-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, 13-ամյա երեխան կամրջի երկաթյա արգելափակոցների վրայով քայլելիս հանկարծակի վայր է ընկել եւ մահացել: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

 

3000 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
Արցախի 217 հանրակրթական դպրոցներում երեկ հնչել է Վերջին զանգը: Tert.am-ի փոխանցմամբ՝ շրջանավարտների թիվը 3000-ից ավելի է: 12-րդ դասարանի 1016, 9-րդ դասարանի 2039 աշակերտ ավարտել է դպրոցը եւ կմտնի կյանքի նոր փուլ:

 

 

ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ
Ադրբեջանը Վրաստանի էներգաապահովման հարցում կարեւոր դեր ունի, ասել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն տարածաշրջանային էներգետիկ հարցերին վերաբերող համաժողովի ժամանակ: «Մենք այսօր կախված ենք ադրբեջանական գազից: Ներկայումս Վրաստանը բնական գազ է գնում միայն Ադրբեջանից: Ադրբեջանը, որպես մեր ռազմավարական գործընկեր, Վրաստանում ավելի շատ ներդրումներ է կատարում: Խոշոր նախագծերը, որոնք մենք համատեղ ենք իրականացնում, առաջիկայում կավարտվեն, եւ մենք կկարողանանք Ադրբեջանից կրկնակի ավելի գազ գնել», «Գուրզիա օնլայն»-ի փախանցմամբ՝ ասել է Քալաձեն:

 

 

ՌԻՍԿԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ
Մեքսիկական Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանը հանդիպել է տարբեր երկրների մի շարք պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում ԱԻ նախարարը քննարկել է արտակարգ իրավիճակների եւ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում միջազգային համագործակցության խորացման հիմնահարցերը:

 

 

ՑԱՎԱԿՑԵԼ Է
Մայիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու պետ, Ալեքսանդրիայի Պապ եւ Համայն Աֆրիկայի Թավադրոս Բ Պատրիարքին` Եգիպտոսի Էլ Մինյա նահանգում Ս. Սամուել Խոստովանողի վանքի մոտակայքում ղպտի ուխտավորների վրա զինված հարձակման եւ երկու տասնյակից ավելի անմեղ անձանց սպանության առիթով:

 

 

ՄԻ ԲԱՆ ԿՏԱՆ
Armtimes.com-ը երեկ Շիրակի մարզ ժամանած ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է, թե կուսակցության ղեկավար կազմը ինչ պաշտոններ է նախապատրաստել Շիրակի մարզից պատգամավոր չընտրված Մարտուն Գրիգորյանի եւ Սուքիաս Ավետիսյանի համար: ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հավաստիացրել է, որ Սերժ Սարգսյանը նրանց անգործ չի թողնելու: «Բնականաբար, ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաեւ մենք պետք է կարողանանք որեւէ կերպ ոգեշնչել նրանց: Բնականաբար, Սուքիասն էլ կաշխատի որեւէ պաշտոնում, կարծում եմ՝ հնարավորության դեպքում մի բան կտանք: Սուքիասը լավագույն հանրապետականներից մեկն է»,- ասել է Սահակյանը: Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին, Սահակյանն ասել է.«Մարտունն ամենատաղանդավորն է, բայց ՀՀԿ-ական չի: Մենք կուսակցության մեջ պայքարում ենք, չենք քննարկում, թե ում ինչ պաշտոն ենք տալիս: Պաշտոնները ժամանակավոր գործողություններ են: Մարդը պետք է կարողանա հստակ կանգնել ժողովրդի կողքին»,- եզրափակել է Սահակյանը:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Քննարկվել է 3 հարց՝ 2016թ. ընթացքում ՔԿ ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննությունների, 2015-2016թթ. ընթացքում ՀՀ ՔԿ ծառայողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ վերջիններիս կատարած հանցագործությունների դեպքերի առթիվ քրեական գործերի քննության արդյունքները, 2015-2016թթ. ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործերով նախաքննության վիճակը: Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված կարգապահական խախտումները վերացնելու վերաբերյալ։




Լրահոս