«ՄԵՐ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ԼՃԱՑՈՒՄ Է ՏԻՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը հումորային դաշտում առկա լճացման, գերբնական ուժերով լիցքավորվելու, կատակերգու լինելու հաճույքի եւ դժվարության մասին զրուցել է դերասան, հումորիստ, շոումեն Մկրտիչ Արզումանյանի` Մկոյի հետ:

-Մկրտի՛չ, Ձեզ բավարարո՞ւմ են հումորային այն նախագծերը, որոնք այսօր ունենք, թե՞ կցանկանայիք այլ` նոր ռակուրսից դրսեւորվել:
-Բնական է, որ դեռ շատ անելիքներ կան: Ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում մեր ասպարեզում ստեղծագործական առումով լճացում է տիրում: Ժամանակ է պետք, որպեսզի իրավիճակ փոխվի: Երկար ժամանակ է` մեր ասպարեզում նույն մարդիկ են` նույն իրավիճակներում, բոլորս աշխատում ենք նույն թեմաների շուրջ, եւ որքան էլ փորձում ես այդ թեմաներն այլ կերպ ներկայացնել, միեւնույն է` դրանք նույնական են: Ուստի պարտադիր չէ անընդհատ գործել ու հանդիսատեսին մատուցել այդ որակի պրոդուկտ: Հարկավոր է սպասել եւ այդ ընթացքում կատարելագործվել, պատրաստ լինել ավելի բարդ աշխատանքի, որպեսզի հանդիսատեսին չհոգնեցնես: Առհասարակ, Հայաստանում լայն մտածելակերպի պակաս կա: Յուրաքանչյուրս փորձում ենք տեղավորվել տվյալ իրավիճակում, մինիմալ ենք մտածում, բայց, օրինակ, մեր հարեւան Վրաստանում այդպես չէ: Այնտեղ ավելի լայն են մտածում, մարդիկ ավելի համարձակ են. արդյունքում ծնվում են թե՛ թատերական, թե՛ հեռուստատեսային բարձր որակի նախագծեր: Միեւնույն ժամանակ պետք է նշեմ, որ Հայաստանի պես փոքր, սուղ պայմաններով երկրում դժվար է ստեղծել, օրինակ, ֆիլմ, եւ բրավո նրանց, ովքեր դա կարողանում են անել:
-Կատակերգուն, որը չի վախենում իրեն ծիծաղելի իրավիճակների մեջ դնել, ըստ Ձեզ` կարո՞ղ է նաեւ, ասենք, սեքսուալ լինել:
-Իհարկե, կարող է: Յուրահատուկ կատակերգուներ կան, որոնք շատ մարդկանց կարծիքով նաեւ բավական սեքսուալ են:
-Օրինակ` ֆուտբոլիստի, բալետի պարողի մասնագիտական կյանքը կարճ է տեւում, իսկ հումորիստի դեպքո՞ւմ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ եք անելու տասը տարի անց: Սպառվելու մտավախություն չունե՞ք:
-Ես հիմա զբաղվում եմ իմ սիրելի աշխատանքով եւ կարծում եմ, որ կապ չունի` որ տարիքում ես, հարկավոր է անընդհատ աշխատել: Հանկարծ քեզ չթվա, թե բարձունքին ես: Որովհետեւ տասը տարի հետո մարդիկ հումորիստից բոլորովին այլ պահանջներ են ունենալու: Պետք է պատրաստ լինել դրան: Հարկավոր է նաեւ վատ մտքերով չծանրաբեռնվել: Մեր դեպքում երբ վատ տրամադրություն ես ունենում, դա անմիջապես արտահայտվում է աշխատանքիդ վրա: Արդյունքում այդ նեգատիվը փոխանցվում է նաեւ հանդիսատեսին: Գերբնական ուժ է պետք, որը կկարողանաս «բաժանել» բոլորին:
-Դուք որտեղի՞ց եք ստանում այդ ուժը, ովքե՞ր կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Մարդկանց հետ շփումից: Պարզ, մարդկային հարաբերություններից լիցքեր ստանալու առիթը բաց չեմ թողնում: Երբ գործով լինում եմ գյուղում կամ, օրինակ, երբ մտնում եմ խանութ, օգտվում եմ այդ իրավիճակներից:
-Վստահ եմ, որ նմանատիպ շփումների ընթացքում հաճախ զվարճալի դրվագներ են գրանցվում: Կհիշե՞ք մեկը:
-Այո՛, օրինակ` երբ խաղում էի «Տնփեսա» սիթքոմում, մարմնավորում էի միաժամանակ ե՛ւ պապիկի` Անուշավանի, ե՛ւ որդու` Կորյունի դերը: Հիշում եմ, որ մի օր դերասաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, շտապ օգնություն կանչեցինք: Երբ բժիշկները եկան, օգնություն ցուցաբերեցին, մի քիչ սպասեցինք, որ այդ մարդու առողջական վիճակը վերականգնվի: Այդ ընթացքում ես բժիշկներին ասացի. «Գիտե՞ք` մեր պապիկն էլ լավ չի զգում, լավ կլիներ` ճնշումը չափեիք»: Մտածեցի, որ բժիշկները կհասկանան կատակս, կծիծաղեն, բայց նրանք շատ լուրջ ընդունեցին խոսքերս, ասացին. «Վա՜յ, բա հիմա ինքն ո՞ւր է»: Մտածեցի, որ սկսածս շոուն կարելի է շարունակել, ասացի. «Այնքան պրոբլեմատիկ մարդ է, էլ չենք դիմանում»: Բժիշկներն էլ թե. «Մենք ինչքան պետք է` կսպասենք»: Հետո տեսանք, որ նրանք տեղից չեն շարժվում, ասացինք, որ այդ պապիկը ես եմ (ծիծաղում է): Ի դեպ, այդ առումով նույնիսկ սցենարիաստներն էին շփոթության մեջ ընկնում: Գրում էին. «Կորյուրը պետք է գնա, պապիկի թեւից բռնի, բարձրացնի»: Հետո ասում էին` վա՜յ, ու գնում էին ձեւափոխելու գրածը (ծիծաղում է):
-Երեւի Ձեր գործի մեջ հենց այդ դրական լիցքերն են, որ չեն թողնում դժվարին պահերին հուսահատվեք, հոգնեք ֆիզիկական եւ հոգեւոր առումներով:
-Այո՛, անշուշտ: Քո հոգնածությունը ոչ ոք չպետք է տեսնի` ո՛չ հանդիսատեսը, ո՛չ էլ նույնիսկ հարազատները: Դու իրավունք չունես մարդկանց հետ հարաբերություններում արտահայտել դա: Երբ քեզ տեսնում են, ուզում են, որ դու կատակես. դա քո աշխատանքի արձագանքն է: Դու իրավունք չունես մերժելու մարդկանց խնդրանքն ու չլուսանկարվելու նրանց հետ կամ ինքնագիր չտալ: Պետք է ժպտաս ու դրական լիցքերով վարակես դիմացինիդ: Իսկ երբ կհասնես քո ամրոցը` տուն, կարող ես լիցքաթափվել, որպեսզի հաջորդ օրն էլի գնաս քո գործին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆԵՐԿԱ ԿԼԻՆԻ
Ինչպես հայտնի է` շանսոնյե, հասարակական գործիչ, բանաստեղծ Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետի պրեմիերան տեղի կունենա մայիսի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւբալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն բեմադրվել է Ազնավուրի 12 երգերի հիման վրա: «Ընտրվել են Ազնավուրի այն գործերը, որոնք, իմ կարծիքով, համապատասխանում են բալետային ներկայացման ներքին դրամատուրգիային: Պետք է ընդգծեմ, որ երգերն ընտրելիս, սցենարը գրելիս խորհրդակցել ենք նաեւ շանսոնյեի հետ: Մտածում էի, թե դասական պարի հետ ժամանակակից որ պարային ձեւերը կհամապատասխանեն: Գտա յուրահատուկ լուծումներ: Հեծանիվներն ու անվաչմուշկները մեծ քաղաքների միջավայր են ստեղծում, ինչը մոտ է հանդիսատեսին: Ցանկացա, որ նրանք իրենց հարազատ բան գտնեն բալետում»,-նշել է բալետի սցենարի հեղինակ, բեմադրող-խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ բալետի պրեմիերային ներկա կլինի Շառլ Ազնավուրը:

 

 

82 ՎԱՆՔ Է ԹԱԼԱՆԵԼ
Թաիլանդի քաղաքացին, որն անցած տարի է ազատ արձակվել բանտից, կրկին ձերբակալվել է երկրի հյուսիսարեւելյան մասում՝ վերջին 11 ամսում 82 բուդդիստական վանքից գողություն անելու համար: Ի դեպ, ավելի վաղ տղամարդն արդեն թալանել էր վանքեր, ինչի համար ձերբակալվել էր 2013-ին, իսկ 2016-ին համաներմամբ ազատ էր արձակվել:
Ձերբակալության պահին տղամարդու բնակարանում հայտնաբերվել է 200 հմայիլ, որոնցից 70-ը գողացվել է օրեր առաջ վանականից: Վերջինս ոստիկանություն է դիմել գողությունից հետո: 70 հմայիլների արժեքը գնահատվել է 5,5 հազար դոլար:




Լրահոս