Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարօրություն:
Հանրապետության Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցած տարիներին հայ-ռուսական հարաբերությունները՝ հենված երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության և եղբայրության ամուր հիմքի վրա, հարստացել են որակապես նոր բովանդակությամբ: Ակտիվ քաղաքական երկխոսությունը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային հարցերի շուրջ կառուցողական փոխգործակցությունը, տնտեսական, ռազմատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ նախագծերի համատեղ իրականացումը, Նախագահի խոսքով, լիովին համապատասխանում են Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների շահերին:
«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության ամբողջ համալիրի հետագա աճը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման»,- ասված է ՌԴ նախագահին ուղված ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: