«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալից հետո չի պատրաստվում հրաժարական տալ: Հիշեցնենք՝ հունիսի 8-ին քաղաքապետի 17-ամյա որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, հոր ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել Վալերի Թորոսյանին, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվածից հետո քրեական գործ է հարուցվել, Ռ. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել: Բայց ցանկացած նորմալ երկրում միջադեպին պետք է հետեւեր նաեւ քաղաքապետ Դանիելյանի հրաժարականը. ի վերջո, նրա անչափահաս որդին մարդուն մահացու վրաերթի է ենթարկել հենց քաղաքապետի ծառայողական մեքենայով:
Մինչդեռ Արամ Դանիելյանը փորձում է ամեն կերպ կոծկել որդու արածը, եւ դեպքից անմիջապես հետո ոստիկանություն էր ուղարկել իր վարորդին, որպեսզի վերջինս իր վրա վերցներ կատարվածի մեղքը, բայց իրավապահներն այդպես էլ չեն հավատացել: Հիշեցնենք նաեւ՝ Հայաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ պաշտոնյաներն իրենց որդիների արարքներից հետո հրաժարական են տվել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: