Վարչապետը մեղադրեց Տարոն Մարգարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին անուղղակի մեղադրեց կոռուպցիոներ լինելու մեջ: Երբ վարչապետը երեկ մասնակցում էր վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը, լրագրողները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարապետյանը քաղաքապետ է եղել, հետաքրքրվեցին` հնարավո՞ր է այդ պաշտոնը զբաղեցնելով՝ այդքան մեծ հարստություն կուտակել, որքան ունի երիտասարդ քաղաքապետը: Կարեն Կարապետյանն էլ պատասխանեց, թե պաշտոնով ոչ, սակայն այլ ճանապարհներով` այո: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը Տարոն Մարգարյանին մեղադրեց այլ ճանապարհներով հարստանալու մեջ:

Իհարկե, սա առաջին անգամը չէ, երբ Կարեն Կարապետյանը խոսում է Հայաստանի իշխանության կոռումպացված լինելու մասին: Նմանատիպ մեղադրանքով նա հանդես էր եկել նաեւ նշանակման հենց առաջին օրերին, երբ կառավարության նիստի ժամանակ խոսել էր «պրիմիտիվ գողության» մասին: Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր անգամ նման կարեւոր հայտարարություն անելուց հետո, երբ անդրադարձ է կատարվում այդ թեմային, նա հետեւողականորեն խուսափում է պատասխանից եւ լղոզում նախկինում ասված խոսքերը:

Ավելի ուշ նման դեպք եղավ արդեն բանակին մատակարարված անորակ դիզվառելիքի մասին հայտարարություններից հետո: Նա արդեն Ազգային ժողովի ամբիոնից մեղադրանքներ հնչեցրեց, սակայն դրանք եւս մնացին անհետեւանք ինչպես նմանատիպ այլ հայտարարությունները: Թերեւս Տարոն Մարգարյանին ուղղված մեղադրանքները եւս նա որոշ ժամանակ անց կվերափոխի` հայտարարելով, թե դա նկատի չի ունեցել: Բայց մինչ այդ փաստենք, որ ինչ կերպ էլ նայես, Կարապետյանը Տարոն Մարգարյանին մեղադրել է ապօրինության մեջ. ստացվում է` կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիոներ է, կա՛մ էլ պետական աշխատանքը համատեղում է այլ աշխատանքի հետ, որը ՀՀ օրենսդրությամբ արգելված է:

Երեկ Կարեն Կարապետյանը խոսեց նաեւ իր եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Սարգսյանի հետ ունի «շատ լավ, աշխատանքային, գործնական, հարգալից հարաբերություններ»: Հետաքրքիր է, որ Կարեն Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի լարված հարաբերությունների մասին խոսվում էր դեռ վաղուց: «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում գրել էր այդ մասին` նաեւ նշելով, թե Կարեն Կարապետյանը նույնիսկ երկու անգամ ցանկացել է հրաժարական տալ: Եվ այսքան ժամանակ վարչապետն ըստ էության ոչ մի ձեւ չէր մեկնաբանում տեղեկությունները եւ խոսեց այդ մասին միայն Սերժ Սարգսյանից հետո: Վերջինս օրեր առաջ այդ թեմային անդրադարձել էր Տավուշում` լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքերից հետո միայն Կարեն Կարապետյանը խոսելու «դաբրո» ստացավ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս