Հայաստանը եւ Էստոնիան մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հունիսի 13-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում նման համոզմունք հայտնեց Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը:
«Մեր երկկողմ հարաբերությունները սերտ են եւ բարեկամական: Մենք հայտնաբերեցինք չօգտագործված ներուժ հատկապես տնտեսական, առեւտրային համագործակցության առումներով: Կան որոշ ասպարեզներ, որոնցում նշանակալի նվաճումներ ունենք: Երկու կողմերն էլ երկար ժամանակ գերակայություն են հաղորդում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, հատկապես պետական ծառայության մատուցման համատեքստում: Հպարտությամբ պետք է ասեմ, որ այս ուղղությամբ Էստոնիան նշանակալի փորձ է կուտակել: Մեծ բաների կարող ենք հասնել՝ խթանելով համագործակցությունը»,ասաց Սվեն Միկսերը՝ ընդգծելով, որ Հայաստանը եւ Էստոնիան հաջողությամբ համագործակցում են նաեւ կրթության, բիզնեսի ոլորտներում: Նա տեղեկացրեց, որ այս տարվա երկրորդ կեսին Էստոնիան առաջին անգամ վեցամսյա ժամկետով ստանձնելու է Եվրամիության խորհրդի նախագահությունը:
«Էստոնիան ունի հավակնոտ նախագահության օրակարգ, մտադիր ենք շատ բաների հասնել շատ կարևոր ուղղություններում, եւ մեր գերակա ուղղություններից մեկն Արեւելյան գործընկերությունն է Եվրամիության հետ», նշեց Էստոնիայի արտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ արդեն նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ՀՀԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի: «Մեզ պետք են շոշափելի, տեսանելի արդյունքներ ունենալ, որոնք կհամապատասխանեն Արևելյան գործընկերության երկրների ակնկալիքներին», – ընդգծեց նա: