Ադրբեջանի պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն կենտրոնանալու ինչոր բանի վրա եւ դա անընդմեջ կրկնելու՝ ինքնին արժեզրկելով ասածի իմաստը եւ անելով հակառակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հունիսի 13-ին Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը այն մասին, որ ժամանակն է փոխել ստատուս քվոն: «Չէ որ հենց Ադրբեջանն է խոչընդոտում եւ չի կատարում հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն կտային շարժել բանակցային գործընթացը եւ փոխել ստատուս քվոն: Ադրբեջանը խոսում է մարդու իրավունքների, խոսքի ազատության մասին, բայց անում է հակառակը: Կարծես Բաքվի բրենդը լինի ասել մի բան եւ անել հակառակը»,-նշեց Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ հենց Ադրբեջանն էր, որ չպահպանեց Մոսկվայում եռանախագահների ներկայությամբ արտգործնախարարների միջեւ համաձայնեցված մամուլի հաղորդագրության բովանդակությունը հրապարակելու մասին պայմանավորվածությունը: «Տարբերությունը Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների միջեւ այն է, որ մենք խոսում ենք փաստերով, իսկ նրանք տպավորություններով՝ հիմնված երեւակայությունների վրա»,ընդգծեց ՀՀ արտգործնախարարը: Անդրադառնալով Բաքվի կողմից մշտապես մեջբերվող ՄԱԿի անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք ըստ ադրբեջանական կողմի՝ ընկած են հիմնախնդրի կարգավորման հիմքում՝ նա նշեց, որ դրանք 4-ն են, և հենց Ադրբեջանն է մշտապես հրաժարվել իրականացնել նախորդ ընդունվածները։ «Երբ ընդունվում էին ՄԱԿի անվտանգության խորհրդի բանաձևերը, ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հրաժարվում էր կատարել նախորդը։ Բացի այդ, խոսքը չէր գնում բանակցային գործընթացի մասին, դրանք ուղղված էին ռազմական գործողությունների դադարեցմանն ու զինադադարի հաստատմանը», -եզրափակեց Էդվարդ Նալբանդյանը: