«Ծովից ծով Հայաստանի» դարավոր երազանքը հարամեց իշխանությունների տոնական տրամադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորդառատ անձրեւի հետեւանքով Երեւանի փողոցներում ստեղծված արտակարգ իրավիճակը համընկավ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը` հարամելով իշխանությունների տոնական տրամադրությունը:
Այդ միջոցառմանը, հիշեցնենք, երեկ մասնակցում էր իշխանական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Սարգսյանը նույնիսկ ելույթ էր ունեցել ու դիմելով Տարոն Մարգարյանին, ասել. «Ուղղակի պարտավոր ես գիշեր ու ցերեկ աշխատել, որպեսզի կարողանաս ավելացնել երևանցիների հարգանքն ու վստահությունը քո նկատմամբ, որպեսզի կարողանաս պահել Երևանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործչի դիրքը, որպեսզի կարողանաս հաջորդ ընտրություններին ավելի շատ քվեներ վաստակել և շարունակել կառավարել Երևանը»:

Մայրաքաղաքի փողոցների երեկվա հեղեղից հետո սոցիալական ցանցերում քաղաքացիների արձագանքները միանգամայն հակառակ են պնդում. Տ.Մարգարյանը ոչ միայն Երեւանում ամենամեծ վարկանիշ ունեցող գործիչը չէ, այլեւ՝ սոցիալական ցանցերում երկու օր է, դարձել է անխնա ծաղրի ու քննադատությունների առարկա:

Ինչ վերաբերում է երեկ Երեւանի փողոցներում ստեղծված արտակարգ իրավիճակին, երբ հեղեղի հետեւանքով ջրի մեջ արգելափակվել էին ավտոմեքենաներն ու ավտոբուսները, ապա տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այս տարիներին Տարոն Մարգարյանի ղեկավարած կառույցը որեւէ քայլ չի արել մայրաքաղաքում նորմալ ջրահեռացման համակարգ ունենալու համար: Այլապես, հազիվ թե Երեւանում նման իրավիճակ լիներ:

Ճիշտ է, այսօր արդեն քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ փորձ էր արվում մեղքը բարդել եղանակային պայմանների վրա, թե իբր «առատ տեղումների հետևանքով գրանցված անձրևաջրերի հոսքը որոշ տեղերում հանգեցրել է անձրևատար համակարգի թողունակության գերբեռնվածության, բացի այդ, կարկուտի հետևանքով կոտրված ճյուղերը և տերևները խցանել են անձրևատարների պաշտպանիչ ցանցերը, ինչն իր հերթին որոշ փողոցներում հանգեցրել է անձրևաջրերի կուտակումների»: Բայց ինքներդ եք հասկանում՝ սրանք ընդամենը արդարանալու եւ դեմքը փրկելու խղճուկ փորձեր էին, ուրիշ ոչինչ: Փաստը մնում է փաստ, որ երեկ մայրաքաղաքում, հատկապես կենտրոնում խայտառակ վիճակ էր:

Այս համատեքստում նկատենք. երեկ, երբ լրագրողները Տարոն Մարգարյանին հարցրել էին քաղաքապետարանի ճոխ գնումների մասին, վերջինս հայտարարել էր, թե այդ ամենն անում է հանուն մեզ՝ պարզճակատ անելու բոլորիս: «Ես երեւանցիների կողմից մեծ տան ղեկավար եմ ընտրված եւ փորձում եմ պատվով բոլորիդ երեսը պարզ ճակատով պահել մեր դրսի հյուրերի, այն քաղաքների հյուրերիի մոտ»,- ասել էր նա։ Ու ստացվում է, որ Տարոն Մարգարյանը միայն ճոխ գնումներ անելուց է մտածում բոլորիս «երեսը պարզ ճակատով պահելու» մասին, իսկ երբ հերթը հասնում է լուրջ ծրագրերին, իշխանությունները դրա համար չունեն գումարներ, տեղական բյուջեն չի բավարարում մայրաքաղաքի խնդիրների լուծման համար: Այնպես որ, Տ.Մարգարյանը ճիշտ կաներ՝ բոլորիս «երեսը պարզ ճակատով պահելու» ուղղությամբ քայլեր անելիս ուշադրություն դարձներ նաեւ մայրաքաղաքի խնդիրները լուծելու մասին:

Հ.Գ. Իհարկե, չի բացառվում, որ Տարոն Մարգարյանը որոշել էր իր երդմնակալության օրը բոլորիս«երեսը պարզ ճակատով պահելու» ծրագրի շրջանակներում Երեւանում մի քանի ժամով վերականգնել էր «Ծովից-ծով Հայաստանի տեսլականը», որ վերջապես ներկա սերունդը վայելի ծով ունենալու հաճույքը: Բայց նման դեպքում անհրաժեշտ էր գոնե նախապես հայտարարել, որ մարդիկ հասցնեին պատրաստել լաստանավերը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս