Հունիսի 13-ին, ժամը 12:10-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներն Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ կրակոցի ձայներ լսելով՝ մոտեցել և հայտնաբերել են 39-ամյա Կամո Փիրուզյանի դիակը՝ գետնին ընկած:
Ոստիկաններն անմիջապես դեպքի վայրում հայտնաբերեցին, վնասազերծեցին և սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին 26-ամյա Վլադիմիր Դավթյանին: Նա հայտարարել է, որ ժամը 12-ի սահմաններում սուպերմարկետի մոտ իր կողմից ապօրինի պահված «Մակարով» ատրճանակով մի քանի անգամ թիկունքի կողմից կրակել է Կամո Փիրուզյանի վրա և սպանել նրան։ Խուզարկությամբ Դավթյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 5 փամփուշտ, իսկ ձեռքի պայուսակից՝ ծալովի դանակ։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ։
Վլադիմիր Դավթյանը ձերբակալված է։
Հանցագործության գործիք ատրճանակը, որի վրայից ջնջված է գործարանային համարը և թողարկման տարեթիվը, 5 փամփուշտները և ծալովի դանակը առգրավվել է։
Կատարվում է նախաքննություն։
Հ. Գ. Այն, որ կատարված սպանությունը վրեժխնդրության հետեւանք է, ցույց են տալիս դեպքերի զարգացումները: Բանն այն է, որ երկու տարի առաջ՝ մայիսի 19-ի գիշերը ժամը 4:30-ի սահմաններում, Կամո Փիրուզյանի եղբայրը՝ Վարդանի կրակել էր Վարդան Ավագյանի եւ Էդուարդ Պողոսյանի վրա, որոնք մահացել էին: Իրավապահներն այդ ժամանակ սպանությունները կանխավ որակել են հետընտրական «ռազբորկայի» հետևանք:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 7-ի ընտրություններին Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար մրցակցել են Հանրապետական կուսակցության թեկնածու Կարեն Փարեմուզյանը և անկուսակցական Արթուր Աբգարյանը: Վարդան Փիրուզյանը հունիսի 7-ի ընտրություններին աշխատել է Արթուր Աբգարյանի շտաբում: Նա քաղաքապետի թեկնածու Արթուր Աբգարյանի մանկության ընկերն է: Կարեն Փարեմուզյանի նախընտրական աշխատանքներում Հանրապետական կուսակցության կողմից ընդգրկվել է ալավերդցի Վահագ Աբգարյանը: Իսկ ահա Վարդան Փիրուզյանի կրակոցներից սպանված Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանն Ալավերդիում հայտնի են որպես Վահագ Աբգարյանի թիկնապահներ: Ասել է, թե չի բացառվում, որ կատարված սպանությունը վենդետա է: