«Եթե պետք է փողով դառնամ քաղաքապետ, ավելի լավ է դեղ ուտեմ մեռնեմ». Նոր Հաճնում թեժ ընտրություններ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում տեղի է ունենալու քաղաքապետի ընտրություն: Ըստ Նոր Հաճնի բնակիչների` ընտրությունները թեժ են անցնելու, քանի որ քաղաքապետի աթոռի համար պայքարելու են գործող եւ նախկին քաղաքապետերը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն այժմ պայքարն ընթանում է գործող քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանի եւ նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանի միջև: Ի դեպ վերջինս հայտնի է Ուզբո մականունով:

Իսկ մինչ այդ նկատենք, որ նշվածներից բացի առաջադրվել էին եւս երկու թեկնածու`Սեւակ Գաբիրելյանը եւ Հայկ Կիրակոսյանը, նրանք ինքնաբացարկ են հայտարարել: ArmLur.am-ը քաղաքապետի ընտրությունների թեմայի շուրջ զրուցեց առաջադրված թեկնածուներ եւ Արմեն Քեշիշյանի`Ուզբոյի եւ գործող քաղաքապետ Գագիկ Մաթեուսյանի հետ:

-Պարոն Քեշիշյան, նախընտրական ի՞նչ մթնոլորտ է Նոր Հաճնում:

-Հանգիստ, խաղաղ ընտրության ենք տրամադրված: Լարվածություն չկա, մթնոլորտը հանգիստ է:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք, մարդիկ կընտրե՞ն Ձեզ:

-Չեմ կարող ասել, պետք է ժողովուրդն ասի: Ես ժողովրդի մտադրությունը չեմ հարցրել, որ իմանամ: Հունիսի 18-ին կերեւա:

-Նախընտրական շրջանում չե՞ք հանդիպել բնակիչների հետ:

-Ոչ, չեմ հանդիպել: Ես բնակվում եմ քաղաքում եւ ամեն օր քաղաքի բնակիչներին տեսնում եմ: Ամենօրյա տեսնելը Ձեր համար հանդիպում չէ՞…

-Եթե տեսնում եք բնակիչներին, ապա ի՞նչպես եք համոզում, որ Ձեզ ընտրեն:

-Ես ընդհանրապես չեմ համոզում: Ես որեւիցե մեկին չեմ ասի ինձ ձայն տվեք, հակառակը ասում եմ` ձեր ընտրության իրավունքն է դուք էլ որոշեք:

-Պարո′ն Քեշիշյան, Դուք խորհրդարանական ընտրություններին աշխատել եք ՀՀԿ-ի օգտին, այս դեպքում ՀՀԿ-ն Ձեզ կսատարի՞:

-Սուտ է… Իհարկե ՀՀԿ-ն սատարում է մյուս թեկնածուին, ինձ ինչո՞ւ պետք է սատարեն: Գործող իշխանություններն էլ, բոլոր կառույցներն էլ իր համար են գործում ու աշխատում, ինչո՞ւ պետք է ինձ սատարեն:

-Իսկ փող բաժանելո՞ւ եք:

– Խնդրում եմ ինձ նման հարցեր մի տվեք: Ես երեք անգամ ընտրվել եմ քաղաքապետի պաշտոնում, բայց 10 կոպեկ չեմ ծախսել: Եթե ես պետք է փողով դառնամ քաղաքապետ, ավելի լավ է դեղ ուտեմ մեռնեմ:

Նոր Հաճնի քաղաքապետի թեկնածու Գագիկ Մաթեւոսյան

-Պարո′ն Մաթեւոսյան, Ձեր ո՞ր արժանիքի համար Նոր Հաճնի բնակիչները պետք է Ձեզ ընտրեն:

-Իրենք կորոշեն ինչի համար պետք է ընտրեն ինձ կամ ընտրեն, թե ոչ: Իրենք կորոշեն: Դա ժողովրդի գնահատականը կլինի…

-Ի՞նչ եք արել քաղաքի համար Ձեր պաշտոնավարման 8 տարիների ընթացքում:

-Դա շատ երկար պատմություն է, ես չեմ կարող Ձեզ հեռախոսով պատմել, հերթականություն գոյություն ունի:

-Այսինքն այնքան շատ են, որ չեք կարող հեռախոսով թվարկել…

-Կարծում եմ այո:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս