«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ երկու երեխա: ԱԻ նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսը պատկանել է «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ին:
«Հայկական Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության պետը, 2017 թվականի մայիսի 21-ին, քննարկելով «Դը ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի վերաբերյալ վարչական վարույթը, պարզել էր, որ նշված ընկերությանը պատկանող «Մերսեդես» մակնիշի տրանսպորտային միջոցով իրականացվել է միջպետական ոչ կանոնավոր փոխադրում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ: ՍՊԸ-ն տուգանվել էր 450 հազար դրամով:
«Նկատենք, որ «Դը ռոյալ Լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն այն ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել: Ըստ ՌԴ ՆԳ նախարարության հաղորդագրության՝ վթարը տեղի է ունեցել «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում: Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն ընկել է ճամփեզրի առուն: Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց»,- գրել է թերթը՝ հիշեցնելով, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: