Ինչու է նախարարը կառավարությունից փող ուզում` մոռանալով իր պաշտոնական պարտականությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ կարկուտից տուժած գյուղացիները սպասում են կառավարության աջակցությանը, այս ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործադիրից պահանջում է խաղողագործության ու գինեգործության հիմնադրամին գումարներ հատկացնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարությունն առաջիկայում նշված հիմնադրամին կհատկացնի 144 մլն 31 հազար դրամ:

Նշենք, որ այս տարվա ընթացքում Հիմնադրամին ընթացիկ տարվա համար հատկացվելու է 252 մլն 281 հազար դրամ, որից 108 մլն 250 հազար դրամն արդեն տրամադրվել է: Ըստ գյուղատնտեսության նախարարության`ամբողջ տարվա ծրագրերը իրականացնելու համար Հիմնադրամին պետք է հատկացվի եւս 144 մլն 31 հազար դրամ: Այս գումարով Հիմնադրամը պետք է իրականացնի մի շարք անհետաձգելի միջոցառումներ եւ ծրագրեր՝ ուղղված ոլորտի կայունությանը եւ զարգացմանը: Թե Հիմնադրամի համար ինչ է ասել կայունություն ու զարգացում, դժվար է ասել: Բայց ինչ կայունության կամ զարգացման մասին է խոսքը, եթե  գյուղատնտեսական այս տարում մարդիկ խաղող քիչ քանակությամբ են հավաքելու: Քանի որ նախ ձմռան ամիսների ցուրտն է նրանց խաղողի որթերը վնասել, հիմա էլ կարկուտը:

Սրան զուգահեռ նկատենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Արմավիրի մարզի շուրջ 8 գյուղի բնակիչներ բողոքի ակցիաներ են անցկացնում, ճանապարհներ են փակում`կառավարությունից պահանջելով առարկայական օգնություն: Բայց այս ընթացքում ոչ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եւ ոչ էլ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չեն բարեհաճել իրենց աշխատասենյակներից դուրս գալ եւ հանդիպել գյուղացիներին: Իսկ տուժած գյուղացիներին հանդիպելու փոխարեն գյուղատնտեսության նախարարը կառավարությունից գումարներ է պահանջում ինչ-որ հիմնադրամին ֆինանսավորելու համար:

Նրանց փոխարեն այս ընթացքում գյուղացիների դժգոհությունը փորձում են մեղմել գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, որին արմավիրցիներն այդքան էլ չեն հավատում:
Մինչդեռ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը նման դեպքերում շտապում էր տուժած գյուղեր, հանդիպում էր գյուղացիներին, հանգստացնում էր նրանց, ապա լուսանկարներ հրապարակում: Ինչպես ասում են`մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս