ԱԺ ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, որը «Մոնոլիտ գործարան» ընկերության գործադիր տնօրեն է, հայտարարգրել է, որ ունի գյուղատնտեսական նշանակության 14 հա հողատարածք: Նա ունի նաեւ մեկ հատ «Տոյոտա լանդկրուզեր» մակնիշի ավտոմեքենա: 34-ամյա պատգամավորը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը կազմում է 1 մլն 560 հազար դրամ: Իսկ դրամական միջոցները կազմել են 150 մլն դրամ:
Նշենք, որ խոսքը դաշնակցական այն պատգամավորի մասին է, ով ազդարարի համակարգը «գործ տալու» ինստիտուտ անվանեց: Տեղեկացնենք, որ օրենքի նախագծերի փաթեթով Կառավարությունը եւ նախագծի հեղինակներից Արփինե Հովհաննիսյանը առաջարկում են Հայաստանում «ազդարարի» ինստիտուտ ներդնել: Ըստ այդմ`ազդարարը «բարեխղճորեն հաղորդում է տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ»:
Իսկ դաշնակցական պատգամավորը այս թեմայի շուրջ մասնավորապես հայտարարել էր. «Իմ կարծիքով` ազդարարի ինստիտուտը մեզ` հայերիս, հարիր չէ: Մեր ժողովրդի լեզվով ասած, սա «գործ տալու» ինստիտուտ է: Եկեք բոլորս բոլորի վրա գործ տանք, եկեք գնանք աշխատանքի եւ ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել` մտածելով, որ միմյանց դեմ կարող ենք գործ տալ»:
Սյունէ Համբարձումյան