ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի և ՄԶԳ Տեղահանված երեխաների և որբերի հարցերով հիմնադրամի ներկայացուցիչները: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը` տարիներ շարունակ ՀՀ կրթության ոլորտին տրամադրվող աջակցության համար, մասնավորապես, ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում: Ըստ Լևոն Մկրտչյանի` ներառականության դռները պետք է ավելի լայն բացել, քան հատուկ կրթությունն է: «Օրինակ, սիրիահայ երեխաների համար դժվար է ներառվել Հայաստանի դպրոցներում, քանի որ առկա են ուսումնական ծրագրերի, լեզվական և մտածողության տարբերություններ: Կարևոր է, որ վերջիններս իրենց օտար չզգան: Ազգային փոքրամասնությունների ինտեգրումը ևս շատ կարևոր է»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս ուղղությամբ պետք է շատ աշխատել, քանի որ երբեմն կարևոր ծրագրեր են առաջ քաշվում, սակայն իրականացման փուլում դրանք որոշակի խնդիրներ են առաջացնում: Այս համատեքստում նախարարը կարևորել է կադրերի վերապատրաստման և հասարակության մոտ համապատասխան կարծիքի ձևավորման հարցը: Լևոն Մկրտչյանը ընդգծել է նաև, որ պետք է սերտ համագործակցել ՀՀ սոցիալական հարցերի և ապահովության և ՀՀ առողջապահության նախարարությունների հետ` համատեղ ծրագրերի իրականացման, ներառական կրթության քարտեզի ընդլայնման, ինչպես նաև տնային կրթության պայմաններում ընտանիքներին տրամադրվող աջակցության տեսանկյունից:
Հանդիպմանը ներկայացվել է նաև ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «MEASURE Evaluation» ծրագիրը: Նշվել է, որ Հայաստանը այն չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվելու է ծրագիրը: Դրա նպատակը գործընկեր երկրների ղեկավար մարմինների կարողությունների հզորացումն ու իրավիճակի գնահատումն է երեխաների պաշտպանության ոլորտում, խնամքի և հոգածության ազգային համակարգի բարեփոխման իրականացումը: Առաջարկվող ծրագրով կձևավորվի թիմ, որը 2 տարիների ընթացքում կգնահատի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և ծրագրերը: Նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է թիմում ներգրավել ոչ միայն պաշտոնյաների, այլ նաև հասարակության վստահությունը վայելող մտավորականների, բժիշկների և այլն, ովքեր կաջակցեն ծրագրի իրականացմանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել` հետագա աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ շարունակական դարձնել նման աշխատանքային քննարկումները: