Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է հիմնադրամի երեխաների հետ, ինչպես նաև պատասխանել երեխաների իրավիճակի վերաբերյալ հարցերին, հայտնում է «Արցախպրեսս»-ը:
«Շատ հաճելի է հանդիպել երեխաների հետ, կարծիքներով փոխանակվել։ Նրանք մեր ապագա են։ Միասին փորձում ենք լուծել բոլոր խնդիրները, որոնք որ նրանք ունեն։ Շնորհակալ եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ մեր երկրի անապահով երեխաներին աջակցելու համար»,- նշել է Մխիթարյանը։
Համեմատելով երեխաների կյանքը Հայաստանում և արտասահմանում՝ Հենրիխը հիշել է իր մանկությունը։
«Հայաստանում մանկությունն ավելի լավն է։ Այստեղ երեխաներն ավելի ընկերական են միմյանց հանդեպ։ Արտասահմանում այլ է։ Երեխաներն այդքան ընկերական չեն, այլ հետաքրքրություններ ունեն։ Իմ մանկության մի մասն անցել է Ֆրանսիայում։ Անձամբ ինձ համար այդպես էր։ Ամեն հայ երեխա պետք է ուրախ և երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում»,- նշեց Մխիթարյանը։
Հարցին, եթե հիմա երեխա լիներ, ինչ կցանկանար փոխել Հայաստանում, Մխիթարյանը պատասխանել է. «Ես հիմա էլ եմ երեխա, այնպես չէ՝ շատ մեծ եմ։ Բոլորս էլ մեր ծնողների համար երեխա ենք։ Ճիշտ է, փոխելու շատ բան կունենայի։ Բայց ինչ էլ հիմա Հայաստանն ունի, բավարար է։ Միշտ կատարելագործվելու տեղ կա, ժամանակի ընթացքում Հայաստանը կդառնա այն երկիրը, որ ցանկանում ենք տեսնել»։