Կառավարության կազմավորումից անցել է տեւական ժամանակ, սակայն գործադիրը չի շտապում խորհրդարան ներկայացնել ծրագիրը: Իհարկե, Սահմանադրությամբ նրանք դեռ ժամանակ ունեն. Սահմանադրության համաձայն կառավարությունն իր ծրագիրը պետք է ներկայացնի կազմավորվելուց հետո 20 օրյա ժամկետում, եւ քանի որ Սերժ Սարգսյանի նշանակած վերջին նախարարը Լեւոն Մկրտչյանն էր. նրա հրամանագիրը ստորագրվեց մայիսի 31-ին, քսանօրյա ժամկետը լրանում է այդ օրը: Հունիսի 19-ին էլ նախատեսված է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել` քննարկելու փաստաթուղթը:
Չնայած կառավարության նոր ծրագիրը դեռ չկա, բայց իշխանություններն արդեն սկսել են խոսել փաստաթղթի մասին: Ընդ որում, հատկանշական է փաստը, որ խոսում են ոչ թե իշխող հիմնական ուժի`ՀՀԿ ներկայացուցիչները, այլ` նրանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ ներկայացուցիչները: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այս մասին խոսելիս հայտարարել է. «Շատ մանրակրկիտ կազմված ծրագիր է՝ հստակ ժամանակացույցով, ժամկետներով, ոլորտային հստակ առաջադրանքներով, հավակնոտ, լուրջ առաջադրանքներ պարունակող ծրագիր է՝ տարի առ տարի, որ ոլորտում, ինչ պետք է կատարվի, և սա նաև ենթադրում է հստակ պատասխանատվություն։
Այսպիսի մանրակրկիտությամբ, այսպիսի հստակ թիրախներով ծրագիր նախկինում չկար: Սա ոչ միայն իրատեսական, այլև ավելի հավակնոտ, ավելի լուրջ խնդիրներ առաջադրող ծրագիր է»: Իր հերթին կառավարության ծրագրին անդրադարձել է Բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանը` ասելով, որ այս անգամ կառավարության ծրագիրը երկարաժամկետ է լինելու և ավելի համարձակ թիրախներ են դրվելու: «Այն հիմնական խնդիրները, որ այս կառավարությունը դրել էր նախորդ ժամանակահատվածում, դրանց միջանկյալ արդյունքների ամփոփում կլինի, ապա դրանից հետո կարելի է խոսել մարտահրավերների և նոր նախաձեռնությունների մասին»,- ասել է նա:
Մի կողմ դնենք կառավարության ծրագրի մասին գնահատականները, որ այն ավելի հավակնոտ է, ավելի համարձակ: Այստեղ ուշագրավ է մեկ այլ փաստ. կառավարությունը ներկայացնելու է երկարաժամկետ ծրագիր` հինգ տարվա կտրվածքով: Ինչպես հայտնի է` այս կառավարությունը եւս ժամանակավոր է, եւ գործելու է մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, երբ ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորություններն ու ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր սահմանադրությունը, երկիրը լիարժեք անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարումը կշարունակի որպես վարչապետ, որի ձեռքում էլ կենտրոնացած են լինելու բոլոր լծակները, այդ թվում` ուժային կառույցները, եւ հիմնական կառավարությունը ձեւավորվելու է հենց այդ ժամանակ:
Բայց մյուս կողմից իշխանությունները երկարաժամկետ ծրագիր են ներկայացնում. սա, թերեւս, հիմնական ինտրիգն է: Բայց եթե հիշենք ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ուղերձը, երբ խոսում էր մինչեւ 2040 թվականը իշխանության թիրախների, ծրագրերի մասին, կարելի է ենթադրել` այս ծրագիրը հենց նրա համար է կազմված:
Մի ուշագրավ փաստ էլ. ՀՀԿ-ականներն այդպես էլ չեն խոսում, թե ո՞վ է լինելու վարչապետը 2018թ. ապրիլից հետո` Սերժ Սարգսյանը, թե Կարեն Կարապետյանը:
Այդ հարցին չեն պատասխանում նաեւ կոալիցիայի անդամ ՀՅԴ ներկայացուցիչները. «Հարգելի՛ լրագրողներ, մի սևեռվեք մի հարցի վրա, որն այսօր գոյություն չունի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ծրագիրը, խնդիրները, որոնք ձևակերպված են, մեր երկիրն այլընտրանք չունի, այդ ծրագրերը պետք է իրականացվեն»,- ասել է Աղվան Վարդանյանը։ Իսկ հարցին` Դաշնակցությունը կուզենա՞ր, որ Կարեն Կարապետյանը շարունակեր իր գործունեությունը, ասել է. «Դաշնակցությունը կուզենար, որ այն փոփոխությունները, որոնք երկրում սկսվել են, դրանք լուծվեն, անձերը կարևոր չեն»։
Նկատո՞ւմ եք` Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման մասին նաեւ ՀՅԴ-ն չի խոսում: Հավանաբար` կարեւոր չէ, դրա համար:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ