Հունիսի 15-ը ՀՀ պետական խորհրդանիշների օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանի հանրապետության պետական խորհրդանիշների օրն է: ՀՀ խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը և օրհներգը: «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին: Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1 ։ 2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։

Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը։ Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։

Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։ Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից:




Լրահոս