«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքից ստացված տեղեկության համաձայն՝ նախկին ԲՀԿ-ական և ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը Արթիկից հարկադրված արտագաղթել է կամ փախել: Ինչպես Արթիկում է շրջանառվում, պատճառը մի քանի տարվա պատմություն ունի: Բանն այն է, որ երբ Պետոյանը ԲՀԿ-ական էր և վայելում էր Գագիկ Ծառուկյանի բարձր հովանավորությունը, նրանից 2 միլիոն դոլար է վերցրել՝ Արթիկում ինչ-որ գործեր անելու համար, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ արթիկցուց քվե խնդրելիս ցույց տա, որ իրենք արած գործեր ունեն:
Այս օրերին Արթիկում թիվ մեկ քննարկման և խոսակցության թեման այժմ սա է:
2015-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո, երբ ՀՀԿ-ի էլիտան «որակազրկեց» ԲՀԿ-ին, Պետոյանը հայտնի ԲՀԿ-ականների հետ լքել էր սիրելի Ծառուկյանին, բայց մոռացել էր վերադարձնել պարտքով վերցրած 2 միլիոն դոլարը:
Այժմ Գագիկ Ծառուկյանը Պետոյանից ետ է պահանջում իր գումարները, սակայն, ինչպես արթիկցիներն են ասում, Պետոյանն ընդհատակ է անցել՝ Ծառուկյանից փախած է ման գալիս:
Արթիկից փոխանցված տեղեկության համաձայն՝ Պետոյանը փախել է Անապա, որտեղ հյուրանոց ունի և այժմ էլ ընթանում է վերջինիս շքեղ առանձնատան շինարարությունը: Սակայն, ինչպես Ծառուկյանի շրջապատի աղբյուրներն են պատմում, Գագիկ Ծառուկյանը խոստացել է Պետոյանին գտնել՝ թեկուզ գետնի տակից, և ետ վերցնել իր գումարները:
Կան տեղեկություններ, որ այժմ ծառուկյանականները գումարներ են ետ պահանջում անգամ Մուշեղ Պետոյանի համակիրներից և ընկերներից:
Armtimes.com-ը այս տեղեկությունների վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Մուշեղ Պետոյանից, սակայն վերջինիս բոլոր հեռախոսահամարները անհասանելի են»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: