«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ը մի քանի օր է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչներից ահազանգ է ստանում, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինտեխնիկան իրենց ցանքատարածություններով անցուդարձ անելով՝ վնասում է կերային մշակաբույսերը:
«Ռսի տանկերը ավիրում են, ձեռները կրակն ենք ընկել: Դաշտերը սարքել են իրանց համար ճանապարհ. է՛լ տանկ, է՛լ գռուզավիկ, ինչ ըսես կտանին ու կբերեն: Մենք մեր հողի վրա ռուսի ձեռը գերի ենք ընկել»,- սրտնեղած ասած Մարմաշենի բնակիչը:
Բանն այն է, որ բոլորովին վերջերս ասֆալտապատվել է Մարմաշենի ճանապարհը, ռազմաբազային զգուշացվել է, որ ասֆալտապատ ճանապարհով տանկեր չտեղափոխել, փոխարենը առաջարկել են շրջանցիկ այլ ճանապարհ:
«Իրանց ասվել է, որ դաշտերից հեռու ճանապարհով անցնեն, բայց չեն շրջանցում, վառելիք են խնայում»,-բողոքում են մարմաշենցիները:
Ըստ Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանի, տանկերը գյուղում վնասներ են հասցրել մոտ 12 հեկտար ցանքատարածությունում:
«Մենակ Մարմաշենը չէ, շատ գյուղերի դաշտերի միջով են անցնում: Պոլիգոններ գնալու ժամանակ խախտում են իրենց ճանապարհային քարտեզը եւ մտնում են մեր սեփական դաշտեր»,- ասում է համայնքապետը:
Նրա տեղեկություններով, վերջերս Շիրակի մարզպետարանի եւ 102-րդ ռազմաբազայի միջեւ այս հարցով տեղի են ունեցել բանակցություններ, ռուսական կողմը խնդրել է վնասի չափ ներկայացնել: Մարմաշենի բնակիչները նշում են, որ նմանատիպ քննարկումներ միշտ են եղել, բայց ոչ մի տարի փոխհատուցում չի կատարվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: