Արցախյան հարցը կքննարկվի Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը չի բացառում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկումը հունիսի 20-ին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ժան-Իվ Լե Դրիանի հանդիպման ժամանակ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք չենք բացառում այդ հարցի ներառումը մի շարք միջազգային խնդիրների քննարկման ընթացքում: Դա բնական է, մենք երկխոսության մեջ ենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ, այդ թվում նաև այդ հարցի առնչությամբ, այդ պատճառով դրա քննարկումը չի բացառվում»,- ասել է Զախարովան:

Խոսելով տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի մասին՝ Զախարովան նշել է, որ պետք է սպասել Ռուսաստանի ներկայացուցչի պաշտոնական մեկնաբանությանը, ով կկիսվի իր գնահատականներով, որոնք կտեղադրվեն երկրի արտաքին գործերի նախարարության կայքում:

«Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր կողմ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, նրանց պաշտոնական ներկայացուցիչները և քաղաքական գործիչներն ունեն այդ հարցի լուծման վերաբերյալ իրենց հայացքները: Գոյություն ունի այդ հարցի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Փոխզիջման որոնումը, ինչպես հասկանում եք, կողմերի դիրքորոշումների մոտեցումն է՝ անկախ նրանից, թե երբեմն որքան հակառակ դրանք կարող են լինել: Համապատասխանաբար, դա միջազգային պրակտիկա է, դիվանագիտական աշխատանք է՝ գտնել թվացյալ անլուծելի հարցերի լուծում»,- ասել է Զախարովան:




Լրահոս