Beeline-ը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաներին կտրամադրի ավելի քան 1000 հատ WiFi սարքավորում: Այս սարքերի շնորհիվ դպրոցականները կկարողանան տարբեր ինժեներական խնդիրներ լուծել եւ ազատ ստեղծագործել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պիտախինը եւ «Արմաթ» կրթական ծրագրի իրականացնող՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Կարեն Վարդանյանը նշում է, որ Beeline-ի կողմից այս նվիրատվությունն էականորեն կաջակցի «Արմաթ»-ի սաների ուսուցման գործընթացին: Երեխաներն այս սարքերը վերաձեւափոխելով կամ մասերն առանձին օգտագործելով՝ էլեկտրոնիկայի տարբեր խնդիրներ կլուծեն, կվերափոխեն ռոբոտները եւ այլն:
«Ժամանակակից տեխնոլոգիաները, կրթությունը և երիտասարդներին աջակցությունը հանդիսանում են Beeline-ի կորպորատիվ սոցիալական գործունեության երեք հիմնական ուղղությունները: Ես շատ ուրախ եմ, որ այս ծրագիրը ներառում է վերոնշյալ ուղղությունները և վստահ եմ, որ մեր կողմից տրամադրված սարքավորումները կօգնեն «Արմաթ» լաբորատորիաների սաներին զարգացնել պրոֆեսիոնալ հմտությունները և փոխել իրենց կյանքը դեպի էլ ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Արմաթ» լաբորատորիաները գործում են արտաժամյա սկզբունքով եւ անվճար հիմունքներով: Այն դպրոցականները, ում դպրոցներում դեռեւս չկան լաբորատորիաներ կարող են հաճախել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակներ: Նշենք, որ ԻՏՁՄ-ն ծրագրում է ինժեներական մտքի ձեւավորումը սկսել հենց դպրոցահասակ տարիքից եւ ինժեներական կրթության ժամանակակից հնարավորություններ է ստեղծում Հայաստանի բոլոր դպրոցականների համար: «Արմաթ»՝ ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող լաբորատորիաներում կրթվող հազարավոր դպրոցականների ինժեներական մտքի զարգացումը մոտ ապագայում իր հետ կբերի տեխնոլոգիական հզոր լուծումներ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային շուկայի համար:
ՀՀ հանրակրթական համակարգում ռոբոտաշինության խմբակների ներդրման ծրագիրը ԻՏՁՄ-ն իրականացնում է 2008 թ-ից: 2014թ-ից լաբորատորիաները վերազինվել են բարձրակարգ եռաչափ տպիչներով, իսկ 2016-ից այս ինժեներական խմբակ լաբորատորիաներն անվանվել են «Արմաթ»: Դոնոր ընկերությունների և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ Հայաստանում և Արցախում գործող ինժեներական խմբակ-լաբորատորիաների թիվն արդեն հասել է 200-ի, որտեղ սովորում են ավելի քան 4500 դպրոցականներ: