2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում հորդառատ անձրեւի պատճառով խափանվել էր մայրաքաղաքի ճանապարհային երթեւեկությունը: Երեւանի գլխավոր՝ Մաշտոցի պողոտան կաթվածահար էր եղել: Փակ շուկայի հարեւանությամբ գտնվող թունելը դարձել էր անանցանելի: Թունելում արգելափակված ավտոբուսից եւ մեքենաներից բարեբախտաբար հնարավոր է եղել տարհանել ուղեւորներին։ Երեւանի Լենինգարդյան փողոցում ջրհեղեղի հետեւանքով նույնպես մեքենաները արգելափակվել էին: Երեւանի Նոր- Նորք վարչական շրջանում տեղի էր ունեցել հենապատի փլուզում, որի հետեւանքով վնասվել էր միայն ավտոմեքենա, ուղեւորները բարեբախտաբար չէին տուժել:
Այս փաստերը եւս մեկ անգամ ընդգծում են, որ Երեւանում ջրահեռացման համակարգեր գոյություն չունեն: Արտակարգ իրավիճակի դեպքում հորդառատ անձրեւը կարող է պատճառ դառնալ ոչ միայն ավտոմեքենաների արգելափակման, շենքերի և շինությունների, գույքի վնասման, այլ նաեւ մարդկային զոհերի:
Անձրեւատարերի ոչ բավարար լինելը, առկա ջրահեռացման համակարգի ոչ պատշաճ շահագործումը` աղտոտված (խցանված) լինելը, ճարտարապետա-շինարարական նորմերի կոպիտ խախտումներով Երեւանի կառուցապատումը հանգեցրել է ջրահեռացման համակարգերի բացակայության` ջրահեռացման համատարած խափանման:
2007 թվականից առ այսօր շուրջ 100 միլիոն եվրոյի վարկ է տրամադրվել Երեւանում ջրային տնտեսության ոլորտը բարելավելու համար (ջրամատակարարման և ջրահեռացման):
Երեւանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությանն է փոխանցել Երեւանում աղբահանության եւ սանիտարական մաքրման գործառույթների (աշխատանքների) իրականացումը:
Երեւանի քաղաքապետարանի «Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը, որն իր գործունեությունն է իրականացնում «Վեոլիա» ընկերության հետ, վարձակալության պայմանագրի համաձայն պատասխանատու է Երեւանում ջրամատակարարման եւ ջրահեռացման գործառույթների (աշխատանքների) իրականացման համար:
Երեւանի քաղաքապետարանում եւ 12 վարչական շրջաններում միաժամանակ գործում են` կոմունալ տնտեսության, ճարտարապետության եւ քաղաքաշինության, շինարարության եւ բարեկարգման, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության, վերահսկողության եւ բնապահպանության վարչություններ: Այս վարչական մարմինների գործունեությունը ղեկավարում է Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանի կողմից թույլ տրված ապօրինությունների` տարիներ շարունակ անգործության, հանրային գումարների յուրացման եւ այլ անօրինականությունների հետեւանքով արձանագրվել է՝ Երեւանում ջրահեռացման համակարգերի բացակայություն: Երեւանի քաղաքապետը եւ քաղաքապետի թվով չորս տեղակալները՝ իրենց լիազորությունների ու պարտականությունների շրջանակում ունեալով համապատասխան վարչակազմ եւ միջոցներ, չեն ապահովել հորդառատ անձրեւից առաջացող ջրային հոսքի անխափան հեռացումը, ինչը 2017 թվականի հունիսի 12-ին Երեւանում հանգեցրել է ջրհեղեղի, որից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:
Հաշվի առնելով, որ բազմաթիվ երեւանցիներ տուժել են Երեւանի քաղաքային իշխանությունների հանցավոր անգործությունից` նրանց պատճառվել է էական վնաս,եւ հաշվի առնելով, որ հորդառատ անձրևները կարող են կրկնվել ու տեւել մի քանի օր, ինչը կարող է պատճառ դառնալ նաեւ անդառնալի վնասների ու կորուստների:
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնում նախաձեռնել դատական գործընթաց Երեւանի քաղաքային իշխանության անունից հանդես եկող Տարոն Մարգարյանի անօրինական գործունեության դեմ:
Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության լրատվական ծառայություն