Կաշառքի հետքերով. մանրամասներ դատախազի ցուցմունքից. որտեղ էր Գևորգ Կոստանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի եւ եւս երկու անձի կալանավորումներից: Մեզ հասած լուրերի համաձայն՝ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը ցուցմունք է տվել եւ հայտնել, թե ով է իր մոտ եկել գումարի հարցով, եւ ինչ է ինքը ասել:

Պաշտոնական

Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-ն բացահայտել էր պաշտոնատար անձանց կողմից կաշառք վերցնելու աղմկահարույց դեպք, ինչի արդյունքում կալանավորվել են Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, դատավոր Վանիկ Վարդանյանը, Վարդենիսի պետական քոլեջի տնօրենի եղբայրը` Հայկ Կարապետյանը, եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը: Ասել է, թե կաշառքի գործով այս օրերին կալանավորված է 5 անձ: Իսկ ինչի համար էին, ըստ նախաքննության, վերոնշյալ անձինք կաշառք վերցրել: Բանն այն է, որ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիս քաղաքի Սեւ հողեր կոչվող թաղամասում գտնվող «Ցուլ» ռեստորանի տարածքում միջադեպ է եղել, ինչի արդյունքում կալանավորվել է Վարդենիս քաղաքի բնակիչ Գոռ Գալստյանը: Ըստ ԱԱԾ-ի` մեղադրյալի ծնողները իրենց որդուն ազատ արձակելու համար 2015թ. հունիսին 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանին, ով ստացել է կաշառքը, սակայն չի կատարել խոստումը, արդյունքում 2015թ. հուլիսի 1-ին Գոռ Գալստյանը կալանավորվել է, եւ նրա գործը ուղարկվել է դատարան: Ըստ էության, մեղադրյալի ծնողները՝ տեսնելով, որ չեն կարողանում իրենց երեխային ազատ արձակել, այլ ճանապարհ են գտել: Ըստ ԱԱԾ-ի` Վարդենիս քաղաքի բնակիչ Հայկ Կարապետյանի եւ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդի միջոցով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11 միլիոն 343 հազար 373 դրամ` իրենց որդուն մեղմ պատասխանատվության ենթարկելու համար, սակայն այս գործը եւս գլուխ չի եկել:

Աղմկահարույց կաշառքի խորը արմատները

Այս պատմության մեջ կա մեկ ուշագրավ հանգամանք, որը մի շարք հարցերի տեղիք է տալիս: Բանն այն է, որ կաշառքի դրսեւորումները եղել են դեռեւս 2014 թվականից, սակայն դեպքը բացահայտվում է 2017 թվականին: Եւ ահա «Ժողովուրդ»-ին կաշառքի մութ պատմության մասին մանրամասներ են հայտնի դարձել:
Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականին գրել էինք, որ Հայաստանի իրավապահ համակարգում նոր «ռումբ է պայթելու», քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի որոշմամբ` որոշ դատախազների նկատմամբ քրգործ է հարուցվել համակարգում առկա բացթողումների մասով: Բանն այն է, որ նրան դեռեւս 2014 թվականին տեղեկություններ են հասել Գեղարքունիքի մարզի դատախազությունում տիրող իրավիճակի մասով: Եւ նա հրահանգել էր ստուգումներ անցկացրել, սակայն, ըստ էության, բավարար ապացույցներ չէին ստացվել, որպեսզի հնարավոր լիներ պատասխանատվության կանչել պաշտոնյաներին:

Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը Գեղարքունիքի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանից փորձեց հետաքրքրվել, թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ինչին ի պատասխան՝ դատախազը հայտնեց, որ ինքը այդ ժամանակ մարզի դատախազը չի եղել եւ այլ հարցերի չի կարող պատասխանել: Նկատենք, որ նա ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց վերը նշված տեղեկությունները:

Կաշառքի գործով առերեսում

«Ժողովուրդ»-ին իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին առերեսում է տեղի ունեցել Վարդենիսի պետական քոլեջի ղեկավարի եղբոր՝ Հայկ Կարապետյանի եւ կաշառք տվող, Վարդենիս քաղաքի բնակիչներ Գալստյանների միջեւ: Երբ ՀՔԾ քննիչները հարցրել են կաշառք տվող Գալստյաններին, թե ում են նրանք տվել գումարը, վերջիններս պնդել են, թե տվել են Հայկ Կարապետյանին: Քննիչները Կարապետյանին հարցրել են, թե ինչ կասի նա այդ մասին, Կարապետյանը ասել է, որ ասելու բան չունի եւ լռել է:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` Գոռ Գալստյանի ծնողները այս ընթացքում, բացի Հայկ Կարապետյանից, այլեւս ոչ ոքի հետ չեն առերեսվել: Նրանք ցուցմունք են տվել այն մասին, որ ո՛չ դատարանի նախագահին, ո՛չ նրա վարորդին, ո՛չ դատավոր Վարդանյանին, ո՛չ էլ դատախազ Շմոյանին չեն ճանաչում եւ երբեք գումար չեն տվել: Նրանք ցուցմունք են տվել, որ իրենց որդուն՝ Գոռ Գալստյանին ազատելու համար գումար են տվել Հայկ Կարապետյանին, որ նա էլ Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի վարորդի միջոցով պետք է այն տար դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին:

Հետաքրքիրն այն է, որ Գոռ Գալստյանի ծնողները քննիչներին տեղեկացրել են, որ իրենց երեխային ազատելու համար գումար են տվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի բարեկամին՝ ոմն Մարատին, որպեսզի նա տաներ, տար դատախազ Շհոյանին՝ խնդրելով իրենց երեխային չկալանավորել, սակայն այդ գումարը տեղ չէր հասել:
Նշենք, որ դատախազի բարեկամ Մարատը, որը ըստ ցուցմունքների՝ գումարը վերցրել է Գալստյաններից, այն չի տրամադրել իր դատախազ ազգականին, մահացել է:

Դատախազը ցուցմունք է տվել

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ցուցմունք է տվել նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանը՝ հայտնելով, որ իր բարեկամը իրեն հարցով է դիմել, թե գումար տանք, մի տղա կա, իրեն չկալանավորեք, նա էլ ասել է՝ այլեւս երբեք իրեն նման հարցով չդիմեն եւ երբեք նման բան չասեն: Ահա թե ինչեր են կատարվում աղմկահարույց գործի նախաքննության ընթացքում:

Քնար Մանուկյան




Լրահոս