Հերթական լարումն ԱՄՆ-ում. նախագահը չի կարողանում «ուժայիններին» պարտադրել իր կամքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում քաղաքական իրավիճակի հերթական լարումն է արձանագրվում, որի կենտրոնում կրկին նախագահ Դոնալդ Թրամփն է: Վերջինս, ինչպես հայտնի է, չի հանդուրժում որեւէ այլակարծություն, առավել եւս եթե դա նկատվում է իր կառավարության անդամների մոտ: Այդ էր պատճառներից մեկը, որը ՀԴԲ-ի (FBI) ղեկավար Ջեյմս Քոմիին նա ազատեց աշխատանքից: Այժմ արդեն Քոմին կանչվեց Սենատ եւ հարկադրված եղավ պարզաբանումներ ներկայացնել իր ու նախագահի հարաբերությունների մասին` ելակետ ունենալով Թրամփի ու վարչակազմի` ՌԴ-ի հետ ունեցած կապերի շուրջ անցկացվող հետաքննությունը:

Քոմիին ԱՄՆ-ում հաճախ էին համեմատում ՀԴԲ-ի հիմնադիր Ջոն Էդգար Հուվերի հետ` թե՛ իր պահվածքով, թե՛ որպես նախագահական իշխանության սահմանափակվածությունն ի ցույց դնող կերպարի: Հուվերը ՀԴԲ-ի առաջին ղեկավարն էր, որը աշխատել էր 6 նախագահների հետ, եւ նրանցից ոչ ոք այդպես էլ չէր համարձակվել փոխարինել նրան: Թեպետ Քոմին նշանակվել էր միայն 2013թ., սակայն ընտրական գործընթացում նա լրջագույն դերակատարություն ունեցավ: Նրա հայտարարությունը` Քլինթոնի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը վերսկսելու մասին, ըստ վերլուծաբանների, ճակատագրական նշանակություն ունեցավ ընտրությունների ելքի վրա: Բացի այս՝ նա իրեն բավականին հեռու էր պահում Թրամփի նեղ շրջապատից` ձգտելով ընդգծել, որ իր համար էական չէ նախագահի անձը: Բավականին հետաքրքիր տեղեկություններ են շարունակաբար պտտվում ամերիկյան մամուլում, ըստ որի` Թրամփը բազմիցս փորձել է մտերմություն հաստատել ՀԴԲ-ի ղեկավարի հետ` հանդիպելով վերջինիս սառը վերաբերմունքին: Ակնհայտորեն, Քոմին չի ցանկացել անձնականացնել նախագահի հետ հարաբերությունները, ինչը կարող էր կաշկանդիչ նշանակություն ունենալ իր գործունեության համար:

ԱՄՆ Սենատն արդեն իսկ հրապարակել է Քոմիի պաշտոնական հայտարարությունը: Քոմիի պատմելով` նախագահի հետ նա հանդիպել է 3 անգամ եւ 2 անգամ էլ հեռախոսազրույց ունեցել: Նա առանձնացրել է հունվարի 27-ի զրույցը, որ ունեցել են նրանք երկուսով` ճաշի սեղանի շուրջ: Նախագահը սկզբում հետաքրքրվել է, թե արդյոք Քոմին ցանկանում է մնալ այդ պաշտոնում եւ նրբերանգներով է վարել զրույցը` ընդգծելով իր գերակայությունը ՀԴԲ-ի ղեկավարի նկատմամբ: Թրամփը Քոմիից պահանջել է «նվիրվածություն», իսկ վերջինս էլ խոստացել է միմիայն անկեղծ լինել: Փետրվարի 14-ի հանդիպմանն արդեն Թրամփը խնդրել էր դադարեցնել անվտանգության գծով իր նախկին խորհրդական Ֆլինի նկատմամբ հետաքննությունը` նրան թողնելով հանգիստ հեռանալ: Հանդիպումից հետո ՀԴԲ-ի ղեկավարը փորձել էր հասկանալ կատարվածը` շարունակելով հետաքննությունը «ռուսական հետքի» շուրջ: Մարտի 30-ին Թրամփը արդեն զանգահարել էր ՀԴԲ-ի ղեկավարին ու խնդրել «ցրել ամպերը»` նկատի ունենալով հետաքննությունը, որը խանգարում էր իրեն ամբողջությամբ լծվել պետության հարցերի կարգավորմանը: Քոմին իրավիճակի մասին զեկուցել էր ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալին, որը տվյալ հետաքննության վերահսկողն էր, սակայն նրանից պատասխան չէր ստացել: Թրամփը, փաստորեն, Քոմիին խնդրելով դադարեցնել հետաքննությունը Ֆլինի նկատմամբ, փորձել էր շրջանցել օրենքը եւ անձնական հարթության մեջ դիտարկել ՀԴԲ-ի հետաքննությունները:

Այլեւս հստակ է, որ ՀԴԲ-ի արդեն նախկին ղեկավարի կողմից ղեկավարված` «ռուսական հետքի» ուղղությամբ հետաքննությունը Թրամփը քանիցս փորձել է կանխել: Չկարողանալով Քոմիից ստանալ դրական պատասխան՝ նա դիմել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆֆ Սեշընսին եւ Ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսին` ազդելու Քոմիի վրա, որպեսզի դադարեցնի Ֆլինի գործով հետաքննությունը: Ըստ ամերիկյան պարբերականների` Թրամփը անհաջողության է մատնվել նաեւ այս ասպարեզներում` հանգելով նույնիսկ դատախազի հետ հարաբերությունների վատթարացմանը: Ակնհայտ է, որ ԱՄՆ «ուժայինները» չեն պատրաստվում կատարել նախագահի յուրաքանչյուր հրաման` անգամ նշանակված լինելով նրա իսկ կողմից: Իսկ ահա Թրամփը, այլեւս անկարող լինելով տանել ՀԴԲ-ի անկառավարելի ղեկավարին, ստիպված եղավ նրան աշխատանքից ազատել` վերացնելու համար հետաքննության մատուցելիք գլխացավանքը: Թեպետ ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնությունը հանրապետականներն են, եւ հազիվ թե նրանք նախագահին իմպիչմենտի ենթարկելու գործընթացին հավանություն տան, փաստ է, որ Քոմին Ռիչարդ Նիքսոնի սկանդալից հետո առաջին պաշտոնյան է, որ հարցաքննվում է Կոնգրեսում` պարզաբանելով իր ու նախագահի անմիջական խոսակցությունները: Քոմիի համոզմամբ` իր պաշտոնանկությունը հետեւանք է եղել հետաքննությունն անկախաբար վարելու եւ նախագահի հորդորները անտեսելու քայլին: Թրամփը արձագանքել է, որ Քոմին տեղ-տեղ աղավաղել է փաստերը, սակայն նրա պնդումն այնքան էլ արժանահավատ չէ` առաջիկայում լուրջ զարգացումների տեղիք թողնելով:

Հայաստանում գրեթե չի պատահել, որ իրավապահ մարմինների ղեկավարները նախագահի ու օրենքի միջեւ երկընտրանքի ժամանակ գերապատվեն երկրորդին: Չի եղել դեպք, երբ դատախազությունը, ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն հակադրվեն նախագահի որեւիցե հրահանգին կամ կասկածի տակ դնեն նրա պահանջը: Ուժայինների վերջին ըմբոստությունը նկատվել է 2000թ., երբ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց մեկը մյուսի ետեւից հեռացնել վարչապետ Արամ Սարգսյանի մերձավորներին, ինչպես, օրինակ, Պնախարար Վաղարշակ Հարությունյանին, գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին եւ այլն, ու ձեռնամուխ լինել իր բուրգի կառուցմանը: Բարձրաստիճան պաշտոնյաներից թերեւս եզակի դեպք է գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնազրկումը 2008թ., որը, միանալով Ազատության հրապարակում ընտրությունների արդյունքները վիճարկող հանրահավաքներին, ոչ միայն «կեղծված» որակեց ընտրությունները, այլեւ բացեիբաց հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության շրջանում Հոկտեմբերի 27-ի անջատված մասով քրեական գործը կարճվել էր կոպիտ խախտումներով: ԱՄՆ-ում նման հայտարարությունը անմիջապես կդառնար հետաքննության առարկա, մինչդեռ Հայաստանում դա ոչ ոքի չի հուզում: Այդ երկրում «ուժայինները» նախագահական դիրքի հավասարակշռողներից են, իսկ Հայաստանում՝ իշխանության պահպանման միակ հենարանը:

Ն. Հովսեփյան




Լրահոս