Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) պատվիրակությանը` գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան-Լուի Աթանգանա Ամուգուին և գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ժակ Բիլոդոյին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց մարտ ամսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայան և գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը։

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման հետ կապված հարցերի լայն շրջանակ։ Ներկայացնելով այդ ուղղությամբ աշխատանքների ընթացքը՝ Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ արդեն գումարվել են միջգերատեսչական հանձնաժողովի և աշխատանքային խմբերի նիստեր, պետական տարբեր կառույցների կողմից կատարվում են համապատասխան աշխատանքներ։

Ֆրանկոֆոնիայի քարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր գնահատեցին Հայաստանի՝ որպես ՖՄԿ ամենաակտիվ անդամներից մեկի ներգրավվածությունը Կազմակերպության գործունեությանը: Վերջինիս խոսքով՝ 2015թ. Երևանում կայացած ՖՄԿ նախարարական համաժողովի անցկացման ընթացքում Հայաստանի և Կազմակերպության քարտուղարության միջև արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է հանդիսանում գալիք գագաթաժողովի հաջող կազմակերպման համար:

Զրուցակիցներն անդրադարձան նոյեմբերին Տոգոյում կայանալիք նախարարական համաժողովի օրակարգային հարցերի, ինչպես նաև Հայաստանի՝ այդ համաժողովի նախագահությունը ստանձնելուց հետո իրականացվելիք աշխատանքներին:




Լրահոս