«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտոր Սվիտալսկին բավական կոշտ գնահատականներ է հնչեցրել ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Թեեւ ըստ նրա՝ ընտրատեղամասերում ընտրություններն արդար են անցել, բայց խնդիրները եղել են դրսում. «Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին,- շեշտել է նա` ելույթի վերջում ընդգծելով,- հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության»:
Իշխանությունները միանգամից արձագանքել են ԵՄ դեսպանի այս հայտարարություններին` մեղադրելով նրան Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերի մեջ. նման միտք հայտնել են ե՛ւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ե՛ւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Միայն թե, նկատենք, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ընտրական գործընթացների հետ կապված ահռելի ֆինանսական օժանդակություն են ցուցաբերել Հայաստանին եւ, ըստ այդմ, ունեն բոլոր իրավունքները` հետեւելու, կարծիք հայտնելու, թե որքանո՞վ նպատակին ծառայեցին իրենց միջոցները:
Բացի այդ՝ եթե իշխանությունները ԵՄ դեսպանին մեղադրում են Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձի մեջ, ինչո՞ւ էին ընտրական բարեփոխումների համար նրանից գումարներ աղերսում: Մի փաստ էլ. անկախ գնահատականներից՝ բոլորն էլ գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: