Երեւանի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիստում Երևանի քաղաքապետի տեղակալներ վերանշանակվեցին Վահե Նիկոյանը, Դավիթ Օհանյանը եւ Արամ Սուքիասյանը: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ քվեարկության արդյունքում ավագանու 57 կողմ եւ 5 դեմ ձայներով Վահե Նիկոյանը նշանակվեց քաղաքապետի տեղակալ: Դավիթ Օհանյանի քաղաքապետի տեղակալ նշանակվելուն կողմ քվեարկեց նիստին մասնակից ավագանու անդամներից 45-ը, դեմ քվեարկեց ավագանու անդամներից 5-ը, եւ ձեռնպահ քվեարկեց ավագանու անդամներից 11-ը: Արամ Սուքիասյանի՝ Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակվելուն կողմ քվեարկեց ավագանու նիստին ներկա անդամներից 45-ը, դեմ 5-ը եւ ձեռնպահ 12-ը:
«Շնորհավորում եմ Երեւանի քաղաքապետի տեղակալներին եւ մաղթում նրանց բեղմնավոր աշխատանք»,ասաց Տարոն Մարգարյանը: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները ավագանու նիստի օրակարգում ընդգրկված այս հարցը բոյկոտեցին: Նրանք նշում էին, որ Վահե Նիկոյանը զինվորական ծառայության չի մասնակցել: Վահե Նիկոյանը նշեց, որ զինվորական ծառայությունից ազատվել է գիտական աստիճան ստանալու եւ մասնագիտական աշխատանք կատարելու կապակցությամբ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3- րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Ավագանու արտահերթ նիստին մասնակցում է 62 անդամ: