Այսօր հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի մահվան օրն է: Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թ.-ից։ Անդրանիկ գրքույկում («Անմահները հրամայում են», 1948) երևան են եկել բանաստեղծական խառնվածքի և մտածողության բնորոշ գծերը՝ քաղաքացիական անհանգստություն, մարդու ներաշխարհի գաղտնիքները ճանաչելու և բանաստեղծական անկաշկանդ կառուցվածքների դիմելու ձգտում։ Այնուհետև լույս են տեսել «Անհաշտ մտերմություն» (1953) պոեմը և «Սիրո ճանապարհը» (1954), «Նորից քեզ հետ» (1957) բանաստեղծությունների ժողովածուները։
Բանաստեղծական նոր որակի սկիզբն են սիրային պոեմները («Ուշացած իմ սեր», «Նահանջ երգով», «Երգ երգոց») և «Անլռելի զանգակատուն» (1959, վերամշակված հրատարակություն 1966, ՀՍՍՀ պետական մրցանակ՝ 1957) քնարական–փիլիսոփայական պոեմը։ «Անլռելի զանգակատուն»-ը պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ ծննդյան օրից մինչև Մեծ եղեռնի տպավորություններից խելագարվելը, ապա և մահը՝ «վերադարձը հայրենիք»՝ 1935 թ.-ին։ Այդ ամենը պոեմում ներկայացվել է հայ ժողովրդի քաղաքական ու սոցիալական կյանքի ընդարձակ ֆոնի վրա, ազգագրական ու բանահյուսական նյութի հարուստ օգտագործումով։
Պոեմը ծավալվում է սիմֆոնիկ ստեղծագործության սկզբունքով, մեծ իրադարձությունները մարմնավորող «համազանգ»-երի և ավելի փոքր անցքերը մարմնավորող «ղողանջների միահյուսումով։ Բարձր պաթոսով է հագեցած պոեմի վերշաբանը, որը խորհրդանշում է հայություն–հայ երգ-Կոմիտաս եռամիասնության հարատևության գաղափարը։ Պոեմն ամբողջությամբ, կառուցվածքի և բանաստեղծական արտահայտչաձևերի ինքնատիպությամբ երևույթ է բազմադարյան հայ պոեմի պատմության մեջ։
Առանձնակի նշանակություն ունեն Սևակի նաև մյուս՝ «Այր մի Մաշտոց անուն» և «Եռաձայն պատարագ» պոեմները, որոնք հատկանշվում են հայրենասիրական–հայասիրական շնչով ու փիլիսոփայական ներսուզումներով․ առաջինում վերաիմաստավորվել է հայ գրերը հայտնագործողի դերը, երկրորդը ձոնվել է Մեծ եղեռնի ապրիլյան զոհերի հիշատակին։
Սևակն իր ստեղծագործությամբ լուծել է նորարարական խնդիրներ՝ հայ բանաստեղծությամբ (Գրիգոր Նարեկացի, Սիամանթո, Եղիշե Չարենց) ավանդված կառուցվածքները համադրելով ամերիկյան (Ու․ Ուիտմեն), եվրոպակամ (Պ․ Էլյուար) և ռուսական (Վ․ Մայակովսկի) բանաստեղծության կառուցվածքների հետ։ Նման համադրություն առաջին նշանակալից հայտը «Մարդը ափի մեջ» (1963) ժողովածուն է, որին հատուկ է նախ՝ ժամանակակից մարդու ներաշխարհի գաղտնիքները հետախուզելու–բացահայտելու կիրքը, ապա՝ «ազատ բանաստեղծության» կիրառությունն ու բանաստեղծական ձևերի ճկունությունը։ «Եղիցի լույս» (1971) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուով Սևակը բացեց մարդու, անհատի ճանաչման նոր հնարավորություններ, որին նա հասել է իրականության գեղարվեստական ընկալման համադրական–վերլուծական սկզբունքի գործադրումով։ Միաժամանակ, նա բարձր լարվածության է հասցրել իր քննադատական պաթոսը՝ մարդկային ու հասարակական արատների դեմ, հանդես եկել իբրև մարդու կատարելության և աշխարհի ներդաշնակության ճատագով։
Սևակի գրական ժառանգության մի ստվար մասն են նրա գրականագիտական–բանասիրական և գրաքննադատական հետազոտություններն ու հոդվածները Գրիգոր Նարեկացու, Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Նահապետ Քուչակի, Պետրոս Դուրյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, ժամանակակից բանաստեղծների, հայոց պատմության և լեզվաոճական ալևայլ խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև «Սայաթ-Նովա» (1969) մենագրությունը, որտեղ Սևակը լուծել է բանասիրական մի շարք «առեղծվածներ» և թափանցելով Սայաթ–Նովայի տաղերի էության մեջ` վերհանել նրա ստեղծագործության մի շարք առանձնահատկություններ։
Հայ գեղագիտական մտքի պատմության մեջ, մասնավորապես բանաստեղծական արվեստի տեսական հիմունքների մշակման առումով, ուշագրավ են Սևակի մի շարք հոդվածներ, առաջին հերթին՝ «Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի» բանավիճային հոդվածը (Երկ․ ժող․, 1976, հ․ 6)։ Դրանցում հանդես գալով «նաղլա–հեքիաթային», նկարագրական, գետնատարած, պարզունակ բանաստեղծությունների դեմ` Սևակի արդի բանաստեղծության զարգացման ուղին համարում է մարդկային հոգու խորությունները թափանցող («ներանձավային»), «ոգեղինացած շնչի», բազմաձայնական լայն հնարավորություններով և իմացականությամբ հագեցած չափածոն։ Բանաստեղծության տեսության վերաբերյալ Սևակի առաջարկած որոշ ձևակերպումներ մտել են գիտական շրջանառության մեջ։