Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքում այսօր տեղի է ունեցել «Ազգ, բանակ, հայրենիք» խորագրով Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումի փակման արարողության եզրափակիչ լիագումար նիստը, որը վարել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փորձագետ Հովհաննես Իգիթյանը նիստի ընթացքում հանդես է եկել «Հայկական պետությունների արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները՝ աշխարհաքաղաքական արդի զարգացումներին համընթաց» թեմայով բանախոսությամբ:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական դիվանագիտության, այլ երկրների հետ փոխգործակցության, արտաքին քաղաքական գործընթացներում խորհրդարանների դերի բարձրացման և այդ ասպարեզում համակարգված տեղեկատվական քաղաքականության թեմաներով:
Նիստի ավարտին քննարկվել և ընդունվել է հայկական կուսակցությունների երրորդ ֆորումի եզրափակիչ բանաձևը, որը կհրապարակվի առաջիկա օրերին: