ՀՀԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպմանը, որի քննարկման թեմաներից մեկն էլ եղել է խտրականությունների դեմ քաղաքականությունն ու խոցելի խմբերի պաշտպանությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը վերահաստատել են այդ ուղղություններով համագործակցության հանձնառությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանը դեռ 2015թ. աշնանը ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրով պարտավորվել էր «Խտրականության մասին» օրինագիծ ընդունել, նաեւ ՄԻՊ-ում ստեղծել սեռական փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող մարմին: Ընդ որում, ՄԻՊ-ին նման լիազորություններ տալու հիմնական ջատագովներից է եղել ՀՀ արդարադատության այն ժամանակվա փոխնախարար Արման Թաթոյանը, որն այսօր ինքն է ՄԻՊ պաշտոնում: Երեկվա հանդիպումն ուշագրավ էր նաեւ մեկ այլ առումով. օրերս մայրաքաղաքում հայտնվեցին համասեռամոլության նկատմամբ հանդուրժողականության կոչ անող սոցիալական գովազդների վահանակներ, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց քաղաքապետարանի որոշմամբ հեռացվեցին: Թեեւ քաղաքապետարանը պարզաբանեց, որ պաստառները հանվել են, քանի որ ապօրինի էին, բայց իրական պատճառը սեռական փոքրամասնությունների նկատմամբ հայ հասարակության մերժողական վերաբերմունքն է: Ու անկախ այս ամենից՝ ՄԻՊ Արման Թաթոյանը պետք է այս հարցում դիրքորոշում հայտնի. դատապարտո՞ւմ է երկնագույնների քարոզչության խափանումը, թե՞ դատապարտում է նրանց իրավունքների քարոզչությունը: Սակայն ավանդույթի համաձայն՝ նա լռում է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ՀՀ օմբուդսմենից, փոխարենը Բրյուսելում վերահաստատել է մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ուղղություններով համագործակցության հանձնառությունը: Օդի մեջ՝ դեկլարատիվ խոստումներ:

 

 
«Ռամկավար ազատական կուսակցության» ներսում նոր սկանդալ է հասունանում. սփյուռքի կառույցները որոշել են, որ Հայաստանում այլեւս անիմաստ է ՌԱԿ ներկայացուցչություն ունենալը: Երեկ նման հայտարարություն է արել ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանը: Ավելի ուշ ՌԱԿ հայաստանյան կառույցը հայտարարություն տարածեց այն մասին, որ տվյալ անձինք ինքնակոչ են, ոչ մի երկրում պետականորեն ճանաչված չեն որպես այդպիսին, չեն ներկայացնում ՌԱԿ-ը եւ չունեն լիազորություններ կատարելու հայտարարություններ: Իսկ այդ կառույցի ղեկավար Հակոբ Ավետիքյանը, որ հայտարարեց, թե ՌԱԿ կենտրոնական կառույցը իրենք են, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Հիմա այս պահին ես եմ ատենապետը կենտրոնական վարչության: …Մեր կուսակցությունը 91 թվականից Հայաստանում գրանցված է պաշտոնապես: …Իրենց հետ կապ չկա, այդ խմբակի հետ: Փոքր մի խմբակ է, որի հետ կապ չունենք»:

 

 
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքին, թե արդյոք կատարվածը ամենաթողության հետեւանք է, հայտնեց, որ զորամասի հրամանատարը հեռացվել է պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ պարոն Հակոբյանից հետաքրքրվեց՝ իսկ արդյո՞ք աշխատանքից մարդ հեռացնելով՝ իրավիճակը կարող է փոխվել: «Բանակում թերություններ կան, բայց դա համատարած բնույթ չի կրում, դա եզակի դեպք է, եւ եզակի դեպքերի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն, եւ որոշում է կայացվում: Միանշանակ կարգապահական տույժը, որպես այդպիսին ամրապնդելու է կարգապահությունը բանակում, որովհետեւ դա պարտադիր միջացառումներից մեկն է, բայց ոչ միակը»,- ասել է նա:

 

 
Հայաստանի միջազգային պահուստները նվազել են, ընդ որում՝ բավական կտրուկ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ ապրիլին պետական պահուստները կազմել են 1 մլրդ 939.6 մլն դոլար, ինչը նախորդ ամսվա համեմատ 96.4 մլն դոլարով պակաս է: Ուշագրավ է, սակայն, մեկ այլ փաստ. սա պետական պահուստների՝ այս տարվա մեջ ամենացածր ցուցանիշն է. հունվարին պահուստները 2 մլրդ 67.3 մլն դոլար էին, հետո գնալով հետեւողականորեն պակասեցին: Թեեւ ընդհանուր առմամբ այս վիճակը դեռ աղետալի չէ, քանի որ, օրինակ, 2015թ. փետրվարին պահուստները 1.2 մլրդ էին դարձել, բայց եւ մտահոգիչ են՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի միայն պետական պարտքն ավելին է, քան միջազգային պահուստները. այս տարվա մայիսի 1-ի դրությամբ, հիշեցնենք, պետական պարտքն անցել էր 6 մլրդ դոլարի սահմանագիծը:

 

 
ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ
Արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընտրապայքարից դուրս մնացած «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» նորաստեղծ կուսակցությունը չի հրաժարվի Երեւանի ավագանու մանդատներից: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում Փոստանջյանի ղեկավարած կուսակցությունը զբաղեցրել էր վերջին՝ երրորդ տեղը՝ հավաքելով ձայների 7,5 տոկոսը եւ ստանալով 5 մանդատ: Ու թեեւ ի սկզբանե էլ պարզ էր, որ այս կուսակցությունը ցանկացած արդյունքի դեպքում էլ ունենալու է հնարավորություն՝ ներկայացված լինելու Երեւանի ավագանու կազմում, այդուհանդերձ, ստացած ձայների քանակը, թերեւս, համարժեք չէր Զարուհի Փոստանջյանի քաղաքական հավակնություններին: Թեեւ մյուս կողմից էլ, հաշվի առնելով այն փաստը, որ Փոստանջյանի ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը գրանցեց օրենքով պահանջվող ժամկետի՝ բառացիորեն նախօրեին գրանցված արդյունքը, կարող էր եւ ավելի վատը լինել:
Ամեն դեպքում, ավագանու մանդատները վերցնելու՝ Փոստանջյանի որոշմամբ հաստատվեցին փորձագետների այն պնդումները, որ ԱԺ նախկին պատգամավորը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեց՝ քաղաքական գործընթացներից առաջիկա տարիներին դուրս չմնալու եւ հաջորդ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամպլին ունենալու համար: Ուշագրավ է, որ չնայած հավաքած համեստ արդյունքներին՝ Զարուհի Փոստանջյանը չի ընկրկում եւ հանդես է գալիս նույնքան հավակնոտ հայտարարություններով, ինչպես նախընտրական փուլում, երբ խոստանում էր, որ «գրավելու է Երեւանի քաղաքապետարանը»: Նախօրեին նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, անդրադառնալով մանդատները վերցնելու որոշմանը, հայտարարել է. «Դուք ականատեսը կլինեք, թե ինչպես է Տարոն Մարգարյանը աշխատելու Զարուհի Փոստանջյանի մոտ՝ որպես բռնազավթիչ-քաղաքապետ»:
Այսպիսով՝ արդեն իսկ կարելի է վստահորեն պնդել, որ առաջիկայում Երեւանի ավագանու նիստերը հանրության համար «հաց եւ տեսարաններ» ապահովելու հարցում մեծ նշանակություն կունենան՝ տեսարանների մասով: Անշուշտ, պետք չէ բացառել, որ Փոստանջյանի ներկայությունը Երեւանի ավագանու կազմում որոշակի դրական ազդեցություն կունենա՝ Տարոն Մարգարյանի կյանքը եթե ոչ դժոխքի վերածելու /ինչը պարբերաբար խոստանում էր Փոստանջյանը/, ապա առնվազն քաղաքապետարանի պաշտոնյաների ախորժակները զսպելու եւ նրանց գործունեության վերահսկողության առումով: Սակայն այստեղ մի կարեւոր պահ կա. պարբերաբար հայտարարելով կեղծված գործընթացները մերժելու, դրանց չմասնակցելու մասին /ինչպես որ եղավ 2015թ. սահմանադրական հանրաքվեի, ապա նոր ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ/՝ արդյոք Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները, ի վերջո, ընդունելն ու մանդատները վայր չդնելը համահունչ է ամենասկզբունքային տիկնոջ ծիրանենի իմիջին:




Լրահոս