«ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ ՔՅԱՆԴՐԲԱԶՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ, Բուենոս Այրես նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Սերխիո Նահապետյանը հայտարարել է, թե իրենք եկել են եզրահանգման, որ Հայաստանում ՌԱԿ չպետք է գործի: Ավելի ուշ ՌԱԿ կենտրոնական վարչությունն էլ իր հերթին էր հայտարարություն տարածել այն մասին, որ տվյալ անձինք ինքնակոչ են, չեն ներկայացում ՌԱԿ-ը եւ չունեն լիազորություններ կատարելու հայտարարություններ ու, փաստորեն, գործում են ընդդեմ ՀՀ կուսակցությունների մասին օրենքի:

Ի՞նչ հակասություններ են նորից առաջացել կուսակցության տարբեր կառույցների միջեւ:
«Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՌԱԿ (Հայաստան) ատենապետ Հակոբ Ավետիքյանն է:
-Պարո՛ն Ավետիքյան, այսօր (հեղ.-երեկ) լրագրողների հետ զրույցում ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանը հայտարարել է, թե եկել են եզրակացության, որ Հայաստանում ՌԱԿ-ը չպետք է լինի: Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարությանը, լուծարվելո՞ւ է Ձեր կուսակցությունը:
-Կարող է՝ ուրիշ եզրակացության էլ հասնեն, որ Հայաստանը ընդհանրապես չպետք է լինի: Ես կարո՞ղ եմ գնալ Բուենոս Այրեսում ասել, որ այս տղան գոյություն չպետք է ունենա, չեմ հասկանում, քաղաքականապես անգրագետ են:
-Իսկ նրանք լիազորություններ ունե՞ն նման եզրահանգում կատարելու:
-Չգիտեմ, որովհետեւ իրենք անօրինական գոյություն ունեցող մի ինքնահռչակ մարմին են: Այլապես կուսակցությունը պետք է պատգամավորներ ընտրվել տա տեղում, համագումար կազմակերպի, պատգամավորները պետք է գան, ներկայանան, իրենց կարծիքը տան, այսպես երկար պրոցես է: Ուրեմն նման բան չեն արել, հավաքվել է մարդկանց մի խումբ, եւ ասվել է, որ դու Ավստրիալիան ես ներկայացնու, Բեյրութ եկածին ասել են՝ դու Բեյրութն ես ներկայացնում եւ այլն:
-Սերխիո Նահապետյանի խոսքով՝ Հայաստանում գործող կուսակցության եւ իրենց գործունեությունն ու ծրագրերը տարբեր են: Ըստ նրա՝ Ձեր միջեւ հակասություններ են առաջացել, քանի որ Ձեր կուսակցությունն անձնական շահերի համար է հիմնված: Ի՞նչ շահերի եւ ծրագրային տարբերությունների մասին է խոսքը:
-Ո՞րն է այդ շահը: Եթե լուրջ մարդ է, պետք է պարզաբանի: Հիմա այս պահին ես եմ ատենապետը կենտրոնական վարչության: Պետք է բացատրի, որ Հակոբ Ավետիքյանն ունի անձնական շահեր: Բնական է, որ տարբերություններ կան: Հիմնական օրենքները նույնն են, բայց կան բաներ, որոնք հարմարեցված են ՀՀ կուսակցությունների մասին օրենքին: Այնպես որ, թող գնան, արդարադատության հետ կռվեն, որ կուսակցությունը 91 թվականից Հայաստանում գրանցված է պաշտոնապես:
-Նահապետյանը եւս հանդես է գալիս որպես կենտրոնական վարչության ատենապետ: Ինչպե՞ս է ստացվում, որ նույն վարչության ատենապետները չեն հասկանում միմյանց, կապ չկա՞ կառույցների միջեւ:
-Իրենց հետ կապ չկա, այդ խմբակի հետ: Փոքր մի խմբակ է, որի հետ կապ չունենք այն օրվանից, երբ այդ Սերխիոն եկավ ինձ մոտ, եւ ես իրենց դեմ դրեցի մի նախապայման: Ինքն ասաց, որ չեն կարող հարգել, ես էլ ասացի՝ չեք կարող, գնացեք, ինչ ուզում եք, արեք: Նախապայմանը հետեւյալն էր, որ Հայաստանում առանց մեր համաձայնության որեւէ քայլ չեն կարող կատարել, որեւէ միջոցառում չեն կարող կատարել նաեւ Արցախում:
-Այսինքն՝ ամեն ինչ հենց այդ հանդիպումի՞ց է սկսվել:
-Այդտեղից է սկսվում, անշուշտ:
-Նա նաեւ դատապարտում է այն հանգամանքը, որ նախընտրական շրջանում սփյուռքյան կուսակցությունները որոշել էին ընդդիմադիր դիրքերից հանդես գալ…
-Քաղաքականապես շատ անգրագետ է: Եթե իշխանության մեջ չեմ, կարո՞ղ եմ իշխանական համարվել: Ամբողջ աշխարհում այդպես է, ես զարմանում եմ: Կուսակցությունը շփոթում են պետության հետ, պետականությունը շփոթում են իշխանության հետ, եւ ինչքան իրենց բացատրել ենք ժամանակին, որ պետությունը տարբեր բան է, որ դա ես եմ, դու ես, մյուսն է, իսկ իշխանությունը ուրիշ բան է, այն կգա, կգնա…հիմա սրանք ուզում են կառչել այդ բանից, սա նոր երեւույթ չէ, սփյուռքյան մտածողություն կա այստեղ հաստատ, որ մենք չպետք է Հայաստանի դեմ լինենք: Այ մարդ, դու ընդդիմադիր լինելով էլ Հայաստանի կողքին ես:
-Նրանք պնդում են, որ Ձեր կուսակցության անունը պետք է փոխվի: Պատրաստվու՞մ եք նման քայլի դիմել:
-Որեւէ մեկը կարող է որեւիցե անուն դնել: Դա ինչ նշանակություն ունի: 27 տարվա կուսակցությունը անունը փոխի՞, ինչո՞ւ պետք է փոխի, ո՞վ են, ի՞նչ են: Մեր փորձառու եւ իմաստուն ժողովուրդը մի բան է ասում՝ սատանի մայլում, քյանդրբազություն են անում: Սա մեր երկիրն է, մենք ենք այստեղ տանջվել, մեր երեխաներն են գնում, պաշտպանում այս երկիրը, մենք ենք ցուրտ ու մութ տարիներ տեսել, դիմացել: Մենք էլ հիմա կուսակցաշինական ահագին աշխատանքի մեջ ենք:
-Նրանք հայտարարել են, որ ՀՀ-ում թույլ չեն տալիս հանդես գալ իրենց դրոշներով եւ կուսակցական նշաններով, ինչի դեմ եւս պայքարելու են: Ինչո՞ւ է նրանց դեմ արգելք դրվում:
-Այդտեղ իրենք մի կառույց են ստեղծել, այսպես կոչված, որ ուրեմն 3 սիրիահայեր, որոնք ապաստան են գտել Հայաստանում, մի կառույց են հայտարարել, բայց դա կուսակցություն չէ, որը կրում է Ռամկավար ազատական անունը, եւ զինանշանն ու դրոշն էին օգտագործում: Հիմա մենք իրենց դատի ենք տվել, մրմռոցը դա է: Մենք դատի ենք տվել, որ դուք ինչ ուզում եք, արեք, բայց իրավունք չունեք առանց մեր համաձայնության կուսակցության անունը Հայաստանի տարածքում օգտագործելու: Մեկ էլ մի կառույց էին ստեղծել, դա էլ Արցախի իշխանությունները չգրանցեցին Արցախում:

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԿՎՈՂ ՊԱՏԿԵՐՆ ՈՒ ՃՌՃՌԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ

Նախօրեին նախագահական նստավայրում Հանրապետության տոնի առթիվ տեղի ունեցած պետական պարգեւների եւ կոչումների շնորհման արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել իր հերթական պաճուճազարդ ելույթով:

Նորից լավատեսությամբ, Հայաստանը բարեկեցիկ երկիր դարձնելու մասին խոստումներով լցված տեքստ, որի ոչ մի տառին Հայաստանի շարքային քաղաքացին այլեւս չի հավատում:
«…Փոփոխությունների հիմքում դրվում է առաջին հերթին արդարության սկզբունքը»,- ասել է Սարգսյանը: Արդարությա՞ն սկզբունքով էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանվում եւ ընտրատեղամասերից դուրս համատարած կեղծիքներ իրականացվում: Արդարության սկզբունքի արդյունքո՞ւմ է, որ իրենց ոտնահարված իրավունքների համար պայքարող քաղաքացիների հոծ բազմությունը Կառավարության ամեն նիստի ժամանակ բողոքի ակցիաներ է անցկացնւմ, իսկ սեփական իրավունքների պաշտպանության համար պայքարից հուսահատվածներն էլ՝ հեռանում երկրից: Ասել է, թե արդարություն բառը անհամատեղելի է այս գործելաոճով աշխատող իշխանության հետ:
«Հասարակությունները հաջողություններ են գրանցում՝ հենվելով բացառապես ճշմարիտ արժեքների վրա»,- հայտարարել է Սարգսյանը: Ո՞րն է Հայաստանում գործող իշխանության պատկերացմամբ համարվում բացառապես ճշմարիտ արժեք՝ կոռուպցիա՞ն, պետական միջոցների վատնո՞ւմը, թե՞ իրական մշակութային արժեք հանդիսացող շենքերի վաճառքն ու սեփականաշնորհումը:
Ի վերջո, արդեն տհաճ է դառնում ամեն անգամ Սերժ Սարգսյանի՝ իրականությունից կտրված, ճարտարագիր ռեֆերենտների տեքստերն ունկնդրելը՝ աչքի առաջ ունենալով 30 տոկոսանոց աղքատությունը, տնտեսական խղճուկ վիճակը, քաղբանտարկյալների առկայությունն ու այդ ամենի ֆոնին՝ ՀՀԿ-ի հերթական վերարտադրությունը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Արդեն երկու ամիս է, ինչ շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը, ինչպես նաեւ կրթության պետական տեսչությունը: Այս հարցն ընդգրկված էր նաեւ Կառավարության նախորդ նիստի ժամանակ, սակայն այն այդպես էլ չքննարկվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանեց, թե «Եթե տեսչությունների քաղաքականությամբ պիտի խոշորացում գնա, այնուհանդերձ իմ կարծիքով պետք է լինի մի առանձին օղակ, մի կոմիտե, որը զբաղվի Հայաստանի լեզվաքաղաքականությամբ եւ ոչ միայն հայոց լեզվի, այլեւ օտար լեզուների»: Նախարարի խոսքով՝ Կառավարության նախորդ նիստում քննարկման չդրվեց այս հարցն այն պատճառով, որ, ըստ ամենայնի, դեռեւս առանձին կքննարկվի տեսչության փոխարեն մեկ ուրիշ մարմին ստեղծելու հարցը. «Դա կլինի ոչ տեսչական ֆունկցիաներով, այլ լեզվաքաղաքականության մշակման եւ հետեւման խնդիրներով կզբաղվի»:

 

 

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽԻ
Պետական գույքի մասնավորեցման՝ 2017-2020 թվականների ծրագրում ներառված է նաեւ «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության տնօրեն Նաիրա Ղազարյանի հետ, ով հայտարարեց, որ մասնավորեցման արդյունքում իրենց ընկերության կյանքում ոչինչ չի փոխվելու: «Ֆինանսական առումով մեզ համար էապես ոչինչ չի փոխվելու: Մեր պոլիկլինիկան իր սեփական տարածքը չունի, իսկ մասնավորեցման դեպքում լինելու է միայն գույքային սեփականաշնորհում, որն առանձնապես իրենից ոչ մի կարեւորություն չի ներկայացնում»,- հավելեց տնօրենը: Նշենք, որ ընկերությունը այժմ գործում է, ունի 5 աշխատող: «Նրանք մնալու են` ընկերությունը լինի սեփական, թե պետական: Բայց մասնավորեցման արդյունքում մենք հույս չունենք, որ նոր սարքավորումներ կլինեն: Մենք մեր ուժերով արդեն ամեն ինչ արել ենք, իսկ պետական հին սարքավորումները վաղուց արդեն չենք օգտագործում, որովհետեւ դրանք բարոյապես մաշված են»,- ասաց նա:

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության աշխատակիցները իրենց խնդիրները լուծելու համար ընկել են դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ՝ մայիսի 20-ին ընկերության աշխատակից Դավիթ Հարությունյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Նա պահանջում է, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը իր նկատմամբ կայացրած հրամանն անվավեր ճանաչի եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարի: Ըստ ամենայնի, ընկերության տնօրինությունը որոշել է ազատվել Հարությունյանից՝ նրան ուղարկելով հարկադիր պարապուրդի, սակայն նրանց փորձերը անցել են ապարդյուն, եւ Հարությունյանը իր իրավունքները որոշել է վերականգնել՝ դատարան դիմելով:




Լրահոս