ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ՝ ԲԱՆԱԿԸ ԹԱԼԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքին, թե արդյո՞ք կատարվածը ամենաթողության հետեւանք է, հայտնեց, որ զորամասի հրամանատարը հեռացվել է պաշտոնից:

Նշենք, որ զորամասի հրամանատարը Գեւորգ Մանգասարյանն է: Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ժամկետային երեք զինծառայողներ՝ N զորամասի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Բարսեղյանը, Ռաֆայել Բիշարյանը եւ նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Մնացականյանը չէին մասնակցել առավոտյան տողանին: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ զինվորները վերցրել էին զորամասի հրամանատարի տեղակալին պատկանող մեքենան եւ լքել էին զորամասը, ինչից հետո տեղի էր ունեցել վթարը, եւ տղաները հարակից ջրամբարում ջրահեղձ էին եղել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):
«Ժողովուրդ»-ը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, բանակում զինվորների միջեւ տարաձայնության արդյունքում, երբ զոհ ենք ունենում, կամ մի քանի զինվոր են կալանավորվում, կամ հրամանատարներին նկատողություն են հայտարարում, նույնիսկ հրամանատարին աշխատանքից հեռացնում են: Ըստ Ձեզ՝ աշխատանքից հեռացնելով կամ մի քանի զինվոր կալանավորելով՝ մենք իրավիճակը կարո՞ղ ենք փրկել:
-Ձեր տված հարցերն իրենց մեջ որոշակի ենթատեքստ են հետապնդում, դրա համար չեմ ուզում պատասխանել, բայց նորից պարտադրված պատասխանում եմ: Այն, ինչ Դուք հնչեցնում եք, բանակում այդպիսի թերություններ կան, բայց դա համատարած բնույթ չի կրում, դա եզակի դեպք է, եւ եզակի դեպքերի վերաբերյալ անցկացվում է ծառայողական քննություն եւ որոշում է կայացվում: Միանշանակ կարգապահական տույժը, որպես այդպիսին, ամրապնդելու է կարգապահությունը բանակում, որովհետեւ դա պարտադիր միջացառումներից մեկն է, բայց ոչ միակը:
-Ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանի հեռացումը ե՞ւս բանակում արձանագրված դեպքերի հետեւանքն էր:
-Իհարկե, կապ չուներ, ոստիկանապետի ծառայության ժամկետը լրացել էր, եւ ինքը զորացրվել է բանակից՝ գնալով թոշակի:
-Ուսումնասիրելով վերջին շրջանում պաշտոնական հաղորդագրությունները, նկատում ենք, որ բանակից անցած տարվա ընթացքում մի շարք հրամանատարներ, զորամասի պահեստի պատասխանատուներ դիզվառելիք են գողանում եւ տանում այս կամ այն բենզալցակայանում վաճառում: Ինչպե՞ս եք պայքարում բանակը թալանող հրամանատարների դեմ:
-Քրեական գործերի հարուցումը հենց այդ զսպման մեխանիզմներից մեկն է:
-Բայց քրեական գործերի հարուցման արդյունքում նրանք սիմվոլիկ պատիժ են ստանում, իսկ նման դրսեւորումները շարունակվում են: Այսինքն՝ թալանողները թալանում են եւ քրեական գործերից դասեր էլ չեն քաղում:
-Չեմ կարծում, որ դաս չեն քաղում: Այն, ինչ հրապարակում է ՀՀ քննչական կոմիտեն, նյութերը ստանում է զինված ուժերի կողմից անցկացրած ծառայողական քննությունների ընթացքում ի հայտ եկած թերությունների շրջանակում: Եվ մենք հետամուտ ենք, որպեսզի զինված ուժերում անօրինականությունները վերանան, որովհետեւ նյութական միջոցների կորուստներ են լինում :
-2016 թվականին Ձեր գործունեության մասով աղմկալի բացահայտում արեց ԼՂՀ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Վերջինս հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Բադասյանը նաեւ առաջարկել էր կա՛մ պատասխանատվության ենթարկել Ձեզ, կա՛մ, եթե ինքը զրպարտում է, իրեն ենթարկել պատասխանատվության: Ինչպես նկատեցինք՝ ո՛չ Ձեզ պատասխանատվության ենթարկեցին, ո՛չ էլ Վահան Բադասյանին, ուրեմն իր խոսքերում կա՞ր ճշմարտություն:
-Դրա վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, անց է կացվել հետաքննություն, եւ հետաքննության նյութերի մասին տեղեկացվել է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԳՈՂԱՑՎԱԾ ՇԱՐԺԻՉՆԵՐԸ
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին պատկանող «Գետամեջի» թռչնաֆաբրիկայի թալանի գործով վճիռը հրապարակվեց:
Ինչպես հայտնի է` Արտյոմ Մովսեսյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից անակնկալ ազատվեց անցած տարվա հունիսի 7-ին, որից հետո որոշեց զբաղվել թռչնաբուծությամբ: Նա ձեռք բերեց «Գետամեջի» թռչնաֆաբրիկա: Հավելենք, որ «Գետամեջի» թռչնաֆաբրիկան նախկինում պատկանել է «Դվին» կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանին: Սակայն կուտակած պարտքերի պատճառով ընկերությունը գրավադրվել է բանկում եւ չկարողանալով կատարել վարկային պարտավորությունները՝ ընկերությունը դարձել է բանկի սեփականություն, որից հետո սնանկացած ընկերությունը ձեռք է բերվել Արտյոմ Մովսեսյանի կողմից, եւ այն վերանվանվել է «Գետամեջ 2016»: Արդյունքում, «Գետամեջի» թռչնաֆաբրիկան հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում:
Բանն այն է, որ 2016 թվականի սեպտեմբերին թռչնաֆաբրիկայի աշխատակիցներ Հրաչ Պետրոսյանը եւ Դանիել Ղուկասյանը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում գտնվող «Գետամեջի թռչնաֆաբրիկա» ՍՊ ընկերությանը պատկանող տարածքից հափշտակել էին օդափոխության համակարգի 8 շարժիչներ, 20 իրաններ եւ գողացված ապրանքը վաճառել էին «Լուսակերտ» ՍՊ ընկերությանը եւ ստացված գումարը մեջ-մեջ արել:
Ի դեպ, նշենք, որ «Լուսակերտ» ՍՊԸ-ն պատկանում է նախկին ՀՀԿ-ական, իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Խաչիկ Մանուկյանին: Այս գործը քննվում էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, եւ ահա մայիսի 17-ին գործը նախագահող դատավոր Գեղամ Մարգարյանը հրապարակեց նախկին քաղավիացիայի պետին պատկանող ընկերության գործով վճիռը:
Արդյունքում Հրաչ Պետրոսյանը եւ Դանիել Ղուկասյանը ազատազրկման դատապարտվեցին 6 ամիս ժամկետով, սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց, սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով, իսկ ահա նրանց նկատմամբ հսկողությունը դրվեց ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության վրա:

 

 

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆ ԸՆԴԴԵՄ ՊԵԿ-Ի
Ինչպես հայտնի է՝ այս տարվա սկզբից ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում էին հայտնվել սուպերմարկետները, որտեղ նրանք սկսել են ստուգումներ անցկացնել: Գրել էինք, որ փետրվարի 16-ին փակվել էին «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մի քանի խանութներ, որտեղ եւս ՊԵԿ-ը ստուգումներ էր իրականացնում եւ խախտումներ էր հայտնաբերել: Սակայն, ինչպես նկատում ենք, հայտնաբերված խախտումների արդյուքում ՊԵԿ համապատասխան ակտ էր կայացրել, ինչի հետ սուպերմարկետի տնօրինությունը այդքան էլ համամիտ չէր եղել եւ կայացրած ակտը չեղյալ հայտարարելու համար դիմել էր ՀՀ վարչական դատարան: Դատարանը բավարարել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի հայցը եւ անվավեր է ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ակտը:

 

 
ՄԱՐՄԻՆԸ ՀԱՆՁՆԵԼ ԵՆ ՀՈՂԻՆ
Հաց բերող Արթուր Սարգսյանի մարմինն արդեն հանձնել են հողին։ ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի եղբայրը` Արսեն Սարգսյանը հայտնեց, որ ինքը վաճառել է իր մեքենան եւ հուղարկավորության բոլոր ծախսերը հոգացել:
Նշենք, որ նրա աճյունը գտնվում էր բետոնային դամբարանում:
Հիշեցնենք, որ Հաց բերողի մայրը` Դոնարա Պետրոսյանը, հայտարարություն էր տարածել եւ թաղման հանձնախմբի անդամներ Թամար Հովհաննիսյանին եւ Ալեք Ենիգոմշյանին մեղադրել նրանում, որ դեռ նրա կենդանության օրոք փորձում էին իրեն զրկել մայրական իրավունքից. «Այս հանձնախմբի անդամները թաղման ժամանակ ինձ թողել էին ճանապարհին քարի նստած: Այս հանձնախմբի անդամները տարբեր պատճառաբանություններով այդպես էլ չեկան Հաց բերողի ինքնահողի արարողությանը, մինչեւ քառասունքը ոչ մի շաբաթ օր չեկան ինձ հետ գերեզման, չեկան մեր տուն՝ ինձ ցավակցելու, առանց ինձ քառասունքի արարողություն արեցին,-ընդգծել էր մայրը` հավելելով,-խնդրում եմ բոլորիդ՝ օգնեք ինձ հողին հանձնել որդուս: Նյութը ինչպես Արթուրիս համար, ինձ համար էլ նշանակություն չունի, իսկ ոտնամանում գումար պահելը եւ երբեք փողին գերի չդառնալը ես եմ սովորեցրել իմ որդիներին: Գերեզմանի կառուցապատումն էլ մեր ընտանիքը կհոգա իր համեստ հնարավորություններով, իսկ եթե կգտնվեն բարի մարդիկ, ովքեր կօգնեն մեզ, շատ բարի»:

 

 

ԼԱՎԱՏԵՍ Է
Կոռուպցիայի կանխարգելման նպատակով ստեղծվելիք հանձնաժողովի մասին նախագիծը հիմք է դնում ունենալու մի մարմին, որ կունենա շատ ավելի լայն լիազորություններ, քան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ունի: Այս մասին Tert.am-ին ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը՝ հավելելով, որ ստեղծվելիք հանձնաժողովը եւս լինելու է կոլեգիալ մարմին, այն ձեւավորվելու է խորհրդարանի կողմից: «Անդամները առաջնորդվելու են պետաիրավական հանձնաժողովի կողմից, մենք առաջարկում ենք 5 անդամներից երեքին առաջադրելու իրավունքը վերապահել ԱԺ ներկայացված ընդդիմադիր խմբակցություններին: Կարծում ենք, որ պետք է որոշակի հստակեցումներ մտցնել՝ ընդդիմության ձայնը որոշիչ դարձնելու համար»,- շեշտել է Տիգրանյանը:

 

 

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանը հրթիռային եւ հրետանային միավորումների զորավարժություններ է անցկացնում, որոնց ժամանակ օգտագործվում են ժամանակակից կառավարման ավտոմատացված համակարգեր, անօդաչու թռչող սարքեր:




Լրահոս