ՊՈԱԿ-Ի ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ 26 ՄԱՐԴ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԴԱՐՁԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը գտնվում է լուծարման գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կազմակերպության լուծարման արդյունքում 26 աշխատակից գործազուրկ է դարձել:

Ինչպես հայտնի է` անցած տարվա դեկտեմբերի 16-ին «Գնումների մասին» նոր օրենք է ընդունվել, ըստ որի` գնումների աջակցման ինստիտուտ նախատեսված չէ: Հետեւաբար ՊՈԱԿ-ի գործունեության անհրաժեշտությունը նույնպես չկա:
Արդյունքում ՀՀ կառավարությունը ապրիլի 13-ին որոշում է կայացրել լուծարել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ըստ ֆինանսների նախարարության` ՊՈԱԿ-ը մի շարք գործառույթներ է իրականացրել, որոնք տեղափոխվել են նախարարության լիազորության ներքո։ Խոսքը թեժ գծի, էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի պահպանման, հայտերի փորձաքննության իրականացման մասին է: ՊՈԱԿ-ի շենքը, որը սեփականության իրավունքով է իրեն պատկանում, ինչպես նաեւ ամրացված շարժական եւ Կոմիտասի 54բ հասցեում գտվող անշարժ գույքն ամրացվելու է ֆինանսների նախարարությանը: «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարմամբ ՖՆ-ն ակնկալում է, որ 120 մլն դրամի չափով խնայողություն կունենա: Իսկ 47 հոգանոց աշխատակազմից 27 հոգուն թողնելով՝ նախատեսում է ունենալ 70 մլն դրամի լրացուցիչ խնայողություն:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանի հետ եւ հետաքրքրվեց, թե որ փուլում է այժմ գտնվում ՊՈԱԿ-ի լուծարման գործընթացը: «Այս պահին լուծարման գործընթացում է գտնվում, այն դեռեւս չի ավարտվել, բայց աշխատակիցների հիմնական մասը արդեն իսկ ազատվել է ՊՈԱԿ-ից: Այսինքն՝ 26 հաստիք կրճատվել է: Ավելին՝ այն աշխատակիցները, որոնք որ այդ գործառույթներն էին անում, տեղափոխվել են ֆինանսների նախարարություն: Նրանց հիմնական մասը ընդունվել է՝ ելնելով իրենց գիտելիքներից»,- հայտնեց փոխնախարարը:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ այն, ինչը բողոքարկման խորհուրդի քարտուղարությունն էր իրականացնում ՊՈԱԿ-ում, այժմ անում են Սերժ Սարգսյանի կողմից նշանակված երկու անդամները, որոնք ունեն իրենց օգնականն ու խորհրդականը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընթացիկ տարվա համար «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին պետական բյուջեից 155 մլն 862 հազար 100 դրամ սուբսիդիա է տամադրվել: Այն օգտագործվել է ՊՈԱԿ-ի 2017 թվականի ծախսերի գոյացման հիմնավորումներին համապատասխան: «Ժողովուրդ»-ը փոխնախարար Կ. Թամազյանից հետաքրքրվեց նաեւ պետական բյուջեից ՊՈԱԿ-ին հատկացվող գումարների ճակատագրից: Պարզվեց, որ գումարի ճակատագիրը կորոշվի կենտրոնի լուծարային հանձնաժողովի կողմից: «Երբ ամբողջությամբ ՊՈԱԿ-ը լուծարվի, այդ ժամանակ կհասկանանք՝ ինչքան կմնա, եւ դրա ճակատագիրը կորոշվի: Լուծարումից հետո մնացած դրամական միջոցները կա՛մ ուղղվելու են պետական բյուջե, կա՛մ էլ ֆինանսների նախարարություն: Չէ՞ որ ՊՈԱԿ-ի այն գործառույթները, որոնք տեղափոխվել են ՖՆ, միջոց է անհրաժեշտ դա իրականացնելու համար»,- լրացրեց Կ. Թամազյանը:
Ի դեպ, հնարավոր պարտատերերը պահանջներ կարող են ներկայացնել լուծարման հանձնաժողովին: Սակայն ֆինանսների փոխնախարարը դժվարանում է նշել` ՊՈԱԿ-ը պարտք ունի՞, թե՞ ոչ:
«Որքանով ես տեղյակ եմ՝ պարտքեր չի կուտակել, ուղղակի կան գործընթացներ, որոնց արդյունքւոմ ՊՈԱԿ-ը պետք է գանձեր որոշակի գումար: Այսինքն՝ եթե բողոքարկել են, վճար են կատարել, խոստացել են ապահովման միջոցներ տալ, բայց չեն տվել, ապա դա ենթադրում է, որ ՊՈԱԿ-ը ինչ-որ գումարներ պետք է գանձեր: Իսկ լուծարային հանձնաժողովը պետք է հստակեցնի` արդյո՞ք ամբողջությամբ գանձվել է, թե՞ ոչ: Եթե չի գանձվել, ապա պետք է քայլեր ձեռնարկի, որ դրանք գանձի»,- հայտարարեց փոխնախարարը:
Իհարկե, լավ է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ պետական միջոցները խնայելու համար, բայց մյուս կողմից՝ նմանօրինակ օպտիմալացումների արդյունքում գործազուրկների թիվն է ավելանում: Չէ՞ որ մարդիկ աշխատել են, ընտանիք պահել, իսկ այժմ հայտնվել անելանելի դրության մեջ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս