ՍՐՏԱՏՐՈՓ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր խորհրդարանում այս օրերին ամենաքննարկվող թեման սպասվող կադրային փոփոխություններն են: ԱԺ նոր ղեկավարությունը հայտարարել է օպտիմալացման մասին, եւ հիմա բոլորը շունչները պահած՝ սպասում են համապատասխան որոշումներին:

Խորհրդարանում օպտիմալացումը նախատեսված է անցկացնել փուլերով: Հունիսի 1-ին կհայտարարվի օպտիմալացման առաջին փուլի ավարտի մասին: Առաջին փուլով կօպտիմալացվի ԱԺ նախագահի աշխատակազմը, միաժամանակ այդպես հիմքեր են ստեղծվելու նաեւ ԱԺ աշխատակազմում օպտիմալացումներ անելու համար:
Հիշում եք՝ օրերս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել էր, թե ինքը մեծ աշխատակազմ է ժառանգություն ստացել եւ հավելել. «Ամենամեծ բեռն այսօր իմն է, երբ ես իմ աշխատակազմում 22 խորհրդականներին ու օգնականներին կրճատել եմ՝ թողնելով 6 հոգու»: Թե ԱԺ նախագահի օգնական-խորհրդականներից կոնկրետ ովքեր են օպտիմալացվելու, պաշտոնապես չի հայտարարվում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը նշեց. «Կոնկրետ անուններ հրապարակելը նպատակահարմար չեմ համարում, հաստիքների անունները կլինեն»: Իսկ հաստիքների անունները, Բաբայանի փոխանցմամբ, հրապարակելու են հունիսի 1-ին:
Նկատենք, որ ԱԺ նախագահի աշխատակազմն այս տարիներին գնալով միայն ավելացել է, երբ ԱԺ յուրաքանչյուր հաջորդ նախագահ չի կրճատել նախորդի կադրերին, փոխարենը իր յուրայիններին է տեղավորել աշխատանքի: Միաժամանակ ԱԺ նախագահի աշխատակազմում պաշտոն են ստացել նաեւ պատգամավորների զավակները՝ այդպես ապահովելով բարձր աշխատավարձով ու աշխատանքային ստաժով: Մամուլում արդեն գրվել է, որ ԱԺ նախագահի օգնականների թվում են Վարդան Այվազյանի, Հայկ Բաբուխանյանի դուստրերը, նաեւ Արկադի Ղուկասյանի եղբոր՝ Արեգ Ղուկասյանի որդին: ԱԺ նախագահի օգնական-խորհրդականների թվում են նաեւ Վահագն Գրիգորյանը կամ Վրույր Փենեսյանը, որոնք եւս ամիսներով պարզապես չեն մտել խորհրդարան: Փոխարենը օգնական-խորհրդականների հոծ բանակը ամսական ամենաքիչը 400-500 հազար դրամ աշխատավարձ է ստացել՝ միաժամանակ օգտվելով պաշտոնի ընձեռած այլ արտոնություններից: Հիմա օպտիմալացմամբ հնարավոր է լուրջ գումարներ տնտեսել, եթե իհարկե, իրոք օպտիմալացում լինի:
Բանն այն է, որ ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԱԺ նախագահի օգնական-խորհրդականների հարցը լուծելու այլ տարբերակներ են քննարկվում. մասնավորապես, օպտիմալացվածների մի մասին հնարավոր է՝ աշխատանքի տեղավորեն ԱԺ աշխատակազմում, իսկ ովքեր գումարի խնդիր չունեն, կշարունակեն պաշտոնավարումը, բայց արդեն հասարակական հիմունքներով (որպեսզի, այնուամենայնիվ, շարունակեն օգտվել պաշտոնեական դիրքի ընձեռած արտոնություններից):
Մեր տեղեկություններով՝ արդեն երկրորդ փուլում նախատեսված է օպտիմալացնել ԱԺ աշխատակազմը, որը եւս վերջին տարիներին միայն ուռճացվել է: Ընդ որում, ԱԺ աշխատակազմը սկսեց ուռճացվել Գալուստ Սահակյանի եւ Հրայր Թովմասյանի «թեթեւ ձեռքով» (չնայած, օրերս Թովմասյանն ասել էր, թե իր պաշտոնավարման ընթացքում 56 հաստիք է կրճատվել): Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս ընթացքում ԱԺ ներսում թեեւ կառուցվածքային փոփոխություններ չեղան, սակայն ավելացվեցին ԱԺ վարչությունների աշխատակիցների քանակը: Օրինակ՝ Հրայր Թովմասյանն իր կադրերին սկսեց տեղավորել ԱԺ իրավաբանական եւ արտաքին կապերի վարչություններում: Բացի այդ՝ ԱԺ-ում կարճ ժամանակում ստեղծվեցին աշխատակազմի ղեկավարի եւ տեղակալների օգնականների, ռեֆերենտների պաշտոններ, արդյունքում՝ Հրայր Թովմասյանն իր հերթին, տեղակալներն իրենց հերթին աշխատանքի էին ընդունում մտերիմներին՝ կրկին ապահովելով բարձր աշխատավարձով:
Իսկ այն, որ, ԱԺ-ն իրոք լուրջ օպտիմալացման կարիք ունի, երկու կարծիք լինել չի կարող: Բայց դա չպետք է վերածվի վհուկների որսի եւ անցանկալիներին աշխատանքից հեռացնելու միջոցառման: Իրապես պետք է աշխատասենյակներում «շարիկ գլորողներին» հեռացնել՝ ԱԺ աշխատակազմը ազատելով նաեւ խորհրդարանի միջանցքը պոդյումի հետ շփոթած կերպարներից:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԱԿԱՆԱՏԵՍ ՎԿԱՆԵՐԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ
Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով ականատես վկաներ են ի հայտ եկել: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ իրավապահաները տեղեկություններ են ձեռք բերել, որ միջադեպին ականատեսներ են եղել, որոնց այս օրերին հրավիրել են հարցաքննության: Սակայն, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, ականատեսները եւս խոսքները մեկ են արել եւ իրավապահներին հայտնել են, թե որեւէ միջադեպ չի եղել, եւ իրենք որեւէ միջադեպի ականատես չեն եղել: Ինչպես հայտնի է՝ մայիսի սկզբներին պատգամավորի որդին դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն: Իրավապահները շուրջ մեկ շաբաթից ավել էր, ինչ փնտրում էին ծեծի ենթարկվածին, որին ավելի ուշ հայտնաբերեցին: Ինչեւէ, վերջինիս հայտնաբերելուց հետո իրավապահներին ասել է, թե որեւէ միջադեպ տեղի չի ունեցել, ավելին՝ նորընտիր պատգամավորի որդին եւս ասել է, թե միջադեպ չի եղել: Ըստ էության վերջին հույսը մնացել է նշանակված փորձաքննությունը, որը կա՛մ կհաստատի, կա՛մ կհերքի՝ արդյո՞ք «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդին ծեծի ենթարկվել է, թե ոչ: Նշենք, որ տեղի ունեցած միջադեպի մասով հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով:

 

 

ԲՀԿ-Ի ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցության հիմնադրամը, որը հիմնադրվել է 2006 թվականին, գտնվում է լուծարման գործընթացում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հիմնադրամը մարտի 9-ին կամավոր դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել լուծարել: Ի դեպ, տեղեկացնենք, որ հիմնադրամի գլխավոր տնօրենը «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանն է: Տեղեկանալու համար, թե ինչու է հիմնադրամը լուծարվել, «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ: Սակայն վերջինս հայտնեց, որ հիմնադրամը ստեղծման օրվանից սկսած չի գործել, ծրագրեր չի իրականացրել, ֆինանսական հոսքեր չի ունեցել, ինչի արդյունքում էլ լուծարվել է: Հավելենք, որ բավականին տպավորիչ աշխատանքներ իրականացնում է «Ծառուկյան» հիմնադրամը:

 

 

ՆԱԽՈՐԴՆԵՐԻՆ ՉԵՂԱՐԿԵԼՈՎ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է չեղարկել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստեղծած խորհուրդները: Նման ճակատագրի է արժանացել դեռ նախորդ տարվա հունվարի 13-ին ստեղծված «Արտահանման աջակցման խորհուրդ»-ը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Կարեն Կարապետյանն այդ խորհուրդն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կայացրել է այս տարվա մարտին, բայց առանց պատճառաբանելու քայլը:

 

 
ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով՝ Սիմոն Պապյանն իր դիմումի համաձայն ազատվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Էրիկ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ Գրիգորյանը այս տարվա փետրվարից Հայաստանի վարչապետի օգնականն էր: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Առաքելյանն ազատվել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից` նույնպես իր դիմումի համաձայն։

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Կիպրոսի Հանրապետություն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցի երկրորդ օրը` մայիսի 30-ին, կայացել է ՀՀ ՊՆ հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ Ողջունելով հայաստանյան պատվիրակության այցը Կիպրոս՝ Նիկոս Անաստասիադիսը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական համագործակցությունը խորացնելու գործում։

 

 

ԿԱՅՑԵԼԵՆ 10 ՕՐԻՑ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ տասը օրից կայցելեն Երեւան եւ Ստեփանակերտ. Երեւանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, թե չի կարող ասել՝ ադրբեջանական կողմը պատրաստ կլինի այդ հանդիպմանը, թե ոչ: Խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կամ արտաքին գործերի նախարարների հնարավոր հանդիպման մասին՝ Նալբանդյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկման ընթացքում կարող է արծարծվել այդ հարցը:

 

 

ԺՊԻՏՈՎ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
Երեւանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր կյանքը դժոխքի վերածելու Զարուհի Փոստանջյանի խոստմանը ժպիտով է արձագանքում. «Շատ հետաքրքիր նիստեր են անցնելու: Ներկա կլինեք, կտեսնեք»,- «Ազատությանն» ասել է Մարգարյանը: Քաղքապետի կարծիքով՝ որոշ ժամանակ անց պարզ կդառնա Փոստանջյանի ավագանի գալու նպատակը. «Եթե երեւանցիները ձայն են տվել, եւ ինքը ցանկություն ունի մասնակցելու եւ ցանկություն ունի մեր Երեւան քաղաքը կառուցելու… ով ուզում է Երեւան քաղաքի համար, մեր երեւանցիների համար մի լավ բան անել, մենք պատրաստ ենք օգնել»:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է «Ռամկավար ազատական կուսակցության» (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարեւորել է ՌԱԿ գործունեությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման եւ Սփյուռքում հայապահպանության գործում: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է ներդրումների խթանման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նախաձեռնած բարեփոխումներում համայն հայության ներուժի ներգրավմամբ: Սերխիո Նահապետյանը ՌԱԿ անունից պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ՀՀ կառավարության ծրագրերի ու բարեփոխումների կյանքի կոչմանը:




Լրահոս