ՀԱՐԿԱՅԻՆԻ ՊԵՏԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի՝ Հրանտ Կարապետյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Պարզվում է, որ նախկին մարզպետի փեսային հասկացրել են, որ ճաղերի հետեւում չհայտնվելու համար պետք է վերադարձնի տարիներ շարունակ պետբյուջե չվճարված հարկերը:

Դեռեւս 2016թ. մարտին «Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր Մաշտոցի հարկային ծառայության նախկին ղեկավար Հրանտ Կարապետյանին, որը 10 տարի աշխատելով համակարգում, բացի հարկահավաք լինելուց՝ հընթացս միլիարդատեր էր դարձել: Գրել էինք, որ Հ. Կարապետյանին են պատկանում մի շարք բիզնեսներ, «Վալան պրոֆ» ընկերությունը, որն արտադրում է մետաղապլաստե դռներ, պատուհաններ, վիտրաժներ: «Այգ» անունով խմելու ջրի արտադրությունն էլ, ըստ էության, Կարապետյանինն է: «Նաշ սադ» խնամքի պարագաների ապրանքանիշը, Ջրվեժում գտնվող «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ, Եղվարդում գտնվող գազալցակայաններից մեկը դե ֆակտո պատկանում են Հ. Կարապետյանին: Նոր Գեղի համայնքում հեկտարներով խնձորի այգիներ եւ սառնարաններ ունի, որտեղ պահվող մրգերը արտահանվում են երկրից դուրս: Համակարգում խոսակցություններ են պտտվում, որ չի բացառվում՝ նա նաեւ «կիսովի» բիզնեսներ ունի մի շարք գործարարների հետ:
Թեեւ մեր այս հրապարակումը հիմք պետք է լիներ իրավապահների համար, որպեսզի նախկին մարզպետի փեսային պատասխանատվության կանչեն, սակայն խոշոր ձկներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն բավարարվեցին աշխատանքից ազատելով, իսկ նրա ենթակաները կալանավորվեցին:
Իսկ ինչպե՞ս ծավալվեցին իրադարձությունները: 2016 թվականին Հրանտ Կարապետյանը ազատվեց Մաշտոցի հարկային ծառայության ղեկավարի պաշտոնից՝ տեղափոխվելով Գավառի հարկային տեսչություն: Սակայն Հրանտ Կարապետյանը Գավառի հարկային տեսչությունում էլ երկար չմնաց. նրան հասկացրին, որ ազատման դիմում գրի եւ անվնաս հեռանա:
Նրա հեռանալուց հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը աղմկահարույց բացահայտումներ իրականացրեց Մաշտոցի հարկային տեսչությունում: Ձերբակալվեց Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանը:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ավագ տեսուչը իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորել էր, ասել է, թե սքողել էր նրանց կողմից թույլ տված խախտումները, դրա դիմաց նրանցից որպես կաշառք պահանջել եւ պարբերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ: Դժվար չէ կռահել, որ Բրուտյանը միայնակ չէր կարող այս գործը գլուխ բերել, եւ նրա այս գործողությունների մասին ամենայն հավանականությամբ տեղյակ է եղել նաեւ Հրանտ Կարապետյանը: Բայց իրավապահները բավարարվեցին միայն Բրուտյանի ձերբակալմամբ, իսկ Հրանտ Կարապետյանը պատժվեց՝ զրկվելով ՊԵԿ-ում հետայսու աշխատելու հնարավորությունից:
Իսկ ինչո՞ւ են ներել նրան: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՊԵԿ ղեկավարի փոփոխությունից հետո Հրանտ Կարապետյանից պահանջել են 2 ցուցակ. նախ՝ ներկայացնել բոլոր այն բիզնեսները, որոնք ունի Կարապետյանը, երկրորդ՝ բոլոր այն բիզնեսմենների ցուցակները, որոնց հովանավորել, օգնել է: Եւ ահա երկու ցուցակների ուսումնասիրությամբ ընդհանուր հաշվով, ըստ նույն լուրերի, Հրանտ Կարապետյանը երկու փուլով պետբյուջե է վճարել շուրջ 1.3 միլիոն դոլար գումար, որպեսզի չբանտարկվի: Մեզ հասած այս լուրերի իսկությունը փորձեցինք պարզել հենց Հրանտ Կարապետյանից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հրանտ Կարապետյանը, սակայն, կտրուկ հերքեց. «Նման բան չկա: Չգիտեմ, թե Ձեզ ով է նման բան ասել, անլուրջ բան է»: Գուցե, բայց ինչպես հայտնի արտահայտությունն է հուշում՝ «Ծուխն առանց կրակ չի լինում»:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ազգային անվտանգության ծառայությունը օրերս ավարտել է Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանի գործողությունների մասով հարուցված քրեական գործով նախաքննությունը եւ այն ուղարկել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Գործը կքննի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանը: Ի դեպ, Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿՐԿՆԱՀԱՆՑԱԳՈՐԾԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեւանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ սկսվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի դատավարությունը: Այս անգամ 31-ամյա Սպարտակ Դանիելյանը մեղադրվում է 48 դրվագով խարդախությունների մեջ:
Ըստ քրեական գործի նյութերի` նա 2015թ. հունիսի 1-ից 2016թ. մարտի 21-ն ընկած ժամանակահատվածում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում քաղաքացիներից հեռախոսով խարդախությամբ տարբեր իրեր է հափշտակել. զանգահարելով list.am կայքում վաճառքի հայտարարություն տեղադրած անձանց` ձեւացել է որեւէ ընկերության ղեկավար, ցանկություն հայտնել ձեռք բերել ապրանքը՝ խոստանալով գումարը փոխանցել բանկային հաշվին: Այնուհետեւ այս գործով մյուս ամբաստանյալի՝ 25-ամյա Ռազմիկ Արզունյանի ու չբացահայտված այլ անձանց միջոցով հափշտակել է ապրանքները, հետո դրանք վաճառել, գումարներն էլ վատնել:
Բայց Ս. Դանիելյանի հանցանքները միայն այսքանով չեն սահմանափակվում. 2016թ. ապրիլի 5-ին նա Երեւանի Կենտրոնի դատարանից փախուստի էր դիմել եւ մոտ 25 օր ազատության մեջ գտնվելու ընթացքում անարգել շարունակել խարդախությունները՝ եւս 13 քաղաքացուց հափշտակելով հեռախոսներ, համակարգիչներ, պլանշետներ եւ այլ ապրանքներ: Ասել է, թե մինչ իրավապահ համակարգը որոնում էր հետախուզման մեջ գտնվող Սպարտակին, վերջինս Երեւանի փողոցներում նորանոր խարդախություններ էր անում:
Հիշեցնենք, որ Սպարտակ Դանիելյանը դեռ 2012թ. դեկտեմբերին ձերբակալվել էր խարդախությունների համար եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Սակայն կալանավայրում գտնվելու ընթացքում շարունակել էր իր հանցագործությունները: Նախորդ տարի Ս. Դանիելյանը 25 դրվագներով խարդախություն կատարելու համար Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 18 տարվա ազատազրկման:
Այս ամենի մեջ ուշագրավ է փաստը, որ կալանավայրում գտնվելու ընթացքում Ս.Դանիելյանը կարողացել է հեռախոսով հարյուրավոր քաղաքացիներից խարդախությամբ տարբեր իրեր հափշտակել: Չնայած նրա դեմ հարուցված քրեական գործերի առատությանը՝ ՔԿՀ ղեկավարությունն այդպես էլ որեւէ քայլ չի արել Ս. Դանիելյանի հանցանքները կանխելու ուղղությամբ: Ընդհակառակը, հիմնավոր տեսակետ կա, որ հենց «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցներն են Ս. Դանիելյանին հեռախոս մատակարարողները, բնականաբար, որոշակի գումարի դիմաց: Այնպես որ, քանի դեռ ՔԿՀ աշխատակիցներն այս գործերով չեն պատժվել, քանի դեռ Ս. Դանիելյանը չի գտնվում լիակատար մեկուսացման մեջ, խարդախության դեպքերը էլի ու էլի կշարունակվեն:
Ինչ վերաբերում է երեկվա դատավարությանը, նկատենք, որ նիստը շատ կարճ տեւեց. Արզունյանի փաստաբան Լուսինե Զեյնալյանի բացակայության պատճառով հետաձգվեց մինչեւ հունիսի 19-ը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԳՈՐԾՈՎ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու փաստաբան Իննեսսա Պետրոսյանին սպառնալու դեպքի հանգամանքները: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը «Facebook» սոցիալական ցանցի «Narine Arzumanyan» անհատական էջից սպառնալիքներ պարունակող հաղորդագրություն էր ուղարկել փաստաբան Իննեսսա Պետրոսյանին՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող՝ սպանության գործով տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնելու հետ կապված։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 347-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

 

 

ԳԵՐԻՇԽՈՂ ՉԿԱ
Ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)՝ բազմաբնակարան շենքերի շինարարության ոլորտը լիովին մրցակցային է, գերիշխող տնտեսվարողներ չկան։ ՏՄՊՊՀ-ն հայտնում է, որ ուսումնասիրություն է իրականացրել՝ հիմք ընդունելով 2011-2016 թվականների տվյալները, եւ դիտարկել է Երեւանում բազմաբնակարան շենքերի շինարարություն իրականացնող ընկերությունների ցուցանիշները։ ՏՄՊՊՀ-ն նաեւ նշում է, որ փոքր է եղել հիփոթեքային վարկերի միջոցով իրացված բնակարանների քանակը՝ նշված ժամանակահատվածում հիփոթեքային եղանակով իրացվել են նոր կառուցված բնակարանների ընդամենը 10 տոկոսը:

 

 

ԹՈՇԱԿԸ ՊԱՀԵՑԻՆ
Երեկ ԱԺՆ-ն ընդունել է դատաիրավական համակարգում 20-ամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցների մասին նախագիծը՝ թույլատրելով նրանց շարունակել աշխատել համակարգում եւ միաժամանակ ստանալ բարձր թոշակ: «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու եւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ընդունվել է 55 կողմ եւ 25 դեմ ձայների հարաբերակցությամբ:

 

 

11 ՄԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ
Մոսկվայում հզոր մրրիկի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, 11 մարդ է մահացել, 137 հոգի տուժել է: Զոհերի ընտանիքներին 1-ական միլիոն ռուբլի կվճարվի, նշել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսնակը: Փոխհատուցում կստանան նաեւ վիրավորները: Նշենք, որ 30 հազար մարդ Ռուսաստանի երեք մարզերում դեռ մնում է առանց էլեկտրականության:

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է
2017թ. մայիսի 30-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակարաններից մեկում ոստիկանության կողմից հայտնաբերվել եւ բերման է ենթարկել 1989 թ. ծնված, նախկինում դատապարտված Զ. Ղ.-ն, որը մայիսի 24-ին Վաղարշապատում վնասազերծված խմբի գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ 2017թ. մայիսի 27-ից հայտարարվել էր հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 35-38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերի հատկանիշներով՝ առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստմանն օժանդակելու համար: Նա կալանավորվել է:

 

 

ՀՈՒՆԻՍԻ 8-ԻՆ
«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսի 8-ին: Գործը մակագրվել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:




Լրահոս