ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

«Ուտելով չմտել» գրությունը փակցված է հագուստի խանութի դռան վրա: Հավանաբար այս խանութի հաճախորդները հաճախ են ուտելով խանութ մտել, ինչն էլ նման գրության պատճառ է դարձել:

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ երեխային մանկապարտեզ ընդունելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Նարինե Հայրապետյան (29 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացնում են՝ մանկապարտեզ ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.
. Դիմում ծնողի կողմից
. Տեղեկանք ծնողի աշխատանքի վայրից/աշխատելու դեպքում/
. Երկու լուսանկար
. Երեխայի ծննդյան վկայականի պատճենը
. Ծնողի անձնագի պատճենը:

Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015թ. ՀՀ-ում գործել է 717 համայնքային, գերատեսչական եւ ոչ պետական նախադպրոցական հաստատություն, որոնցից 524-ը` մանկապարտեզ, 161-ը` մսուր-մանկապարտեզ, 32-ը` դպրոց-մանկապարտեզ: Նախադպրոցական հաստատությունների ընդհանուր քանակից 649-ը համայնքային ենթակայության է, 14-ը` գերատեսչական եւ 54-ը` ոչ պետական: Նշենք, որ նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ խմբում երեխաների միջին թվաքանակը կազմել է 27 երեխա, տեղերի փաստացի զբաղվածությունը` 89.2%: Միջին հաշվով մեկ նախադպրոցական հաստատություն հաճախել է 101 երեխա, իսկ մեկ մանկավարժին բաժին է ընկել 12 երեխա:

 

 
ՀԱՐՑ. Ուզում եմ վաճառել մեքենաս, սակայն մոտ օրերս նախատեսում եմ մեկնել Հայաստանից: Ունե՞մ հնարավորություն որեւէ հարազատի լիազորագիր տրամադրել սույն գործընթացն ավելի ուշ կազմակերպելու համար: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ որտե՞ղ դիմեմ, ի՞նչ ժամկետի համար կտրվի լիազորագիր, եւ որքա՞ն վճարում է ենթադրում այդ գործընթացը:

Դավիթ Դավթյան (48 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի՝ երրորդ անձանց առջեւ ներկայացվելու համար: Իսկ նույն օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում: Հետեւաբար, Դուք կարող եք Ձեր հարազատին լիազորագիր տալ վերը նշված հոդվածներով սահմանված կարգով: Լիազորագիրը սահմանված կարգով եւ պայմաններով կազմելու համար կարող եք դիմել ցանկացած նոտարական գրասենյակ:
Ինչ վերաբերում է նոտարի կողմից լիազորագրի վավերացման համար նախատեսված վճարի չափին, ապա հայտնում ենք, որ այն բաղկացած է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքից եւ ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի թիվ 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 733-Ն որոշմամբ սահմանված,՝ նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների համար նախատեսված սակագների չափից։

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ լիազորագրի դադարման հիմքերի սպառիչ ցանկը սահմանված է քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածով։ Այդ հիմքերից են, օրինակ, լիազորագրի ժամկետի լրանալը, լիազորողի կողմից այն վերանայելը, լիազորվածի հրաժարվելը լիազորագրից եւ այլն։ Լիազորագիրը դադարելու պահից ուժը կորցնում է նաեւ վերալիազորումը։




Լրահոս