ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՐԵ՞Ս Է ԹԵՔԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումները կազմել են 19 մլրդ 743.2 մլն դրամ (կամ մոտ 40 մլն դոլար): Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ, ուղղակի ներդրումներն ավելացել են 4.7 մլրդ դրամով: Բայց այս աճը գրանցվել է հիմնականում օֆշորային երկրներից արված ներդրումների հաշվին: Տեսակետ կա, որ գործող իշխանության ամենատարբեր ներկայացուցիչների՝ նախորդ տարիներին Հայաստանից հանված գումարներն են պտտվել օֆշորներում եւ որպես ներդրում վերադարձել են: Համենայնդեպս, ըստ ԱՎԾ-ի, միայն Ջերսիից 5.7 մլրդ դրամի ներդրում է իրականացվել, Կիպրոսից՝ 3 մլրդ դրամի եւ այլն:
Իսկ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերները նվազեցրել են իրենց ներդրումները: Օրինակ՝ ՌԴ-ն Հայաստանում այս տարի իրականացրել է ընդամենը 4.7 մլրդ դրամի ներդրում, ինչը 13 մլրդ դրամով պակաս է 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշից, իսկ ահա ԵՄ անդամ երկրներից մի քանիսն էլ պարզապես Հայաստանից հանել է իր կապիտալը: Հատկանշական է փաստը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը համարվում է պրոռուսական մարդ, պատրաստվում էր այնտեղից գումարներ բերել Հայաստան, ինչը, սակայն, նրան դեռ չի հաջողվել. համենայն դեպս, այդ մասին են վկայում ՌԴ-ից իրականացվող ներդրումների ծավալների նման կտրուկ անկումը:
Եւս մեկ ցուցանիշ, որը լուրջ մտահոգության տեղիք է տալիս. շարունակաբար աճում է Հայաստանից կապիտալի արտահոսքը: Եթե հունվարին Հայաստանից գումարների արտահոսքը կազմել է 42.6 մլն դոլար, ապա արդեն ապրիլին այս ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է՝ դառնալով 86.2 մլն: Հիմնականում գումարները հոսել են դեպի ՌԴ: ԿԲ հրապարակումից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սկսել են նվազել Հայաստան արտերկրից կատարվող փոխանցումների տեմպերը. մարտին տրանսֆերները կազմել էին 127.4 մլն դոլար, իսկ արդեն ապրիլին փոխանցվել էր 109.2 մլն դոլար: Եթե նկատի ունենանք փաստը, որ Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն էլ այդ փոխանցումներն են, կարելի է ենթադրել, թե դրանց նվազման արդյունքում ինչ խնդիրներ են սպասվում առաջիկայում:

 

 
Երեւանում դժգոհության նոր ալիք է հասունանում. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում է կայացնելու: Նկատենք, որ Երեւանի կենտրոնում գտնվող այս տարածքների օտարումը մեկնարկել է դեռեւս 2007 թվականին: Եւ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ պաշտոնական փաստաթղթերից, նախատեսվում է կառուցել կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ եւ հյուրանոցներ: Սակայն այս որոշման վերաբերյալ քննարկումներն ամեն անգամ ուղեկցվել են մարդկանց դժգոհություններով, իսկ նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանն ուՀովիկ Աբրահամյանը խոստանում էին լուծել բնակիչների հարցերը: Հիմա, փաստորեն, լուրջ փորձություն է սպասվում նաեւ Կարեն Կարապետյանին: Մինչ այդ նկատենք, որ գործադիրը գերակա հանրային շահ ճանաչվելիք տարածքները տրամադրելու է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին:

 

 
Մայիսի 7-ին տեղեկություն եղավ այն մասին, որ վաղ առավոտյան մի խումբ շներ ներխուժել են Երեւանի կենդանաբանական այգու եվրոպական եղնիկների ազատավանդակ ու հարձակվել կենդանիների վրա։ Կատարվածի հետեւանքով երկու եղնիկ անկել էին, մի քանիսն էլ ստացել էին տարբեր չափի վնասվածքներ։ Նկատենք, որ ըստ շրջանառվող խոսակցությունների՝ կենդանաբանական այգում անկումի մասին լուրերը միշտ չէ, որ ճիշտ են. իրականում, ինչպես ավանդաբար, կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, եւ այդ փաստերը թաքցնելու համար պարբերաբար հայտարարվում է, թե կենդանիները անկել են. սա հատկապես ձմռան ամիսներին: Արդյո՞ք շների հարձակումը հերթական այսպիսի դեպքն էր: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, որը սկզբում խոստացավ օրվա ընթացքում գրավոր պատասխանել մեր հարցերին, սակայն այդպես էլ որեւէ պարզաբանում չտվեց:

 

 
Մայիսի 25-ին կաշառքի գործով կալանավորվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը` Կարենը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ նույն գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբայրը` Հայկ Կարապետյանը: Ըստ լուրերի՝ Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը ցանկացել է կալանքի տակ գտնվող իր որդուն դատարանի միջոցով ազատ արձակել եւ պատրաստ է եղել մինչեւ 10 հազար դոլար տալ: Եւ հիմա կասկածներ կան, որ գումարը վերցրել է Հայկ Կարապետյանը, այն փոխանցել վարորդին: Իսկ ինչքանո՞վ են հիմնավոր այս կասկածները: Դարձյալ լուրերի համաձայն՝ գաղտնալսումներ են եղել, կասկածներ են առաջացել կաշառատվության մասով, ու մարդիկ կալանավորվել են: Ինչքանով է լուրջ այս ամենը, դժվար է ասել, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում իրականացվում է շոուի մակարդակով՝ «եվրոգրանտների» ստացման խիստ նկատելի ակնկալիքով: Պարզապես հանգամանքների բերումով մի շարք պաշտոնյաներ կամ նրանց մտերիմները դառնում են քավության նոխազ: Չի բացառվում, որ այս գործն էլ հերթական բեմադրվելիք շոուն է:

 

 
ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԱԾՆԵՐՈՎ
Սերժ Սարգսանի հրամանագրերով երեկ վերանշանակվեցին եւս չորս նախարարներ եւ այդպիսով՝ ՀՀ նոր կառավարության կազմը համալրվեց բացառապես նախորդ կառավարության ներկայացուցիչներով: Միակ նորությունը Դավիթ Հարությունյանի պորտֆելի փոփոխությունն էր, այն էլ վերապահումով կարելի է նորություն համարել՝ հաշվի առնելով, որ Հարությունյանը մինչ այս էլ զբաղեցրել էր արդարադատության նախարարի պաշտոնը:
Այսպիսով՝ ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ Կարեն Կարապետյանի «պրոֆեսիոնալների» թիմի վերանշանակումից: Անցած հոկտեմբերին հանրությանը ներկայացած «անկուսակցական մենեջերների» այդ խումբը շատ արագ հանրապետականացվեց, եւ այժմ արդեն հանրությանը ներկայանում է որպես քաղաքական թիմի մաս, որը պատասխանատու է ոչ միայն երկրի տնտեսական հիմնախնդիրների, այլեւ անցկացված խորհրդարանական ընտրությունների եւ մնացած քաղաքական գործընթացների համար: Սա շատ կարեւոր ամրագրում է, որը զգալի նշանակություն է ունենալու առաջիկա ամիսներին, երբ առավել կսրվի 2018-ից հետո վարչապետի պաշտոնի համար պայքարը:
Եվ կախված այն բանից, թե ով այդ պայքարում ինչպիսի դիրքեր կունենա՝ «պրոֆեսիոնալների խմբի» քաղաքական պատասխանատվության հարցը, ըստ այդմ էլ կխաղարկվի:
Իսկ մինչ այդ նկատենք, որ Կարեն Կարապետյանի պրոֆեսիոնալների «դրիմ թիմն» անցած ութ ամիսների ընթացքում աչքի է ընկել միայն հանձնարարականների սիրահար վարչապետի ցուցումներով տարատեսակ ծրագրերի եւ ռազմավարությունների մշակմամբ: Դրանցից որեւէ մեկի հստակ իրագործումը, սակայն, առայժմ տեսանելի չի եղել: Մինչդեռ ութ ամիսը բավականաչափ ժամանակահատված է, որն աչքի առջեւ ունենալով՝ կարելի է արդեն կանխատեսել, որ վերանշանակված կառավարությունը նույնկերպ էլ կաշխատի առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ առավելագույնս երկարաձգելով «պրոֆեսիոնալ աշխատանքի» իմիտացիան:
Առհասարակ, այս կառավարությունը լավ աշխատելու մոտիվացիա չունի. ինչ կարիք կա մեծ ճիգեր գործադրել երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ, եւ հեշտացնել իրենց պաշտոնանկ անողի՝ ապագա վարչապետի գործունեությունը: Իսկ եթե, այնուամենայնիվ, որոշվի, որ վարչապետի պաշտոնում մնալու է Կարեն Կարապետյանը, առավել եւս՝ որեւէ մեկին որեւէ բան ապացուցելու կարիք չի լինի, եւ այս կառավարությունը կկարողանա հանգիստ շարունակել իր գործունեությունը:
Իսկ այդ ընթացքում երկրի տնտեսական վիճակն է՛լ ավելի կվատթարանա՝ հասնելով արդեն համընդհանուր ճգնաժամի: Քանզի Կարեն Կարապետյանի խոստովանած՝ չափազանց վատ վիճակում գտնվող տնտեսությամբ երկրում ամիսներով անգործության մատնվող կառավարություն պահելը կործանարար շքեղություն է:




Լրահոս