ԻՆՉՊԵ՞Ս ԸՆԴՈՒՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նախորդ գումարման խորհրդարաններում, այնպես էլ հիմա մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը գրեթե միշտ անտեսում է ընդդիմության առաջարկությունները եւ վարվում այնպես, ինչպես հարմար է գտնում:

Ի՞նչ մեխանիզմներ է մշակել ընդդիմությունը, որպեսզի իշխանությունն ընդունի իր առաջարկությունները եւ լուծի բարձրացված հարցերը:
«Ժողովուրդ»-ի զրուցակիցը ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն է:
-Պարո՛ն Զեյնալյան, 6-րդ գումարման ԱԺ նիստերը եւս ցույց են տալիս, որ «ավանդույթի» համաձայն՝ իշխող կուսակցությունը օգտվում է առիթից, որ մեծամասնություն է կազմում խորհրդարանում եւ անտեսում է ընդդիմության առաջարկները:
-Այսօր իշխանությունն ընդունեց «Ելք» դաշինքի առաջարկությունը եւ պետական տուրքի դրույքաչափերը նվազեցրեց իր կողմից բերված առաջարկում: Սա մեր կողմից արված առաջարկության ընդունում էր: Բացի այդ՝ այն բոլոր առաջարկությունները, որոնք մենք արել ենք այս օրինագծի վերաբերյալ, այս նստաշրջանի օրակարգի վերաբերյալ, դրանց մի մասը գաղափարական առումով հայտարարվել է, որ ընդունելի է: Այն հիմնահարցերը, որոնք մենք բարձրացրել ենք պետական կառավարման համակարգի դասակարգման՝ նախարարություն, տեսչություն, գործակալություն, մասնավորապես կառավարության կազմի վերաբերյալ եւ դրանցից ածանցվող հարցերի շուրջ, քաղաքական մեծամասնության մի քանի ներկայացուցիչ իրենց ելույթներում հայտարարել են, որ իրենց համար ընդունելի են, եւ հենց այդպիսի կառուցվածք էլ գուցեեւ ունենա 2018 թ. կառավարությունը: Նաեւ հանձնաժողովի այսօրվա (հեղ.-երեկ) նիստում այդպես հայտարարվել է: Այսինքն՝ սկզբունքորեն իրենց համար ընդունելի է այդ գաղափարը: Ուղղակի հանձնաժողովի նախագահը մտքերի փոխանակման ժամանակ հայտարարեց, որ իրավական անվտանգության սկզբունքի պահպանման տեսակետից է, որ այս պահի դրությամբ դա չի ընդունվում:
-Ի՞նչ մեխանիզմներ եք մշակել՝ իշխանությանը ստիպելու համար, որ հաշվի նստի ընդդիմության կարծիքի հետ եւ ընդունի ձեր առաջարկությունները:
-Նախ առաջին գրավականը մեր կողմից խնդիրները գրագետ ներկայացնելն է եւ պատշաճ հիմնավորելը, սա ամենառաջինը: Մյուս մեխանիզմը հանձնաժողովներում նիստերի ժամանակ դրանք պաշտպանելն է, բանակցելը, երկխոսելը, կոմպրոմիսների գնալը, որը տրված է քաղաքական փոքրամասնությանը: Մեխանիզմներ են նաեւ ՍԴ դիմելը, ՄԻԵԴ դիմելը, վեճի վերաբերյալ ստրատեգիական պրոցեսներ իրականացնելը, լոբինգը: Մի խոսքով, բոլոր այդ գործիքները մեր կողմից օգտագործվելու են, օրինակ՝ քննիչ հանձնաժողով ստեղծելը, հարցապնդումներ անելը, մեր կողմից օրակարգ առաջարկելը:
-Կարծում եք՝ այդքանը բավարա՞ր է: Համենայն դեպս, նախորդ գումարման ազգային ժողովներում ընդդիմության առաջարկությունները գրեթե չէին ընդունվում, եւ իշխանությունն անում էր այնպես, ինչպես հարմար էր գտնում:
-Համաձայն եմ Ձեզ հետ: Նախկին գումարման ազգային ժողովում նման կեցվածք եղել է: Սակայն մեր ելույթներում մենք մշտապես մեծամասնությանը ցույց ենք տալիս, որ իրենք հիմա գնում են սխալների ուղղման ճանապարհով: Այն սխալները, որոնք թույլ են տվել նախկին գումարման ազգային ժողովում, հիմա նրանք փորձում են շտկել: Մենք ցույց ենք տալիս, որ կոնկրետ դեպքերում այդ հարցը կարող էր լուծվել այլ կերպ: Եւ այս գումարման ազգային ժողովում բազմաթիվ դեպքեր են եղել, որ մեծամասնության անունից հանդես եկողները ոչ թե զոռբայություն են արել, այլ բացատրել են, թե ինչու դա հնարավոր չէ: Այս վերջին դեպքում դա պայմանավորված էր իրավական անվտանգության սկզբունքի երաշխավորման եւ ապահովման անհրաժեշտությամբ, ինչը իրավական պետության կարեւորագույն սկզբունքներից է: Գուցե մենք պետք է իրատես լինենք եւ ասենք, որ բացարձակ արդյունքին կամ մեր ակնկալած արդյունքին չենք կարողանա հասնել, բայց տարբերվելու է իրավիճակը:
-«Ծառուկյան» դաշինքին ընդդիմություն համարո՞ւմ եք:
-Ես ասեմ ավելին՝ ընդդիմություն է նաեւ ՀՅԴ-ն: Ընտրական օրենսգրքի իմաստով, կանոնակարգ օրենքի իմաստով, բացի ՀՀԿ-ից մյուս երեք խմբակցությունները ընդդիմադիր են: Մենք, բնականաբար, մեր առաքելությունն իրականացնելու համար անհրաժեշտություն ենք ունենալու լրացուցիչ ստորագրությունների: Այդ ստորագրությունները ձեռք բերելու համար մենք պետք է բանակցենք եւ համագործակցենք այդ ստորագրությունն ունեցողների հետ, բոլոր այն անձանց հետ, ովքեր կարող են ստորագրություններ դնել մեր նախաձեռնությունների տակ, որպեսզի մենք կարողանանք հավաքել բավարար թվով ստորագրություններ մեր լիազորությունները կատարելու համար: Հետեւաբար մենք արդեն իսկ համագործակցում ենք, դեպքեր եղել են համագործակցության՝ «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ: Կառավարության կազմի վերաբերյալ նախագծի քվեարկությունը դա ցույց տվեց: Հանձնաժողովում իրենց ներկայացուցիչը քվեարկեց այնպես, ինչպես մենք էինք ներկայացրել, նաեւ ԱԺ նիստում նրանք քվեարկեցին ձեռնպահ: Նաեւ դեպքեր են եղել, որ մենք ենք քվեարկել այնպես, ինչպես ներկայացրել է «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը: Սա համագործակցություն է, որն ուղղված է մեր լիազորությունների իրականացմանը:

 

 

 
ԽԱՂՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻ ՀԵՏ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում է կայացնելու:

Երեւանի կենտրոնում գտնվող այս տարածքների օտարումը մեկնարկել է դեռեւս 2007 թվականին: Նախատեսվում է կառուցել կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես-կենտրոններ եւ հյուրանոցներ:
Մարդկանց կամքին հակառակ գործադիրը որոշում է կայացնում հեռացնել նրանց իրենց տներից՝ «խոստանալով» տրամադրել այլ բնակարաններ: Սակայն այդ խոստումներն ընդամենն աչքին թոզ փչելու համար են, որոնք այդպես էլ իրականություն չեն դառնում:
Այդ տարածքների կառուցապատող հանդիսացող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել եւ այլեւս հնարավորություն չի ունեցել բավարարելու քաղաքացիների պահանջը, հետեւաբար վերջիններս հայտնվել են կոտրված տաշտակի առաջ:
Դեռեւս այս հարցերը չլուծած՝ գործադիրը հիմա էլ այդ տարածնքերը «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին է «տրամադրում»:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ: Իսկ նման գրառում առկա է լինում իրավասու մարմինների կողմից սահմանափակում կիրառված լինելու, սնանկության վարույթների գործով օրենքի ուժով սահմանափակում կիրառելու, ՀՀ ԴԱՀԿ ծառայության համապատասխան աշխատակիցների կողմից իրենց իրավասություններից բխող որոշումների դեպքերում: Ասել է, թե չի բացառվում, որ մի օր էլ այս ընկերությունը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ճակատագրին արժանանա:
Նկատենք, որ թե՛ Տիգրան Սարգսյանի եւ թե՛ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունները մշտապես խոստանում էին լուծումներ տալ բնակիչների բարձրացրած հարցերին, բայց բավարարվում էին ընդամենը խոսելով: Կարծես օրինաչափություն լինի. ամեն նոր վարչապետի ղեկավարած կառավարություն նման մի նախագիծ է հավանության արժանացնում հենց այս տարածքների վերաբերյալ:
Շքեղ բնակարաններում եւ առանձնատներում բազմած, պատկառելի ունեցվածք դիզած մեր բարձրաստիճան պաշտոնյաներն առանց խղճի որեւէ խայթի նման որոշումներ են ընդունում՝ տասնյակ ընտանիքների նետելով փողոց: Զարմանալի է, բայց Սերժ Սարգսյանի ապահով Հայաստանում հնարավոր է՝ մի օր թակեն դուռդ եւ ասեն, որ պետք է լքես այն տունը, որը կառուցել ես, որտեղ ապրել ու մեծացել ես:
Ինչեւէ: Մարդկանց ճակատագրերի հետ խաղալու հերթը հիմա էլ Կարեն Կարապետյանինն է: Վերջինս «դրայվով» խոսում է երկիրը ծաղկեցնելու մասին՝ նմանօրինակ որոշումներով, սակայն, խթանելով արտագաղթի աճին:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 
ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այս փաստը հատկանշական է մեկ այլ առումով. մինչեւ վերջերս այդ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի համար պայքարում էին ՀՀԿ կին պատգամավորներից երկուսը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին փոխնախարար, ներկայումս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը եւ նույն խմբակցության պատգամավոր, նախկին խորհրդարանում Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը: Ընդ որում, նրանց միջեւ պայքարը բավական թեժ է եղել, եւ յուրաքանչյուրը փորձել է իրեն հասանելի միջոցներով Ս. Սարգսյանի մոտ լոբբինգ անել: Բայց, ըստ ամենայնի, կանանց միջեւ ներքին պայքարը զայրացրել է Սերժ Սարգսյանին, եւ նա որոշել է այսպես վերջ դնել այդ ամենին՝ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը վստահել բոլորովին ուրիշ մարդու՝ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի ներկայացուցչին: Հիշեցնենք, որ Ա. Վարդանյանը 2003-2008թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը:

 

 

ՀԱՄԱԿՈՒՐՍԵՑԻ ՏԵՂԱԿԱԼԸ
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը արդեն մի քանի օր է՝ նոր տնօրեն ունի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մայիսի 5-ին այս պաշտոնին նշանակվել է Վահե Գուլանյանը, ով երկար տարիներ եղել է ՊՈԱԿ-ի գիտական գծով տեղակալը: Իսկ մինչ այդ՝ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը Սերժ Սարգսյանի համակուրսեցի, 69-ամյա Աշոտ Գնդոյանն էր: Հիշեցնենք, որ նա դեռեւս 2013 թվականին ազատվելով ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից՝ նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար: Հարցին` ներկայումս ինչ առնչություն ունի Գնդոյանը ՊՈԱԿ-ի հետ, նորանշանակ տնօրեն Վահե Գուլանյանը պատասխանեց. «Այժմ նա ազատ տեղակալ է: Նա պետական բյուջեից աշխատավարձ է ստանում եւ գալիս է աշխատանքի: Նրա փորձը մեզ համար շատ կարեւոր է»: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում նեղացնել համակուրսեցուն եւ թոշակի չուղարկելու համար տեղակալի հաստիք է ապահովել:

 

 

ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ՈՒ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Իգլայի» գործով հերթական հարցաքննությունն է տեղի ունեցել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԱԱԾ-ն կրկին հարցաքննել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանին: Ըստ մեզ հասած լուրերի՝ քննիչները կրկին գաղտնալսման մասով հարցեր են տվել, թե Սանասար Գաբրիելյանը ինչ է խոսել եւ ում հետ է խոսել: Վերջինս էլ ասել է, թե խոսակցության թեման կապ չի ունեցել ո՛չ զենքի եւ ո՛չ էլ «Իգլա» տեսակի հրթիռի հետ:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Սանասար Գաբրիելյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու համար վերջինիս պաշտպանը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն դատարանը անփոփոխ է թողել վերջինիս կալանքի հարցը:




Լրահոս