ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ «ПРОСЛУШКА»-Ի ՏԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենի դատական համակարգի ներկայացուցիչները եւ հատկապես դատավորները իրավապահների կողմից գաղտնալսման են ենթարկվում: «Ժողովուրդ» օրաթերթին Գեղարքունիքի մարզի դատարանի նախագահի վարորդի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին կաշառքի գործով կալանավորվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի՝ Աղվան Պետրոսյանի վարորդ Կարենը: Սակայն այս պատմությունը չի ավարտվել միայն վարորդի կալանավորմամբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդից բացի՝ կալնավորվել է նաեւ Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբայրը` Հայկ Կարապետյանը:
Այն, որ դատական համակարգը տեւական ժամանակ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, գաղտնիք չէ: Բանն այն է, որ մայիսի 11-ին ԱԱԾ-ն կաշառք վերցնելու համար կալանավորեց Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանին: Տպավորությունն այնպիսին էր, որ կատարվածը դաս պետք է լիներ մյուսների համար, սակայն զգաստացողները քիչ են:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, ցանկացել է կալանքի տակ գտնվող իր որդուն դատարանի միջոցով ազատ արձակել: Նա պատրաստ է եղել կլորիկ գումար տալ դատավորներին, որպեսզի նրանք այնպիսի վճիռ հրապարակեն, որ կալանավորված որդին ազատության մեջ հայտնվի: Ու այս առիթով մոտ 10 ամիս առաջ Վարդենիս քաղաքի բնակիչները Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբորը՝ Հայկ Կարապետյանին են տվել մոտ 10 հազար դոլար, որպեսզի նա գործը գլուխ բերի՝ օգնելով ազատել կալանքի տակ գտնվող տղային:
Ըստ էության Հայկ Կարապետյանը տեւական ժամանակ կալանավորվածին չի կարողացել ազատել, գործընթացը դանդաղել է: Իսկ երբ կալանավորված տղայի հարազատները զանգահարել եւ հարցրել են, թե երբ են որդուն ազատ արձակելու, Կարապետյանը բացատրել է, որ իրենից ոչինչ կախված չէ, ինքն ընդամենը միջնորդ է: Եւ այսպես «գործի մեջ է խառնվել» կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորված վարորդ Կարենը: Ըստ ամենայնի, նա է գլուխ գովել, թե կլուծի հարցը: Թե ինչ է եղել իրականում, դժվար է ասել, քանի որ կալանավորվածների տեսակետը հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք իր եղբայրը կոնկրետ առնչություն ունի կաշառք տալու պատմության հետ: «Մենք փորձել ենք խնդիրը հասկանալ, թե ինչի համար են իրեն տարել, բայց որեւէ բան չգիտենք: Անկեղծ ասած, մենք էլ հանկարծակիի եկանք,- պարզաբանեց Արամ Կարապետյանը՝ հավելելով,- մեզ որեւէ տեղեկություն չեն տրամադրում: Անգամ չգիտենք էլ, թե ովքեր են տարել: Միայն գիտենք, որ ՀՔԾ-ն է այս գործով զբաղվում: Վարդենիսում որոշ ժամանակ առաջ պայթյուն էր տեղի ունեցել, ում մեքենան որ պայթացրել էին, եղբայրս իր հետ շփվում է, մտածեցինք, թե այդ գործով են եղբորս տարել, հարցուփորձ են անում, շուտով կգա: Բայց հետո իմացանք, որ այդ գործով չէ, այլ այս գործով է: Ուրիշ բան չգիտենք, իրեն մեկուսացրել են»:
Այսպիսով՝ անգամ կալանավորվածների հարազատներն են անտեղյակ դեպքի մասին: Միայն հայտնի է, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդ Կարենը եւ Հայկ Կարապետյանը կալանավորված են:
Այս պատմության մեջ, թերեւս, ամենակարեւոր հանգամանքն այն է, որ կալանավորվածների հարազատները բողոք չեն ներկայացրել, ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս է մոտ 10 ամիս առաջ տեղի ունեցած պատմությունը հայտնի դարձել իրավապահներին:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահներն այս աղմկահարույց դեպքը բացահայտել են գաղտնալսում իրականացնելով: Նրանք լսել են, թե ինչպես են Վարդենիս քաղաքի բնակիչները զանգահարում Հայկ Կարապետյանին եւ հետաքրքրվում՝ երբ է ազատվելու իրենց որդին: Զրույցի մանրամասները կասկածելի հարցեր են առաջացրել, եւ «прослушка»-ի տակ գտնվողները թիրախավորվել են:
Հավելենք, որ այս աղմկահարույց գործը գտնվում Է հատուկ քննչական ծառայության վարույթում: Եւ այս օրերին Վարդենիս քաղաքի մի շարք բնակիչներ հերթով հրավիրվում են ՀՔԾ՝ հարցաքննության: Քննիչները խնդիր են դրել իրենց առջեւ ցուցմունքներ ստանալ այն մասին, որ դատավորի վարորդը չէր կարող ինքնագլուխ գործել, որ եղել է նաեւ Աղվան Պետրոսյանի մասնակցությունը: Մինչդեռ իրականում դատավորը կարող է ամենեւին էլ տեղյակ չլինել շրջապատող անձանց գործողությունների մասին: Չի բացառվում, որ այս ողջ պատմությունը եվրոպական դրամաշնորհների համար հյուսված դեպք է՝ «կոռուպցիայի դեմ պայքարի» շոուի շրջանակներում, որի արդյունքում լինում են քավության նոխազ պաշտոնյաներ ու գործիչներ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐՆ ԱՆՀԱՅՏ ԵՆ
Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանության փորձի նախապատրաստության գործով կալանավորվեց 4-րդ անձը: Ու մինչ իրավապահները շարունակում են այս գործով քննությունը, գուցե փնտրում սպանության նախապատրաստության պատվիրատուներին, գործով կալանավորված անձանց բնակության վայրում իրավապահները խիստ հսկողություն են սահմանել: Ավելին՝ ուժեղացված հսկողություն է Վանաձոր-Երեւան ավտոճանապարհին, քանի որ գործով կալանավորված անձանցից մի քանիսը Վանաձոր քաղաքի բնակիչներ են:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 30-ին Տավուշի մարզում հայտնաբերվել էր Դոն Պիպոյի սպանության նախապատրաստության գործով հետխուզման մեջ գտնվող անձը: Ադյունքում, ազգությամբ հայ, 1989թ. ծնված տղամարդուն ՀԿԳ ավագ քննիչը մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից պատվերով սպանության նախապատրաստմանն օժանդակելու համար եւ միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Նշենք նաեւ, որ օժանդակության մեջ մեղադրվողը 2007 թվականից գտնվել է հետախուզման մեջ՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով:
Իսկ մինչ այդ գործով 3 հոգու մեղադրանք է առաջադրվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ կալանավորված անձանց խոշոր գումար է տրամադրվել, որպեսզի սպանեին երկու քրեական հեղինակություններին: Տեղեկություններ կան, որ գործը գլուխ բերելու համար Էջմիածնում վարձով բնակվող եռյակ խմբի անդամները միմյանց հետ հաղորդակցվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտերով: Սա նշանակում է, որ սպանության նախապատրաստման գործընթացին գուցե մասնակցություն ունեն արտերկրում ապրող անձինք: Ու մինչ իրավապահները քննություն են տանում՝ պարզելու, թե ով կամ ովքեր են սպանության նախապատրաստման պատվիրատուն, Հայաստանում քրեական աշխարհը փոթորկվել է: Քրեական օղակներն էլ իրենց աղբյուրներով ու կապերով են փորձում հասկանալ, թե ում էր ձեռնտու Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի սպանությունը:
Եւ հնարավոր վենդետան կանխելու համար հայրենի իրավապահ համակարգը դեռ շարունակում է խիստ հսկողություն իրականացնել գործով կալանավորված անձանց բնակության վայրերում: Իսկ թե ինչով կավարտվի այս ամենը, ցույց կտան զարգացումները:

Ք. Մ.

 

 

 
ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ
Նախօրեին արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Ալիկ Սմբատի Ավանեսյանը: ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի խոսքով` զինծառայողը ստացել է աջ ազդրի ստորին երրորդական միջանցիկ վիրավորում եւ գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են ծանր:

 

 

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ
Վանաձորի երթուղային տրանսպորտի վարորդները երեկ բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով քաղաքապետարանից արագացնել ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները, ինչպես նաեւ ժամանակին լցնել իրենց իսկ կողմից կտրած փոսերը: Մի քանի տասնյակ վարորդներ հավաքվել են Հայքի հրապարակում ու հրաժարվել ուղեւորափոխադրումներ իրականացնել: Կարճ ժամանակ անց վարորդներն անցել են իրենց առօրյային՝ սպառնալով, որ եթե սեղմ ժամկետներում քայլեր չձեռնարկեն ճանապարհները բարեկարգելու ուղղությամբ, ապա իրենք կփակեն մարզկենտրոնի մի շարք ճանապարհներ, ինչպես նաեւ կհրաժարվեն վճարել գույքահարկի գումարները: Երթուղայինների վարորդներին են միացել նաեւ անհատ տաքսու վարորդներն ու քաղաքացիները:

 

 

ԿԱՍԿԱԾԵԼՈՎ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ
Երեւանի Հյուսիսային պողոտայից երեկ ոստիկանները բերման են ենթարկել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին: Ոստիկանական բաժանմունքից «Ազատության» հետ հեռախոսազրույցում Կիվիրյանն ասել է, որ մի խումբ ոստիկաններ փողոցում մոտեցել են իրեն՝ պահանջելով խուզարկել գրպանների պարունակությունը: Կիվիրյանը հրաժարվել է, ինչից հետո իր պնդմամբ՝ ապօրինաբար տեղափոխել են բաժին: Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով. «Կիվիրյանին բերման ենթարկելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության ծառայողների կասկածն առ այն, որ նա իր մոտ կրում է սառը զենք. արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Կիվիրյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում կրումն արգելված առարկա չի հայտնաբերվել (սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը)», – նշված է հաղորդագրությունում:

 

 

ՄԵՐԺԵՑԻՆ
Վարչական դատարանը երեկ մերժել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դիմումը Երեւանի ավագանու ընտրությունները անվավեր ճանաչելու եւ նոր ընտրություններ անցկացնելու մասին:

 

 

ՍԱՍՏԻԿ ՇՈԳԵՐ ԿԼԻՆԵՆ
Այս տարի հունիսին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, իսկ հուլիսին ու օգոստոսին` նորմայից բավական բարձր: Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Առանձին օրերին Արարատյան դաշտում, Տավուշի հովտային շրջաններում եւ Երեւանում կդիտվի +40 աստիճան, Մեղրիում, Կապանում եւ Ագարակում՝ մինչև +41+42 աստիճան տաքություն»:




Լրահոս