ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ԱՅԳՈՒ ՏՆՕՐԵՆ ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ի վաղ առավոտյան Երեւանի կենդանաբանական այգու անվտանգության ծառայության աշխատակիցները հաղորդել էին, որ մի խումբ շներ ներխուժել են այգու եվրոպական եղնիկների ազատավանդակ ու հարձակվել կենդանիների վրա։ Պատահարի հետեւանքով երկու եղնիկ անկել էին, մի քանիսը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դեպքից անցել է ավելի քան երեք շաբաթ, սակայն այգու ղեկավարությունը դեռ չի բարեհաճել հանրությանը ներկայացնել, թե ով է այդ միջադեպի պատասխանատուն:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ եղավ Երեւանի կենդանաբանական այգում եւ փորձեց հուզող հարցերին պատասխաններ գտնել: Սակայն պարզվեց, որ այգու ղեկավարությունը, մասնավորապես այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը զբաղված էր հունիսի 1-ին կայանալիք միջոցառումների կազմակերպչական աշխատանքներով, ինչի պատճառով հրաժարվեց մեկնաբանություն տալ տեղի ունեցած դեպքի շուրջ:
Տեղեկացնենք, որ կենդանաբանական այգու անվտանգությունը իրականացնում է «Լեգիոն» ընկերությունը: Փորձեցինք անվտանգության ծառայության աշխատակիցներից հետաքրքրվել` երբ շները ներխուժել են եվրոպական եղնիկների ազատավանդակ, այդ ժամանակ իրենք տարածքում են եղել, թե ոչ: Բայց այգու անվտանգությունն ապահովող աշխատակիցները խուսափեցին խոսել մայիսի 7-ի վաղ առավոտյան տեղի ունեցած դեպքից: Ապա խնդրեցին ժամանակ տալ, որպեսզի կարողանան խոսելու թույլտվություն ստանալ իրենց ընկերության տնօրենից:
«Մեր հերթափոխը չի եղել: Շները միշտ էլ հայտնվում են այգում: Այգու տարածքը ամբողջությամբ ցանկապատված չէ: Քարով, փայտով խփում ենք այնքան, որ գոնե կարողանանք գիշերով այգու տարածքից հանենք դուրս: Ես թափառական շանը չեմ սպանում, եթե չլարեմ, կհարձակվի իմ վրա: Կներես, լրագրողը գա, գրի, որ աշխատակիցը իր կյանքը տվեց մի եղնիկ փրկելու համար, իսկ երեխան էլ որբ մնաց: Մի կերպ կարողանում ենք վախեցնենք, տարածքից դուրս հանենք»,- վրդովված նկատեց այգու երկրորդ հենակետի անվտանգության ծառայության աշխատակիցը:
Նրան օգնության հասավ հերթափոխի պետը, ով ներկայացավ որպես Էդգար: Վերջինս տեսնելով տեսախցիկը՝ պահանջեց չնկարահանել իրեն: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը կենդանիների անվտանգությունն ապահովող աշխատակիցներից հետաքրքրվեց, թե ինչպես կամ որտեղից են շները մուտք գործել այգու տարածք, ներխուժել եվրոպական եղնիկների ազատավանդակ:
«Ես իմ ղեկավարության կողմից թույլտվություն չեմ ստացել, որ Ձեր հարցերին պատասխանեմ: Ես եւ իմ աշխատողը այդտեղ չենք եղել, որ ներկայացնենք, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Ես եմ հարցը ուղղում Ձեզ՝ ինչո՞ւ են հայտնվել այգու տարածքում: Չեմ կարող պատասխանել, միայն կարող եմ ասել, որ այգին ունի բաց տարածքներ: Ընդհանուր տարածքով շրջել եք, ուշադիր նայել եք»,- պաշտպանվեց անվտանգության աշխատակիցը` եզրափակելով զրույցը: Լավ է, որ այգու ղեկավարությունը հունիսի 1-ի առիթով միջոցառումներ է կազմակերպում, բայց դրան զուգահեռ՝ նախ պետք է հաշվետու լինել հանրությանը:
Այդ իսկ պատճառով «Ժողովուրդ»-ը նաեւ գրավոր դիմեց կենդանաբական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին եւ հետաքրքրվեց, թե նման երեւույթներից խուսափելու համար կենդանաբանական այգու ղեկավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Մենք նաեւ խնդրեցինք տեղեկացնել, թե ձմռան ամիսներին քանի՞ կենդանի է անկել եւ ի՞նչ պատճառներով:
Տեղեկություններ են շրջանառվում, որ այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք է իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու աշխատակիցներն ու ղեկավարությունը հայտարարում են, թե կենդանիները անկել են: Հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այս տեղեկությունները, թե՞ ոչ, այգու տնօրեն Ռ. Խաչատրյանը խոստացավ պատասխանել, սակայն մինչեւ օրվա վերջ այդպես էլ չստացանք նրա պարզաբանումը, միայն այգու մամուլի հարցերով պատասխանատու Մանե Մադոյանը փոխանցեց, որ հարցերին կպատասխանեն օրենքով հատկացված ժամանակահատվածում: «Ժողովուրդ»-ը հետեւողական կլինի եւ առաջիկայում ընթերցողին կներկայացնի կենդանաբանական այգու տնօրեն Ռ. Խաչատրյանի պարզաբանումը՝ կապված կենդանիների ապօրինի վաճառքի եւ եղնիկների անկման հետ: Հետաքրքիր է, թե այս անգամ նա ինչպես է ջրից չոր դուրս գալու:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՓՆԹԻՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ
«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 24-ի N 89-ի «Անտեղյակությո՞ւն» վերնագրով տպագրված հոդվածում գրել էր. «Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառված են սահմանափակումներ, այսինքն՝ լիցենզիա ստանալ պատրաստվող ընկերությունը լուծարման փուլում է գտնվում»: Պարզվում է, սակայն, ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տրամադրած տեղեկությունը փնթիության հետեւանքով մի շարք անճշտություններ է պարունակում: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցման, թե ինչ սահմանափակումներ են կիրառված «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ-ի նկատմամբ, որը հանգեցնում է լուծարման, ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից պարզաբանեցին, որ «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ-ի անվանման կողքին «Ուշադրություն կիրառված են սահմանափակում(ներ)» գրառումը ինքնաշխատ կերպով չի վերացել, որովհետեւ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական տեղեկատվական (www.e-register.am) էլեկտրոնային համակարգում նշված սահմանափակումների վերացման վերաբերյալ գրառումը կատարել է ոչ ճիշտ տեղում (վերացման վերաբերյալ գրառումը կատարվել է որպես նոր սահմանափակումների գրառում), որը 2017թ. մայիսի 29-ին ուղղվել է: Ստացվում է, որ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ: «ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարման փուլում չի գտնվում: Եւ սխալը շտկվել է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո:




Լրահոս