Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն ամռան գալստով, այլեւ երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Օրն ազդարարում է բոլորիս, մասնավորապես ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են եւ ամենօրյա ուշադրության եւ սիրո պահանջ ունեն: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է հայկական շոու-բիզնեսի մայրիկների հետ, որոնք հանդես են եկել երեխաների դաստիարակությանն առնչվող իրենց տեսակետներով, կարծիք են հայտնել, թե որ դեպքում երեխաները կարող են իրենց պաշտպանված զգալ:
Երգչուհի Հասմիկ Կարապետյան- Ինձ համար երեխային հոգեւոր առումով «լցնելը», նրան որպես անհատ ձեւավորելը միշտ էլ շատ ավելի կարեւոր է եղել, քան նյութական արժեքները: Իսկ նյութականը նպատակներդ ու երազանքներդ իրականացնելու միջոց է միայն: Այսօր շատ ծնողներ գումար աշխատելու մոլուցքին տրվելով` մոռանում են երեխաների հետ ժամանակ անցկացնելու կարեւորության մասին: Ես բալիկիս ծնվելուն պես պասիվացրի գործունեությունս երգարվեստում, որովհետեւ հետո էլ կարելի է աշխատել, բայց երեխայի կորցրած տարիները հետ չես բերի:
Դերասանուհի Նաիրա Մովսիսյան- Փորձում եմ երեխայիս համար կատարյալ մայր լինել, ինչպես իմ մայրը` ինձ համար, որպեսզի դուստրս հետագայում հիշի իր մանկությունն ու ներքուստ իրեն լավ զգա: Եթե ես կարողանամ մայրիկիս փոխանցածի գոնե տասը տոկոսը տալ իմ երեխային, նա հաստատ հետագայում ինձ շատ շնորհակալ կլինի: Ես պատրաստ եմ հանուն երեխայի զոհել ամեն բան` բացի առողջությունից, որովհետեւ այս վերջին հանգամանքի բացակայությունը բացասական կանդրադառնա հենց երեխայիս կենսակերպի վրա: Այն ծնողներից չեմ, որոնց համար ամենակարեւորը երեխային բամբակի մեջ պահելն է: Միշտ էլ ասում եմ` թող գնա, խաղա, նույնիսկ ցեխոտվի, կեղտոտվի. դա է մանկությունը:
Երգչուհի Լիանա-Երեխայի ձեւավորման հարցում կարեւոր դեր է խաղում երեք հանգամանք` գենը, դաստիարակությունն ու միջավայրը: Անգամ թաղամասի մթնոլորտը, որտեղ նա մեծանում է, կարող է ազդել երեխայի ինտելեկտի, խոսքի վրա: Ուրախ եմ, որ կարողանում եմ որդուս զերծ պահել ագրեսիվ մուլտֆիլմերից եւ ֆիլմերից, հետաքրքրություն սերմանել որակյալի, բարու նկատմամբ: Լավ է, որ այս դարի երեխաները շատ ճարպիկ են եւ ըմբռնող: Անձամբ ես մտադիր եմ առաջիկայում երեխայիս առօրյան այնքան հագեցած եւ հետաքրքիր դարձնել, որ նա նույնիսկ ժամանակ չունենա մտածելու վնասակարի, ոչ պիտանիի մասին:
Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյան-Երկու տղա եմ դաստիարակում, երկուսին էլ` նույն սկզբունքներով, բայց ավագ որդիս ավելի ադեկվատ է, հավասարակշռված, իսկ կրտսերը` չարաճճի: Այստեղից գալիս ես այն եզրակացության, որ երեխան բնավորությամբ է ծնվում, ուստի ծնողը պետք է հաշվի նստի նրա հետ, վերաբերվի որպես անհատականության: Տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում երեխաներին դժվար է զերծ պահել տեխնիկայից, բայց որոշ մայրեր չարաշահում են իրենց հնարավորությունները, եւ, օրինակ, երեխայի ձեռքը iPad են տալիս, միայն թե վերջինս մի բանով զբաղվի: Դա սխալ է: Որպեսի երեխան հետ չմնա ժամանակակից միտումներից, հարկավոր է, որ նա առնչվի նաեւ տեխնիկային, սակայն չափի մեջ, օրական կես ժամ:
Դերասանուհի Լիլի Էլբակյան-Իմ երեխաները մեծացել են թատերական մթնոլորտում, դուստրս շատ է սիրում այդ աշխարհը, բայց արի ու տես, որ որդիս` ոչ այնքան: Ամեն դեպքում, բոլոր ծնողներին խորհուրդ կտամ երեխաներին հաճախակի տանել թատրոն, որպեսզի նրանք առնչվեն գրական գործերի, ծանոթանան ռեժիսորի երեւակայությանը, զարգացնեն իրենց ներքին կուլտուրան: Հարկավոր է, որ մեր սերունդները դաստիարակվեն հենց թատրոնով. այդպես մեր ապագան էլ ավելի խոստումնալից կլինի:
Հավելենք, որ հունիսի 1¬ը նշում են գրեթե բոլոր հետխորհրդային երկրները: Վերջին տարիներին այս օրվան են միացել նաեւ եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՌԱՖՈՆ ԵՎ ԱՆԴՈՆ ԾԱՂՐՈՒՄ ԵՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻՆ
Վերջերս համացանցում հայտնվեց «Դեպուտատի շոու» անունը կրող տեսահոլովակ, որի շրջանակում Անդրանիկ Հարությունյանը եւ Ռաֆայել Երանոսյանը ռեփ են կարդում եւ հանդես գալով Սնուփ Դոգի ու Թուփաքի կերպարներով՝ ծաղրում են հայ օլիգարխիայի ներկայացուցիչներին եւ պատգամավորներին։ Տեսահոլովակի ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է։ Երգի երաժշտությունը գրել է Ռիչարդ Մադլենյանը, իսկ խոսքերը՝ Արմեն Վարդանյանը։
«Ժողովուրդ»-ի հարցին, թե որտեղից ծնվեց նման գաղափար, Ռաֆայել Երանոսյանը պատասխանեց, որ տեսահոլովակը նոր ներկայացման անոնսն է. ««Դեպուտատի շոու» ներկայացումը երկու ամսից կներկայացվի հանդիսատեսի դատին: Ռեժիսորը հենց Արշալույս Հարությունյանն է: Խաղալու ենք ես, Անդոն եւ էլի դերասաններ, որոնք կընտրվեն քասթինգի միջոցով: Ամեն դեպքում, հոլովակում եւ ներկայացման մեջ հատուկ ընդգծված քաղաքական ենթատեքստ չկա»,-ասաց դերասանը:
Մենք նկատեցինք, որ Ռաֆոն եւ Անդոն իրենց երգում հիշատակում են ժողովրդի մասին չմտածող պատգամավորների, «վարկ սարքող» բիզնեսմենների, բիզնեսով զբաղվող տերտերների մասին. «Այո՛, դա մեր իրականությունն է, ներկայացման մեջ էլ արտացոլվում է հենց այսօրվա իրականությունը»,-նշեց Ռաֆայելը:
Հարցին, թե պատգամավորները հասցրե՞լ են նեղանալ դերասաններից, մեր զրուցակիցը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Մեզնից ոչ ոք չի նեղանում, որովհետեւ մեզ շատ են սիրում, ամեն ինչ անկեղծ ենք անում: Մենք անկուսակցական ենք, թշնամիներ էլ չունենք»:
Ռաֆայելի խոսքով` իրենք չեն կարող անտարբեր լինել այսօր ժողովրդին հուզող երեւույթների նկատմամբ. լավի համար ուրախանում են, վատի համար` տխրում. «Բայց ես չեմ սիրում դրա մասին ստատուս գրել, նման թեմայի շուրջ կռիվ անել: Փոխարենը իմ խոսքը տեղ եմ հասցնում գործի միջոցով, կարծում եմ` հանդիսատեսը կգնահատի դա: Ներկայացմանն էլ ոչ թե բողոքելու ենք, այլ հումորով խոսելու ենք նշյալ թեմաների շուրջ»,-եզրափակեց դերասանը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՐԱՄՓԻՆ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտ դե Նիրոն, որը մշտապես աչքի է ընկնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության մասին իր կոշտ գնահատականներով, հերթական անգամ խոսել է նրա դեմ: The Guardian-ը տեղեկացնում է, որ Բրաունի համալսարանի բարձր արվեստների պատվավոր դոկտորի կոչում ստանալուց հետո դերասանը ելույթ է ունեցել ուսանողների առաջ եւ նշել է, որ Թրամփի կառավարման օրոք ԱՄՆ-ն դարձել է «ողբերգական, ապուշ կատակերգություն». «Աշխատեք, որ կարողանաք վերջ տալ այս խելագարությանը: Հենց այս պահից էլ սկսեք աշխատել, որպեսզի 2018թ. ավարտողներն ավելի լավ երկրում ապրեն»,-ասել է դե Նիրոն:
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԵՆ
Երգչուհի Քեթի Թոփուրիան բաժանվել է ամուսնուց՝ գործարար Լեւ Գեյխմանից: Առայժմ հայտնի չէ` որն է նրանց ամուսնալուծության պատճառը: Ըստ շրջանառվող լուրերի` Թոփուրիայի եւ ամուսնու միջեւ կոնֆլիկտի պատճառ է դարձել վերջինիս հաճախակի գործողումներն ԱՄՆ եւ երգչուհու սիրավեպը ռեփեր Գուֆի հետ: Բանն այն է, որ այս տարվա հունվարին Թոփուրիային եւ Գուֆին պապարացիները տեսել էին Թաիլանդում հանգստանալիս, չնայած որ աստղերը հերքել էին սիրավեպի մասին լուրերը:
Հավելենք, որ Թոփուրիան եւ Գեյխմանը 2 տարեկան դուստր ունեն՝ Օլիվիան:
ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԱՆԻԱ
Երգչուհի Ռիհաննան հերթական անգամ հայտնվել է Սալմիր Ֆերատովիչ անունով երկրպագուի ուշադրության կենտրոնում. երիտասարդը շարունակում է հետապնդել նրան: Ամերիկյան մամուլը գրում է, որ երկրպագուն Ռիհաննային անհանգստացնում է դեռ նախորդ տարվանից. նա մի քանի անգամ նույնիսկ ներթափանցել է երգչուհու տան տարածք՝ դանակով։ Այդ ժամանակ տղամարդուն ձերբակալել են, սակայն վերջինիս դա դաս չի եղել, եւ նա կրկնել է իր քայլը: Նախորդ շաբաթ երիտասարդը հայտնվել է երգչուհու տան մոտակայքում: Այդ ժամանակ Ռիհաննան տանը չի եղել։ Անվտանգության աշխատակիցները հայտնել են ոստիկանություն, Սալմիրին կրկին ձերբակալել են, սակայն դատարանը որոշել է չազատազրկել նրան, այլ միայն զգուշացում է տվել, ինչը, սակայն, կրկին չի օգնել։ Նա նորից հայտնվել է Ռիհաննայի տան մոտ, ոստիկանությունը հերթական անգամ ժամանել է տվյալ վայր, իսկ երկրպագուն ասել է, որ չի պատրաստվում կանգ առնել ու ցանկանում է արժանանալ Ռիհաննայի ուշադրությանը։
Նշվում է, որ երգչուհին արդեն նոր թիկնապահներ է վարձել, որպեսզի ապահովի իր անվտանգությունը։
Դատարանն էլ վճռել է, որ Սալմիրին պետք է ուղարկել ոչ թե բանտ, այլ հոգեբուժարան՝ աստղին հետապնդելու մանիայից ազատվելու համար։